Նույնիսկ երբ լռեն զենքերը, խոսելու են հերոսները

Նույնիսկ երբ լռեն զենքերը, խոսելու են հերոսները

176

Հիշողության քաղաքի հիմնադիրը արևելագետ Արսեն Պետրոսյանն է:

Արցախում տղերքի սխրանքները 28-ամյա նկարչին ստիպել են վրձին վերցնել ու շրջել փողոցներում:

«Հրազդանից դուրս չեմ նկարում: Շատ ժամանակ լինում է, որ ասում են` ինչ-որ գումարի դիմաց եկեք մեր քաղաքում նկարեք, բայց հարգելի հայրենակիցներ ջան, էդ ամեն ինչը ես անում եմ առանց գումարի ու բացառապես Հրազդանում»-նշեց Արսենը։

Փողոցային արվեստի ներկայացուցիչը Հրազդան քաղաքում շարք է սկսել: Նկարում է բազմաբնակարան շենքերի ու դպրոցների պատերին, նրա դիմանկարներում նորօրյա հերոսներն են:

Նկարչի խոսքով՝ չնայած նկարում է սև, սպիտակ, մոխրագույն տոների մեջ, բայց ուզում է, որ հայացքը զգան, ինքն էլ հարազատների հայացքից զգա, որ ամեն ինչ ճիշտ է արել:

Հրետանավոր Մարտիրոսյանի ավագ եղբայրը նկարչի կողքից չի հեռանում: Արմենն ինքն է դիմել փողոցային արվեստի վարպետին, խնդրել անմահացնել հերոսացած եղբորը: Ծնողների հետ քննարկել ու որոշել են՝  նկարի մի կողմում գրել՝ «Մեր հզոր Արտակը», մյուսում՝ «Կյանքս կյանքիդ համար»:

Արմեն Մարտիրոսյանը՝ Արտակ Մարտիրոսյանի եղբայրը նշեց.

«Արտակը խոսելուց շատ բան չէր ուզում ասել այս ընթացքում, ուղղակի ասում էր, որ ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ արվում է ոնց որ պետքն է, միշտ սիրել է ռազմական գործը, միշտ ուզել է զբաղվել դրանով, դրա համար էլ որոշեցինք, որ բոլորն էլ պետք է իմանան ու ճանաչեն իրեն»:

Այս պատերազմում զոհվել է քաղաքի 5-րդ դպրոցի 4 շրջանավարտ: Դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանի խոսքով՝ չորսն էլ հերոս են, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի: Հիմա Արտակը, հետո նաև Ազատը, Խաչատուրն ու Արմանը իրենց դիմանկարներով կվերադառնան դպրոց.

«Թող մեր երեխաները, մեր աշակերտները ճանաչեն մերօրյա հերոսներին, ճանաչեն և նրանց հերոսությունը, նրանց փառքը հայրենասիրություն սերմանի մեր երեխաների մեջ»:

Արսենի հեղինակած եռագույն դիմանկարներն ամենուր են: Քաղաքի 12-րդ դպրոցի պատին էլ Թաթուլն ու Խաչիկն են: Երկուսն էլ ընկել են հերոսի մահով՝ մեկը մասնագիտական, մյուսը՝ ռազմական առաջադրանքը կատարելիս.

Խոսելով իր ստեղծած մշակույթի մասին՝ նկարիչը հավելեց.

«Դպրոցի պատին հավերժացրել եմ կապիտան Չոբանյանի դիմանկարը, ով բժիշկ է եղել, հերոսաբար ընկել է մարտում, իսկ կողքին Ջրառատցի Խաչիկն է: Փառք ու պատիվ մեր հերոսներին: Ամեն նկարի հետ ասում ենք՝ էս վերջինը լինի, բայց թող գա էն օրը, որ ես էլ էս ներկոտ շորերը չհագնեմ»:

Հերոսների քաղաքում Արսենը նոր ավանդույթի սկիզբ է դնում, տղաներն ամեն օր խաղաղության համար հերթական պայքարի մասին են հիշեցնելու:

Մերի Սողոյան

2-րդ կուրս

Կիսվել