«Մալխաս»-ի Անելին ու «ա՛յ բալամ»-ը․․․

«Մալխաս»-ի Անելին ու «ա՛յ բալամ»-ը․․․

371

Երևանի սրտում կա մի ակումբ, որի մասին գրեթե բոլորը գիտեն, սակայն այն տարբերվում է քաղաքի մյուս ակումբներից, քանի որ շատերն ասում են, թե դա երևանյան ջազի ոչ պաշտոնական կնքահոր պաշտոնական նստավայրն է, որտեղ նվագում են բազմավաստակ ու երիտասարդ ջազմեններ։ Երևի կռահեցիք արդեն, որ խոսքը «Մալխաս ջազ ակումբ»-ի մասին է, որի հասցեն գրեթե 20 տարի է, ինչ անփոփոխ է։

Ակումբի երգչուհիները «Մալխաս»-ում սկսել են երգել համեմատաբար ավելի հասուն տարիքից, սակայն Անելին միակն էր, ում մուտքը դեպի ջազ աշխարհ շատ ավելի վաղ տարիքում եղավ.

«19 տարեկան էի, երբ շատ պատահական ու հետաքրքիր կերպով հայտնվեցի «Մալխաս»-ում: Ակումբի երգչուհիներից Զառա Մարկոսյանը ուղղորդեց ինձ, և երբ լսումներին մասնակցեցի, միանգամից անցա աշխատանքի»,- նշեց Անելին։

Շատերը կփաստեն, որ «Մալխաս ջազ ակումբ»-ը միշտ էլ տարբերվել է մյուս վայրերից, քանի որ այն ավելի ջերմ ու ընտանեկան կանգառ է բոլոր ջազի սիրահարների և արվեստը գնահատող անձանց համար:

Հարցին, թե ինչով է առանձնանում ջազ ակումբը մյուս ակումբներից, Անելին նշեց․

«Ընտանեկան մթնոլորտն է ինձ այսքան տարի պահել այստեղ, ոչ թե աշխատանքը։ Այստեղ բոլորն ինձ հարազատ են, շատ ջերմ ու ընտանեկան հարաբերությունների մեջ ենք միմյանց հետ, դե իսկ Լևոն Մալխասյանի ներկայությունն ամենակարևորն է։ Նա իր տեսակով շատ հումորով, դրական, ուշադիր մարդ է, ու ոչ թե մեկ-երկու հոգու հանդեպ, այլ բոլորի։ Անգամ պայուսակի մեջ միշտ փոքրիկ նվերներ է պահում, մեկ էլ տեսար՝ առիթ եղավ ու նվիրեց, իսկ այդպիսի դեպքեր հաճախ են լինում։ Այ այդքան նրբանկատ ու ուշադիր է բոլորիս հանդեպ։ Սիրում է, երբ նստում ես կողքին ու լսում իրեն, իսկ ինքն իր «ա՛յ բալամ» արտահայտությամբ անչափ ընկերական միջավայր է ստեղծում ու պատմում իր կյանքի հետաքրքիր պատմություններից, շրջագայություններից ու ծանոթություններից։ Անկախ տարիքից, նա նույն Մալխասն է, նույն դրական ու լուսավոր Մալխասը»,- ժպիտով պատմում է Անելին։

Ակումբի երկրորդ հարկում կա մի աթոռ, որի «հեղինակային իրավունքը» միայն Մալխասին է պատկանում․

«Մալխասի ամենօրյա ներկայությունը անասելի հաճելի ու ոգևորող է, հատկապես այն ժամանակ, երբ երգում ես բեմից ու տեսնում, որ երկրորդ հարկում՝ իր աթոռին նստած, ուղիղ քեզ է նայում։ Մոտիվացիա հաղորդող տեսարան է, քանի որ գիտակցում ես՝ քո դիմաց, իրոք, լեգենդ է։ Նույնիսկ ֆիլմի է նման այդ տեսարանը, ու վստահաբար կարող եմ նշել, որ ակումբի առանձնահատուկ լինելը պայմանավորված է հենց այդ նույն լեգենդի՝ Լևոն Մալխասյանի ներկայությամբ»,- եզրափակեց երգչուհին։

Նշենք, որ Անելին գրեթե 7 տարի է, ինչ երգում է «Մալխաս»-ում, այն «Մալխաս»-ում, որը քաղաքին սիրտ ու հոգի է տալիս, ճաշակ է ձևավորում, իսկ ներկաներին դրական լիցքերով ու լավ տրամադրությամբ ճանապարհում է տուն․․․

Մարիամ Պողոսյան

2-րդ կուրս

Կիսվել