ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՏԱՆԳՈՅԻ ՇԱԲԱԹ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՏԱՆԳՈՅԻ ՇԱԲԱԹ ԵՐԵՎԱՆՈՒՄ

1249

Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ «Արգենտինական տանգոյի շաբաթ» խորագրով մի շարք հետաքրքիր միջոցառումներ էր կազմակերպել հոկտեմբերի 9-14-ը՝ արգենտինական մշակույթի սիրահարների համար։

«Արգենտինական տանգոյի շաբաթ»-ը բաղկացած էր 3 միջոցառումներից: Նախ`կինոդիտում Հայկական բարեգործական ընդհանուր միությունում, որտեղ ցուցադրվեցին արգենտինական տանգոյի մասին 3 լավագույն վավերագրական ֆիլմերը`«Վերջին ծափողջույն», «Վերջին բանդոնեահարը » և « Զգալով Պիացցոլային»։

Հոկտեմբերի 12-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում իր կատարումներով ներկայացավ հայտնի բանդոնեահար Պաբլու Մայնետտին՝ Երևանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Իսկ շաբաթը եզրափակվեց տանգո պարի բացօթյա մաստեր կլասով, որը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում՝ հոկտեմբերի 14-ին ։

Արգենտինական տանգոյի շաբաթվա առիթով մենք կարճ հարցազրույցի հնարավորություն ունեցանք Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ: Այն հարցին, թե ո՞րն է այս միջոցառումների նպատակը, պրն դեսպանը պատասխանեց. «Այսպիսի միջոցառումները երբեք մեկ նպատակ չեն հետապնդել։ Առաջնահերթ մենք կարևորում և հարգում ենք մեր երկու ազգերի միջև բարեկամությունը։ Տարիներ առաջ շատ հայեր դժվարին պայմաններում արտագաղթել են Արգենտինա, որտեղ ստեղծել են մի մեծ համայնք ու շարունակում են պահպանել իրենց մշակույթն ու կրոնը, որը մեծ հարգանքի է արժանի, իսկ մյուս կողմից` մենք կարող ենք ամրապդնել բարեկամական կապերը մեր մշակույթներն իրար ավելի նման դարձնելով: Հենց դրա համար էլ կազմակերպել ենք այս միջոցառումները։

Նրա խոսքով` Հայաստանում շատերն են իսպաներեն խոսում և սիրում տանգո, որն էլ պարտավորեցնում է ավելին անել։

Անի Սուքիասյան

2-րդ կուրս

Կիսվել