Երբ առանց խոսելու հնարավոր է ինչ-որ բան ասել. լուսանկարիչ Գեղամ Գալստյան

Երբ առանց խոսելու հնարավոր է ինչ-որ բան ասել. լուսանկարիչ Գեղամ Գալստյան

213

Որևէ գործ սկսելու համար պարտադիր չէ լինել պրոֆեսիոնալ, բայց պրոֆեսիոնալ դառնալու համար պարտադիր է սկսել: Այս հայտնի խոսքերը մեջբերելով՝ մեր զրուցակիցը՝ լուսանկարիչ Գեղամ Գալստյանը, կիսվում է մեզ հետ իր պատմությունով: Մանկուց շատ է սիրել նկարել, իհարկե սկզբում միայն մատիտներով, բայց հենց այդ նախասիրությունն է հիմնական կողմնորոշիչը եղել մասնագիտության ընտրության հարցում: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական քոլեջում գեղանկարչության բաժինն ավարտելուց հետո որոշել է ուսումը շարունակել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի օպերատորության բաժնում: Այսօր Գեղամ Գալստյանն արդեն աշխատում է, տեղադրում է իր հեղինակային նկարները համացանցում և ստանում տարատեսակ պատվերներ: Մեր այն հարցին, թե ինչն է ամենից գրավիչը իր մասնագիտության մեջ, պատասխանեց.

-Երբ առանց խոսելու հնարավոր է ինչ-որ բան ասել, հետաքրքիր է, չէ՞:

Լուսանկարչի մասնագիտության մեջ հաջողելու համար կարևորում է սուր տեսողությունը, ինչը կարելի է զարգացնել լուսանկարչությանը շատ ժամանակ տրամադրելով: Պատմում է, որ դեռ նախքան ուսանողական տարիները իր բջջային հեռախոսով անդադար լուսանկարել է գրեթե ամեն ինչ՝ դատարկ փողոցներից մինչև մայր մտնող արևը: Բնանկարների սիրահար է, սակայն չի սահմանափակվում դրանցով և չի վախենում ոճային փոփոխությունների գնալ.

-Այլ ոճով նկարելը դժվար է,- ասում է նա,- բայց և հետաքրքիր միևնույն ժամանակ:

Լուսանկարիչները ևս հայտնվում են զավեշտալի իրավիճակներում: Պատմում է, որ մի անգամ պատվիրատուին սպասել է ավելի քան 20 րոպե՝ կանգնած լինելով հենց նրա կողքին: Իսկ պատճառը ֆոտոշոփն է՝ աղջիկն անճանաչելի է եղել, և չնայած նրան, որ գտնվել են այդքան մոտ, միևնույն է, գտել են իրար միայն շնորհիվ հեռախոսազանգի:

Ըստ նրա՝ լուսանկարիչներն աշխարհն ավելի բազմերանգ են տեսնում՝ շնորհիվ սովորաբար անուշադրության մատնված ամենափոքր դետալին ուշադրություն դարձնելու: Արդեն փորձառու լուսանկարիչը սկսնակներին խորհուրդ է տալիս շատ ժամանակ տրամադրել լուսանկարչությանը և լսել միայն իրենց սրտի ձայնին.

-Ոչ ոքի չլսեք, որ ասեն՝ վատն է, սկզբում հնարավոր է լավ չստացվի, թերություններ լինեն, բայց որևէ գործ սկսելու համար պարտադիր չէ լինել պրոֆեսիոնալ, իսկ պրոֆեսիոնալ դառնալու համար պարտադիր է սկսել,- եզրափակում է նա:

Տիգրան Կարապետյան

5-րդ կուրս

Կիսվել