Journalist.am-ն անդրադարձել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման թեմային։ Մեզ հետ զրույցում իրավաբան Անահիտ Հովհաննիսյանը ներկայացրեց օրենսդրական կարգավորումներ ու այլ կարևոր տեղեկություններ։
-Ո՞րն է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման սահմանումը ըստ ՀՀ օրենսդրության։
-ՀՀ Քրեական օրենսգրքի 26-րդ գլխի՝ «Ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները» 188-րդ «Մարդու թրաֆիքինգ կամ շահագործում» հոդվածի համապատասխան՝ մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում է համարվում «Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ բռնություն գործադրելով կամ հարկադրանքի այլ ձևերով: Շահագործում են համարվում այլ անձի սեռական շահագործումը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, բջիջը, օրգանը, հյուսվածքը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելը։
-Ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվում թրաֆիքինգն իրականացնողների դեմ։
-Պատժամիջոցները կարգավորվում են 188-րդ հոդվածի 1-ին մասով, որը ենթադրում է պատիժ` ազատազրկում հինգից ութ տարի ժամկետով: Հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է, օրինակ, հղի կնոջ նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով: Իսկ սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ անզգուշությամբ առաջացրել է տուժող կողմի մահ կամ առողջությանը ծանր վնաս, պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնչորս տարի ժամկետով:
Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» արձանագրությանը ՀՀ-ն միացել ու ստորագրել է 2001թվ. նոյեմբերի 15-ին և վավերացրել 2003թվ. հուլիսի 1-ին։ Հետագայում քրեական օրենսգքրում կատարված փոփոխությունների համաձայն՝ երեխային կամ անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկելը պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով:
-Ո՞ր դեպքում է հնարավոր կատարած հանցանքի համար չենթարկվել պատասխանատվության։
-Կա օրենքով սահմանված մի կետ, երբ անձը հանցանքները կատարել է հարկադրանքի ներքո, այսինքն ստիպողաբար և իր կամքին հակառակ։ 189-րդ և 190-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններից տուժած անձն ազատվում է իր կատարած ոչ մեծ կամ միջին ծանրության այն հանցանքների համար քրեական պատասխանատվությունից, որոնցում ներգրավված է եղել իր նկատմամբ իրականացված թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում:
-Այս տարվա ընթացքում թրաֆիքինգի քանի՞ դեպք է գրանցվել։
-Police.am-ի տվյալներով՝ 2024 թ. առաջին երեք ամիսների ընթացքում նախաձեռնվել է 8 քրեական վարույթ, որոնցից 5-ը` աշխատանքային, 3-ը՝ սեռական շահագործման։ Երկու դեպքում շահագործվել են անչափահասներ։
-Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում թրաֆիքինգի դեպքերը նվազեցնելու համար։
-Պետությունն ամեն տարի փորձում է կատարելագործել թրաֆիքինգի կանխարգելման մեխանիզմները, ուստի փոփոխել և բարելավել է «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի» օրենսդրությունը։ Նկատվել է բնակչության իրազեկության բարձացում, կրթական ծրագրեր, ուսուցողական հոլովակներ և նյութեր են պատրաստվել թրաֆիքինգի մասին զգուշանալու վերաբերյալ։
Թրաֆիքինգի թեմայով իրազեկումներ և վերապատրաստումներ են անցկացվում պետական և տարածքային կառավարման, բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող հիմնարկությունների, կազմակերպությունների աշխատողների հետ։
-Լրագրողների գործունեության հետ կապված այս ոլորտում օրենքի ի՞նչ կարգավորումներ կան։
-Այո, օրենքում հոդված 7-ը նախատեսված է որոշակի սահմանափակումներ մցնել թրաֆիքինգի զոհի վերաբերյալ հրապարակումներում։ Այնտեղ հստակ սահմանված է ՝ «Արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ եղանակով մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձի վերաբերյալ այնպիսի տեղեկությունների հրապարակումը, որոնք թույլ կտան նույնացնել վերջինիս ինքնությունը, բացառությամբ նրա շահերից բխող դեպքերի՝ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կարգ սահմանված չէ»։
-Ինպե՞ս կարող են լրագրողները աջակցել թրաֆիքինգի կանխարգելման գործընթացին։
-Լրագրողները, որպես աջակցություն, կարող են իրազեկման աղբյուր հանդիսանալ, կարող են իրենց գործունեությամբ օրինակ ծառայել, թե ինչպես գրագետ և առանց մարդկային իրավունքները ոտնահարելու կարող են լուսաբանել հանրության համար այդքան կարևոր թեման։ Եվ ի վերջո, հիշեցնել, որ ամբողջ աշխարհում մինչ այսօր հանդիպում են թրաֆիքինգի բազմաթիվ դեպքեր, անհրաժեշտ է տեղեկանալ, զգոն լինել և, նմանատիպ իրավիճակում հայտնվելիս, անհապաղ դիմել իրավապահ մարմինների օգնությանը։ Լրագրողները միանշանակ կարող են այս գործում իրենց ուրույն դերը ունենալ։
-Իրավապահ մարմինների դերը մեծ է թրաֆիքինգի դեմ պայքարում, ի՞նչ խորհուրդ կտաք քաղաքացիներին։
-Շատ է հանդիպում, երբ թրաֆիքինգի ենթարկված անձը կաշկանդվում է կամ շահագործողների կողմից սպառնալիքներ է ստանում և չի դիմում իրավապահ մարմիններին։ Եղել են դեպքեր, երբ մարդը, վախից ելնելով, տեղեկություններ չի տրամադրել։ Երբեմն էլ անձինք չեն գիտակցում, որ իրենք հանդիսանում են թրաֆիքինգի զոհ: Թրաֆիքինգը կանխելու անհրաժեշտ պայման է քաղաքացիների բարձր իրավագիտակցությունը: Նման դեպքեր նկատելիս, առավել ևս` թրաֆիքինգի զոհ դառնալիս, առանց կաշկանդվելու անպայման և անմիջապես պետք է դիմել իրավապահ մարմիններին։
Լիա Զաքարյան
5-րդ կուրս