«Գլխավոր հերոսը, ով Շանթի կերպարն էր մարմնավորում, հեքիաթի վերջում աստղ դարձավ ու...

«Գլխավոր հերոսը, ով Շանթի կերպարն էր մարմնավորում, հեքիաթի վերջում աստղ դարձավ ու վեր բարձրացավ, որովհետեվ նա պարտվել չգիտեր…»

319

Հպարտությունը միախառնվում է ցավի ու տառապանքի հետ, բայց միշտ հաղթում է…

Էլ օրերը չեն սկսվի երթուղայինում անծանոթ, բայց ծանոթ դարձած ժպիտով, տեսադաշտումդ կշատանան սևազգեստ հագած մայրերը, ամեն անգամ զինվորական համազգեստով մարդկանց տեսնելիս ակամա նրանց առջև կխոնարհվես ու, հա, իսկական պատերազմը պատերազմից հետո է…

Արցախյան երկրորդ 44-օրյա պատերազմի մասնակից էր 2001 թվականին ծնված կապանցի Շանթը։

Հիմնական կրթությունը ստացել է Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում, այնուհետև շարունակել Կապանի Հունան Ավետիսյանի անվան N9 ավագ դպրոցում:

Ութ տարի զբաղվել է ճապոնական մարտարվեստով՝ կարատեով։ 2011 թվականին Շանթը դարձել է Հայաստանի չեմպիոն՝ արժանանալով ոսկե, արծաթե, բրոնզե մեդալների և պատվոգրերի։

2019 թվականին ընդունվել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ և անմիջապես անցել պարտադիր զինվորական ծառայության։ Սկզբնական ծառայությունն անց է կացրել Գյումրիում, վեց ամիս հետո տեղափոխվել Արցախի Հանրապետության՝ Մարտունի 3 զորամաս՝ որպես կրտսեր սերժանտ։

Ծառայության ընթացքում արժանացել է ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» մեդալի և «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանի։

2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմում կռվել է Մարտունիում, Հադրություն և Ջրականում։ Քույրը՝ Իննան, պատմում է, որ ամեն անգամ, երբ տուն էր զանգում, չէր խոսում կատարվելիք ողբերգությունից, կարծես ոչինչ էլ չկար, անհանգստություն չկար, ներսում խաղաղ էր, հանգիստ։ Երկար չէր խոսում, որպեսզի հասցնի գոնե 5 վայրկյան լսել ընտանիքի բոլոր անդամների ձայնը։ Սոնայի՝ սիրած աղջկա հետ էր ավելի շատ խոսում, ով ամեն վայրկյան ցավը սրտում, հեռախոսը դողացող ձեռքերում սպասում էր Շանթի զանգին։

Սոնան ու Շանթը նույն դասարանում էին սովորում…

Շանթի դասղեկը՝ Լիլիթ Դավթյանը, նրա մասին գրում է. «Շանթի մասին դժվար է անցյալով գրել, որովհետև նա միշտ ներկա է իմ դասարանում: Շանթը իմ չսպիացող վերքն է… Որքան մարդկային, դրական որակներ կան, կարելի է վերագրել Շանթին:

Բարի էր ու ազնիվ, կարգապահ ու պատասխանատու, հոգատար ու կարեկցող: Հարգալից էր և՛ ուսուցիչների, և՛ ընկերների նկատմամբ: Դպրոցում բոլորը սիրում Էին Շանթին, նրա սերն էլ էր անսահման: Այդ դեռահաս սրտում ինչքա՜ն սեր կար, ու անկեղծ սեր… Սիրում էր հայրենիքը, ընտանիքը, ընկերներին…

Համեստ էր սիրո մեջ: Սիրած աղջիկ ուներ, դպրոցում նրանք տարբերվում էին մնացած զույգերից: Այնքա՜ն մաքրություն կար այդ պատանեկան սիրո մեջ:

Երկուսով կանգնում էին պատուհանի մոտ ու լուռ իրար հասկանում: Մի օր ուսուցիչներից մեկն ասաց. «Ոնց որ աղունիկներ լինեն, ինչ լավն են»…

Հա՛, աղունիկ էր իմ Շանթը: Նա խաղաղության աղավնի դարձավ Արցախի հողի համար…»:

Տասնչորս տարի նրա հետ հիշողություններով լցված, ավաղ, այսօր չէի ցանկանա հիշել միայն կարոտով լցված այդ 14 տարիները…Մանկապարտեզ, հետո դպրոց…

Դասարանի ամենապայծառ, լուսավոր խենթն էր Շանթը, ով միշտ առանձնացել է իր լրջությամբ, սիրված բոլորիս կողմից, նա բոլորիցս տարբեր էր, բոլորիս համար անկախ ամեն ինչից անհանգստացողն էր։

Դասընկերներից Անին հետևյալ կերպ է հիշում Շանթին. «Դժվար է խոսել մի հերոսի մասին, ում հետ անցել է կյանքիդ որոշ ժամանակահատված, ով իր կյանքի դիմաց շատ կյանքեր է փրկել… Շանթն իմ դասընկերն է, կարելի է ասել՝ մանկությանս մի մասնիկը, այո՛, հենց ներկայով…Անցյալով չեմ սիրում խոսել Շանթի մասին, քանի մենք կանք ու հիշում ենք՝ նա մեզ հետ է՝ մեր կողքին։ Անվերջ են լավ ու բարի հուշերն իմ հերոս ընկերոջ մասին… Հերոս, ով կյանքն էլ չխնայեց իր հարենիքի ու հողի համար, հերոս, ում հայրենասիրությունը սահմաններ չունեցավ, հերոս, ումից շատ բան ունենք սովորելու ու նույն ոգով կրթելու մեր սերնդին… Շա՛նթ ջան, հավերժ փառք ու պատիվ քեզ, դու անմահ ես, Քեզ երբեք բացակա չենք դնի, դու մեր սրտերում ես, մեր աչքերում ու մեր ամեն բացվող օրվա մեջ…»:

Հիրավի, նրա սխրանքն անգնահատելի է, անհնար է բառերով նկարագրել։ Պատերազմում հերոսանում են կյանքում հերոսավայել ապրել սիրողները։ Չգիտեմ, մտածեմ իրականություն էր քեզ ճանաչելը, թե փոքրիկ մի հեքիաթ, որտեղ բոլորս էինք 9 տարի, գլխավոր հերոսը, ով քո կերպարն էր մարմնավորում. հեքիաթի վերջում աստղ դարձավ ու վեր բարձրացավ, ու գիտեք՝ ինչու՞, որովհետև նա պարտվել չգիտեր…Ճիշտ է, որ մահն ընտրում է լավագույններին։ Հենց այդ լավագույններից էր իմ ընկեր Շանթը։

«Շանթն իմ բոլոր օրերի լավագույն ընկերն է: Ընտանիքի ավագ զավակն է, իր նման խելացի, դաստիարակված, ընկերասեր մարդկանց քիչ եմ հանդիպել կյանքում: Կյանքիս ամեն լավ հիշողություն իր հետ է կապված: Շանթս մարզիկ էր, հիշում եմ, երբ գնացել էր Հայաստանի մրցումների, սպասում էինք, որ կլսենք,  նրա՝ Հայաստանի չեմպիոն դառնալը, և այդպես էլ եղավ: Ազնիվ տղա էր… Բանակ ճանապարհելու նախորդ օրը միասին էինք, հիանալի ժամանակ անցկացրեցինք, իսկ արդեն հաջորդ օրը բանակ ճանապարհեցինք: Եզակիներից էր, ով ուրախ էր Հայրենիքին ծառայելու համար… Չարաբաստիկ պատերազմը խլեց ընկերոջս կյանքը 2020թ.-ի նոյեմբերի 7-ին:

Ու ժամանակն ինչքան էլ անցնի, միևնույն է, մենք կհիշենք մեր հերոս ընկերոջը:

Շանթն ապացույցն էր այն մաքրության, որ աշխարհումս դեռ կան մարդիկ, ովքեր միշտ, բոլորի լավը ցանկանալով, իրենց խորհուրդներով լուսավորում են շրջապատող կյանքը…»,- ասել է Շանթի մանկության ընկերը / ՆարեկԱսատրյան/:

Վերջին զանգը եղել էր նոյեմբերի 6-ին, այդ օրվանից նրա ձայնը լռել է…

Անորոշ սպասումներից, տառապանքներից հետո 2021թ. մարտի 16-ին Շանթի դին գտել են Մեծամորի դիահերձարանում։

Զոհվել է նոյեմբերի 7-ին Մարտունու շրջանի՝ Կոհակ սարի բարձունքում։ Հուղարկավորվել է Կապանի Բաղաբուրջ հուշահամալիրում։

Հերոսամայրը, կամ, ինչպես մենք ենք սիրում ասել, Բանակի մայրը՝ տիկին Արմինեն, չկոտրվելով, երրորդ կյանք տվեց Շանթի փոքրիկ քրոջը՝ Սոֆիային։

Նրանց մի բան է ուժ տալիս. իրենց որդիները զոհվեցին արիաբար, ընկերներին օգնելիս, հրամանատարների թիկունքը պահելիս, սնունդ հասցնելիս և, վերջապես, հայրենի հողը պաշտպանելիս։ Սուրբ հողի համար նրանց թափած արյունը երբեք չի մոռացվելու…

Ռոզա Ամիրջանյան

5-րդ կուրս

Կիսվել