-Կերթամ քաղաք. թոռներս ընդեղ կսորվին,- ասում է պեմզաշենցի Գևորգ պապը: Նախկինում պահեստապետ է եղել ու նաև զբաղվել գյուղատնտեսությամբ: Արդեն վաճառել է անասունները, հավաքել մշակած կարտոֆիլը: Հիմա էլ խնձորն է հավաքում հատիկ-հատիկ ու զգույշ դասավորում արկղում:
-Էս խնձորի ամեն մե հատը մե հարստությունմ է,-ինձ էլ հյուրասիրեց. չէր չափազանցնում, իրոք համեղ էր:
Ցույց է տալիս իր այգու բարիքները ու իր ամեն բառի տակից ճչում էր տված սերը, ամեն բառից կաթում էր թափած քրտինքը:
-Էս պոպոկի ծառը 40 տարվա է, բերքատվությունը շատ չէ, բայց համն ուրիշ է…
Անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվելը ձեռնտու չէ, հազիվ կարողանում են երկնքից կախված ստացված եկամտով փակել գյուղատնտեսության մեջ ներդրած վարկերը:
-Ըսպես գոնե ծախսը մե տեղ կեղնի:
Գնալու մասին խոսելիս շուրթերը դողում են, աչքերն ինքնըստինքյան կախում. չի ուզում գնալ, բայց ասում է՝ իրավիճակն է ստիպում: Մի պահ մտքերի մեջ է ընկնում. 80 տարի, մի ամբողջ կյանք և հանկարծ… ստիպված է գնալ. « Ճարս ինչ, բդի էրթամ…»։
Տնից դեպի օտարություն ճանապարհը բացել է մեծ տղան, ով մոտ 20 տարի է՝ ընտանիքով ապրում է Ռուսաստանում: Մյուս տղան սեզոնային աշխատանքի է՝ էլի ռուսաստաններում: «Էրեխեքն ուսանող են. վարձ բդի տա»,-ասում է:
«Գյուղի տղամարդկանց մեծ մասը կերտա «խոպան»: Ավանդույթ է դառե. Տղամարդիկ կթողան իրանց ընքանիքներն ու լավագույն դեպքում գուգան` Նոր տարին նշելու»:
Ձեռքի հետ նորոգում է կողպեքը,- մեր դռան հեչ կողպեք չի դրվե, բայց էսօր իմ ձեռով բդի փակեմ:
Միշտ չի հասկացել գյուղից գնացողներին. հիմա հասկանում է:
Թաղում 9 ընտանիք են, որոնցից, 4-ը (Գևորգ պապի ընտանիքի հետ միասին) մասամբ թե ամբողջությամբ, գաղթել են գյուղից:
Քայլում ենք փողոցով. հարևան Հայկի տուն է գնում՝ հրաժեշտ տալու: Ցույց է տալիս բավական մեծ մի տուն.
-Էս Հակոբենց տունն է: Անցած տարի վերցրեց ընտանիքն ու գնաց: Առաջ նարդի խաղալու համար հերթ կկայնեին, հմի նարդի խաղացող չկա,- տարուբերում է գլուխը,- մարդ չի մնացել գյուղը, ձագ ջան…:
Ու գիտես ցավը որն է, բալա, բոլորս մեր հերթին կլքենք գյուղն ու երկիրը, բայց կգոռանք տվեք մեր հողերը, ինչի՞ համար, ու՞մ համար գուզենք…,-ինքն իր հետ կռիվ է տալիս:
Հետո մի տեսակ մեղայականով ավելացնում է. էդ լքողներից մեկն էլ էսօր ես եմ…
-Գևո՞րգ,-Հայկի ձայնն է,-Էկել եմ հաջող էնեմ: Դու էլ գնացիր էլի, էգուց էլ ո՞վ բդի սաղին նարդի կրե ու պարԶենա,- փորձում է կատակել:
Չի պատասխանում:
Մի փոքր լռելուց հետո՝ աչքդ մեկ-մեկ մեր դռան կպահես, Հայկ ջան:
Միրգ են հյուրասիրում, հրաժարվում է. ախորժակ չունի:
-Դու էլ գնացիր: Գիդեմ` չես ուզե, բայց սաղդ էլ չուզելով գնացիք,-այրում է հարևանի հուսակտուր ձայնը:
Էլի լռում է Գևորգ պապը:
-Բարի ճամփա,-կոկորդում խեղդելով ձայնը` հրաժեշտ է տալիս:
Մոտ մեկ ժամ հավաքում է փոքրիկ ճամպրուկը: Վայրկյաններն է ձգում:
Երբ հրաժեշտ տալուց հետո փողոց դուրս եկա, թիկունքից լսեցի Գևորգ պապի ձայնը. «Կերթամ, բայց ե´տ բդի գամ»: Ի՞նձ էր հուսադրում, թե ինքն իրեն՝ չհասկացա:
Աշուն է: Քայլում եմ Պեմզաշենի փողոցով, կողպված դատակ ու սառը հայացքով ինձ ուղեկցող տների արանքով ու հիշում անցած տարվա այցս Գևորգ պապին ու նրա հարուստ, բերքառատ այգին: Քամին ցած էր գցել կարմրաթուշ խնձորները, որոնցից մեկը ձեռքով մաքրելուց հետո Գևորգ պապն ինձ մեկնեց. Համեղ էր, հյութալի: Այս տարվա խնձորի համն ուրիշ էր. ինչ-որ բան պակաս էր:
Մերի Գևորգյան
3-րդ կուրս