«Հիմնականում թերահավատորեն են մոտենում` ասելով, որ բադմինտոնը հեշտ սպորտաձև է, իսկ մեզ`...

«Հիմնականում թերահավատորեն են մոտենում` ասելով, որ բադմինտոնը հեշտ սպորտաձև է, իսկ մեզ` հայերիս, ուժային սպորտաձևեր են հարկավոր»․ Լիլիթ Պողոսյան

335

Մեր երկրում բադմինտոնը համեմատաբար նոր զարգացող սպորտաձև է: Սպորտաձևի և վերջինիս զարգացման ուղիների վերաբերյալ զրուցել ենք բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանի հետ, որը ներկայացնում եմ ստորև:

-Լիլիթ, զրուցենք Ձեր մասին, Ձեր մարզական առաջընթացի, հաջողությունների, ինչու ոչ, հեռանկարների մասին. սկզբի համար կպատմե՞ք, թե ինչպես սկսվեք ամեն ինչ։

-Իմ ընտանիքում բադմինտոնն ավանդական սպորտաձև է, քանի որ և՛ հայրս, և՛ հորաքույրս զբաղվել են այս սպորտաձևով։ Հորաքույրս Սովետական միության և մի շարք միջազգային մրցաշարերի չեմպիոն է եղել, իսկ հայրս երկար տարիներ գլխավորել է Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիան, նաև եղել հավաքականի գլխավոր մարզիչ։ Ու, քանի որ, հայրս մարզումների էր գնում մեր տան մոտ գտնվող մարզադահլիճում, ինձ էլ տանում էր իր հետ։ Այդպես տարիների ընթացքում սիրահարվեցի բադմինտոնին ու արդեն կյանքս առանց բադմինտոնի հիմա չեմ պատկերացնում։

-Ամեն դեպքում, Ձեզ մարզադահլիճում լինելու գաղափարն էր գրավու՞մ, թե՞ սպորտաձևն էր հետաքրքիր։

-Սկզբում այդքան էլ հետաքրքիր չէր սպորտն ինձ համար, բայց երբ առաջին անգամ 14 տարեկանում միջազգային մրցաշարում հանդես եկա, հասկացա, որ նպատակներ կարող եմ դնել իմ առջև ու փոքր քայլերով առաջ գնալ դեպի դրանց իրականացում։ Դա ինձ բավականին հետաքրքիր ճանապարհ էր թվում, ու սկսեցի ավելի նվիրված մարզվել։

-Նշեցիք, որ Ձեր հայրը և հորաքույրը ևս զբաղվում են այս սպորտաձևով, կարո՞ղ ենք ենթադրել, որ Ձեզ համար մոտիվացիայի աղբյուր են եղել հենց նրանք։

-Այո, այո։ Մենք տանը շատ հաճախ էինք բադմինտոն նայում, ու դրանով եմ ապրել, կարելի է ասել, ուրիշ ընտրություն չունեի։ Բայց, իհարկե, մեծագույն մոտիվացիան տարիների ընթացքում եկավ ինքս ինձնից, որովհետև, եթե ես անկեղծորեն չուզեի շարունակել այս ասպարեզում, ինձ հաստատ չէին ստիպի։

-Գիտենք, որ մասնագիտությամբ լեզվաբան-լրագրող եք, համատեղու՞մ եք, թե՞ լրագրությունը Ձեզ համար պարզապես հոբբի էր։

-Երբ մասնագիտությունս էի ընտրում, չէի նախատեսել, որ շարունակելու եմ բադմինտոնով ապրել։ Մտածում էի` շուտով թողնելու եմ, ու ինձ փող աշխատելու համար մասնագիտություն է պետք։ Բայց 2017-ին, երբ գերազանց ավարտեցի համալսարանը, հնարավորություն ստացա Դանիա տեղափոխվելու բադմինտոնի համար, ու բնականաբար ընդունեցի։ Լրագրությունն անցավ երկրորդ պլան։ Սակայն Դանիայում ինձ հաջողվեց համատեղել բադմինտոնն ու լրագրությունը, քանի որ մարզումներիցս բացի բադմինտոնի եվրոպական կոնֆեդերացիայում սկսեցի աշխատել որպես լրագրող։ Իսկ այժմ Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի համար եմ գրում հոդվածներ և նորություններ։

-Լիլիթ ջան, տեղյակ ենք, որ մարզվել եք նաև Դանիայում, կպատմե՞ք այդ մասին։

-Ամբողջ կյանքս Հայաստանում եմ մարզվել, սակայն 2017 թ. հնարավորություն ստացա Դանիայում մարզումներս շարունակելու։ Առաջին մի քանի ամիսները բավականին ծանր էին ինձ համար, քանի որ անսովոր էր ամեն ինչ։ Հայաստանում ես լավագույնն էի, ու միշտ սպասելի էր, որ ես միշտ կհաղթեմ։ Բայց, երբ տեղափոխվեցի Դանիա, ինձ նման էլի լիքը մարզիկներ կային, որ լավագույններն էի իրենց երկրներում։ Սկզբում դժվար էր իրենց մակարդակին հասնելը, քանի որ ֆիզիկապես էլ էի թույլ, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ։

-Ցանկացած մարզիկի համար վստահաբար կարևոր է նաև հաղթանակը, նման դեպքերում ի՞նչ զգացողություններ եք ունենում։

-Դե, քանի որ արդեն ավարտել եմ իմ պրոֆեսիոնալ կարիերան, հիմա արդեն մարզչական ոլորտում եմ սկսել աշխատել։ Իմ խաղացողների հաղթանակներն ու պարտությունները լրիվ նույն զգացողություններն են, ինչ երբ ես ինքս էի խաղում։ Պարտությունները լավ դասեր են, տեսնում ենք` ինչի վրա կարելի է աշխատել ու բարելավել։ Իսկ հաղթանակները տալիս են վստահություն, որ մինչև հիմա մեր արած աշխատանքը իզուր չի եղել։

-Իսկ ապրումների մասի՞ն վստահ ենք ՝ հաղթանակները յուրովի են տպավորվում, ու զգացողությունները տարբեր են լինում: Երբ նվաճում եք բարձր հորիզոնականներ և կանգնում եք պատվո հարթակին, ի՞նչ ապրումներ եք ունենում։

-Ինձ թվում է` դա բոլոր մարզիկների ամենասիրելի զգացողությունն է` կարծես տարիների աշխատանքդ իզուր չի եղել։ Բայց նաև, նպատակին հասնելուց հետո մի տեսակ դատարկություն եմ զգում, քանի որ, կարծես թե, էլ նպատակ չունեմ։ Իսկ այդ ժամանակ արդեն մի քանի օր դադար եմ վերցնում ու կենտրոնանում նոր նպատակներիս վրա։

-Առաջիկայում ի՞նչ մրցաշարեր, ծրագրեր կան։

-Որպես մարզիչ` այս պահին աշխատում եմ մինչև 15, մինչև 17 և մինչև 19 տարեկան խաղացողների հետ։ Վերջերս Երևանում կազմակերպեցինք առաջին միջազգային մրցաշարը մինչև 13 և 15 տարեկանների համար։ Դա այս տարվա հիմնական նպատակն էր։ Այժմ պատրաստվում ենք Եվրոպայի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջնությանը։ Սակայն Հուլիսին լինելու եմ Մալթայում` Evolve Badminton Academy -ի ամառային ուսումնամարզական հավաքի մարզիչներից մեկը։

-Հայաստանյան իրակաությունում բադմինտոնն այդքան էլ տարածված սպորտաձև չէ, երբ մարդիկ իմանում են, որ պրոֆեսիոնալ բադմիտոնով եք զբաղվում, ինչպե՞ս են արձագանքում։

-Հիմնականում թերահավատորեն են մոտենում` ասելով, որ բադմինտոնը հեշտ սպորտաձև է, իսկ մեզ` հայերիս, ուժային սպորտաձևեր են հարկավոր։ Ես ժպտում ու լռում եմ այդ դեպքերում, քանի որ ժամանակս նախընտրում եմ ծախսել ավելի կարևոր բաների վրա։ Իսկ պրոֆեսիոնալ բադմինտոնի հեշտ կամ դժվար լինելու մասին թողնում եմ որ Յութուբը խոսի։

-Իսկ որևէ արշավներ պատրաստվու՞մ եք ձեռնարկել` սպորտաձևի հայտնիությանը նպաստելու համար։

-Այս պահին դա երկրորդական նպատակ է, բայց հետագայում` անպայման։ Ֆեդերացիայի հետ տարիների ընթացքում անցկացրել ենք միջազգային ուսումնամարզական հավաքներ, ինչպես նաև մարզումներ Երևանում Հայաստանի մարզադպրոցների երեխաների համար։ Այս պահին ունենք բադմինտոնով զբաղվող 300-ից ավել մարզիկներ, ինչը բավականին մեծ թիվ է մեր երկրի համար։

-Շնորհակալություն հարցազրույցի համար։

Հարցազրույցը՝ Հասիկ Անտոնյանի

5-րդ կուրս

Կիսվել