Մայրաքաղաքում գործող վերելակների շահագործման վտանգները

Մայրաքաղաքում գործող վերելակների շահագործման վտանգները

192

Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց:

Քաղաքում կան բազմաթիվ շենքեր, որոնց բնակիչներն ամենօրյա բողոքներով հանդես են գալիս: Մի մասի բողոքն արդեն լսելի է դարձել, բայց մյուս մասը շարունակում է ահազանգել` վերելակի խափանման պատճառով առաջացած խառնաշփոթը վերահսկելու համար:

«Մի քանի օր առաջ երեխաս մնացել էր վերելակի մեջ, շատ էինք վախեցել», «50 տարուց ավել է, ինչ այս շենքի վերելակն աշխատում է» և նման արտահայտությունների պակասն ընդհանրապես չի զգացվում, քանի որ բնակիչները սրտի մեծ թրթիռով սպասում են նոր վերելակներին, կամ էլ` հույս ունեն, ո՞վ գիտի…

Սույն թվականի մայիսի 3-ին համացանցում պաշտոնապես հայտարարվեց, որ 2024 թվականի ընթացքում մայրաքաղաքի 500 հասցեներում կտեղադրվեն նոր վերելակներ: Քաղաքապետարանն ասում է, որ ինքը չունի շենքերի վերելակները փոխելու պարտավորություն, այդ պարտավորությունը հենց շենքերի բնակիչներինն է: Սակայն հաշվի են առնում այն, որ ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի ֆինանսապես հավելյալ միջոցներ գտնել վերելակները նորերով փոխարինելու համար:

Բնակիչներից մեկի խոսքով` վերելակները փչանում են նաև բնակարանների վերանորոգման պատճառներով, քանի որ շատ ծանր ու մեծ իրեր են տեղափոխում մի հարկից մյուսը, և քանի որ վերելակների շատ սարքավորումներ բավականին հին են, այլևս հնարավոր չի լինում գտնել անհրաժեշտ մասը` նորով փոխարինելու համար:

«Հավանավար այս տարի մեզ էլ հերթը կհասնի»,-նշում է բնակիչներից մի կին ու հավելում,- «Ինչ այս շենքը կառուցել են, այս վերելակը կա, այսինքն` 30-40 տարի, գուցե մի բան էլ ավել, ո՞վ իմանա»:

Քաղաքապետարանը նշում է, որ նոր վերելակները լինելու են շատ ավելի անվտանգ և հարմարեցված են լինելու տեսողական, լսողական խնդիրներ ունեցող անձանց:

Նոր վերելակները մինչև կշահագործվեն` տեխնիկական անվտանգության փորձաքննության են ենթարկվելու:

Երևանում 7160 վերեկալ կա, այս տարի դեռևս 953-ն են տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկվել, 7 վերելակ ստացել է բացասական եզրակացություն, ինչը նշանակում է` թերությունների շտկման կարիք կա, որի համար արդեն իսկ տրվել է հստակ ժամկետ:

Կարելի է եզրակացնել, որ վերելակների խնդրի լուծման տարբերակները քայլ առ քայլ մոտենում են բնակիչներին, իսկ իրենց մնում է զինվել համբերությամբ և սպասել նոր ու ապահով վերելակների տեղադրման գործընթացների մեկնարկին:

Մարիամ Պողոսյան

2-րդ կուրս

Կիսվել