Նշանակետը՝ Քուվեյթ

Նշանակետը՝ Քուվեյթ

745

Դիրքը հարմար է: Ոտքերը լայն բացված: Ամբողջ մարմնով պետք է զգաս տակիդ հողը: Մի աչքը փակ: Ուշադիր: Նշանոցի մեջ երևում է թիրախը: Ծանր զենքը հենվում է կրծքիդ, դառնում քո շարունակությունը: Շունչը պահել: Մատի շարժ: Կրակ…

Կարինե Արսենյանը սովորում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսում: Երկու սեր ունի կյանքում՝ զենքը և արաբերենը: Դիպուկահար լինելու առաջին նախապայմանը՝ թիրախը ճիշտ տեսնել, ճիշտ պահին ձգանը քաշել: Կյանքի այս ժամանակահատվածում Կարինեի թիրախը Քուվեյթն է: Այս երկիրը կանչում է, ինչպես բարբառների օազիս, որտեղ անապատի քամիները շշնջում են գաղտնիքներ, որոնք միայն տեղացիներն են հասկանում:

 «Ինչո՞ւ Քուվեյթ» հարցնում եմ, Կարինեի աչքերը փայլում են։ Պատասխանում է. «Լեզուն ծաղկում է, երբ միախառնվում է կյանքին», – բացատրում է. «Քուվեյթում իմ ականջները կլցնեն արաբերենը՝ չզտված խոսակցությունները, բանաստեղծական փոխանակումները: Խոսքը միայն բառերի մասին չէ, այլ գոյության արագության»:

Կարինեն, բացի արաբերեն ուսանելը, նաև համակարգում է Վաղարշապատի երիտասարդական միությունը՝ ՎԵՄ-ը: Միությունն ունի երկար տարիների եռանդուն և աշխույժ գործունեության փորձ։ Այն իր հարկի տակ է հավաքել ժամանակի ամենաակտիվ երիտասարդներին, ովքեր պատրաստ են եղել և այժմ էլ պատրաստ են օգտակար լինել իրենց համայնքին։

Այժմ ՎԵՄ-ն ունի տարատեսակ մշակութային շարքեր, ինչպիսիք են #մենքենքմերֆիլմերը, #արիպարըպարենք և այլն։ Շարքերից յուրաքանչյուրը միտված է հայկականությունը հայ երիտասարդների մեջ սերմանելուն և պահպանելուն։ Կարինեն հավատում է երիտասարդության ներուժին. այն կարող է փոխել երկրի զարգացման ընթացքը: Նրանց պարզապես օգնել է պետք: Պարարտ հող ստեղծել: Սովորեցնել բռնել կյանքի նշանակետը և չվրիպել:      

Առջևում Կարինեի մեծ ճանապարհորդությունն է՝ Վաղարշապատից Քուվեյթ: Անապատի ավազները հոսելով կհաշվեն նրա ժամանակը, որի ընթացքում Հայաստանցի հերթական նորաթուխ մասնագետը հիմնովին կսովորի Մերձավոր Արևելքում ամենատարածված լեզուն: Սա թույլ կտա նրան նոր կամուրջներ կառուցել Հայաստանի և հեռավոր, արևից խանձված երկրների միջև: Նրա և իր շուրջ հավաքված երիտասարդների համար նոր թիրախներ, նոր երազներ ու նշանակետներ կառաջանան: Որովհետև նրա որոնումների մեջ է մարդկության էությունը՝ սովորել, կապել, պահպանել:

الحياة مثيرة للاهتمام، وحياتي أكثر من ذلك

Կյանքը հետաքրքիր է, իմ կյանքը՝ առավել ևս

Ալբերտ Ավետիսյան

3-րդ կուրս

Կիսվել