«ԵՎԱ» ՖԻԼՄԸ ԵՊՀ-ՈՒՄ

«ԵՎԱ» ՖԻԼՄԸ ԵՊՀ-ՈՒՄ

2219

Հոկտեմբերի 18-ին Երևանի Պետական Համալսարանի ուսանողները մշակույթի կենտրոնի մեծ էկրանին հնարավորություն ունեցան  դիտելու «Եվա» կինոնկարը:
Հայալեզու ֆիլմը մի կնոջ մասին է, ով իր անցյալում ունեցած ծանր կյանքը մոռանալու համար դստեր հետ հեռանում է Երևանից և հաստատվում Ղարաբաղում` ծանոթների մոտ:

Սակայն կյանքի հետագա ընթացքն  ավելի է դժվարանում և խոչընդոտներ ստեղծում հերոսուհու համար:

Ֆիլմի ավարտից հետո հուզված և տպավորված ուսանողներին առիթ ընձեռվեց հանդիպել ֆիլմի գլխավոր դերասանուհի Նարինե Գրիգորյանի, դերասան Սերգեյ Թովմասյանի և ռեժիսոր Անահիտ Աբադի հետ:

Ուսանողներն ու հյուրերը  շնորհակալական խոսքեր հղեցին նրանց և տվեցին հետաքրքրող հարցեր:

Այն հարցին, թե ինչով էր պայմանավորված ֆիլմի Եվա անունի ընտրությունը, Նարինեն կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ իր նորածին բալիկի անունն է Եվա և այդպես էլ անվանվեց ֆիլմը:

Ղարաբաղյան բարբառի առկայության հարցը նույնպես ուսանողների ուշադրության կենտրոնում էր:

Ըստ ռեժիսորի մեկնաբանության` բարբառի առկայությունը ուղղված էր ռուսական մտածողության վերացմանը, այդ իսկ պատճառով համատեղել էին գրական հայերենն ու ղարաբաղի բարբառը` ստեղծելով համապատասխան կոլորիտ:
Իրանահայ ռեժիսորի, պրոֆեսինոլ անձնակազմի համատեղ գործունեության արդյունքում ստեղծվեց  դրամատիկ սյուժեով և անսպասելի զարգացումներով  ֆիլմը, որն առաջին անգամ ցուցադրվել է սեպտեմբերի 23-ին` «Մոսկվա» կինոթատրոնում:

Աննա Գալուստյան

2-րդ կուրս

Կիսվել