Շրջայց Վարպետի տանը

Շրջայց Վարպետի տանը

335

Վարպետների քաղաք Գյումրիում վարպետի պակաս երբեք չի եղել: Գյումրեցիներն անգամ նրանց նվիրված «Վարպետաց փողոց» ունեն, որտեղ էլ հենց տեղակայված է անվանի բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը: 

Բանաստեղծի հայրական տունը, որտեղ ծնվել ու ուսում է ստացել, թանգարան է դարձել նրա 100-ամյակի օրը: Բազմաթիվ ավերվածությունների ենթարկվելուց հետո հուշատունը վերականգնվել է հին ոճով՝ հարազատների օգնությամբ:

19-րդ դարի վերջի ունևոր գյումրեցու կենցաղը ներկայացնող թանգարանում պահպանվել են բանաստեղծի կյանքի պատառիկները՝ ծնունդից մինչև մահ: Իսահակյանը լույս աշխարհ է եկել խոհանոցում: Գյումրվա ցուրտ եղանակային պայմաններում տան առավել տաք անկյունը եղել է նոր հանգած թոնրի կողքին, որտեղ էլ առաջին անգամ լսվել է նորածին Ավետիքի ճիչը: Նրա մանկական հիշողությունները կապված են այս վայրի հետ: Ազատ ժամանակ հաճախ էր մայրիկին օգնում կերակուր պատրաստել բազմանդամ ընտանիքի համար: Սիրում էր հետևել՝ ինչպես է մայրը հաց թխում, և անհամբերությամբ ուտում էր տաք-տաք լավաշը:

Իսահակյանի ծնողների ննջասենյակում առանձնահատուկ շքեղությամբ պահպաննվել է մոր՝ Ալմաստի ձեռագործ անկողինը, հնաոճ կարպետներն ու գորգերը: Մահճակալի կողքին դրված է Իսահակյանի օրորոցը՝ զարդարված ասեղնագործ կտորով:

Տան հյուրասենյակը այդ ժամանակին բնորոշ ունևոր կահ-կարասիով է ձևավորած: Սենյակի կենտրոնում պատից կախված է գունազարդ գորգը, որի վերին անկյունում Իսահակյանի հոր անվան առաջին տառերն է: Գորգի կենտրոնում կախված է Խրիմյան Հայրիկի լուսանկարը: Ավետիքի հայրը՝ Սահակ Իսահակյանը մեծ ուշադրություն էր դարձնում զավակների կրթվածությանը: Սենյակի վերջում մինչև առաստաղը ձգվող ձեռագործ հայելին է, որը բարեկամների նվերն է Իսահակյանների ընտանիքին:

Սենյակի վերջում՝ աստիճաններով վերև, բանաստեղծի աշխատասենյակն է, որտեղ գտնվում են նրա աշխատանքները՝ նամակներ, գրություններ, լուսանկարներ և փաստաթղթեր:

Բանաստեղծի տուն-թանգարանը գտնվում է կանաչազարդ այգու վերջում, որտեղ պատանի Ավետիքը շատ էր սիրում ժամանակ անցկացնել ընկերների հետ:  

Տիգրան Կարապետյան

5-րդ կուրս

Կիսվել