ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵԾԱՆՎԱՍՊՈՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵԾԱՆՎԱՍՊՈՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

1380

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը առաջին անգամ Հայաստանը կներկայացնի հեծանվասպորտի մեծահասակների առաջնությունում:

«Էդգարը բազմաթիվ մրցույթների է մասնակցել երիտասարդական հավաքականում, նա դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն և այս տարի ուժերը կփորձի մեծահասակների առաջնությունում»,- նշեց հեծանվորդի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Հեծանվորդը մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում, քանի որ առաջին անգամ է մասնակցելու մեծահասակների առաջնությանը. «Ցանկացած մրցման, որին մասնակցում եմ ակնկալիքները միշտ էլ մեծ են լինում, որովհետև լրջությամբ եմ պատրաստվում և փորձում եմ հաջողությունների հասնել: Այս անգամ ևս պատասխանատվությունը մեծ է, քանի որ մասնակցում եմ Օլիմպիական խաղերի մրցանակակիրների հետ: Ամեն օր երեք մարզում եմ անցկացնում, իհարկե չեմ կարող նախապես ասել, թե ինչ արդյունք կգրանցեմ, բայց ամեն ինչ անում եմ լավ ներկայանալու համար»:

Ըստ Էդգարի՝ առաջնությունը իրեն մեկ քայլ ևս կմոտեցնի իր երազանքին.«Կարծում եմ, որ ցանկացած մարզիկի երազանքն էլ Օլիմպիական խաղերին մասնակցելն է, որովհետև դա ամենաբարձ աստիճանն է: Այս մրցույթին մասնակցելով և լավ արդյունք գրանցելով կկարողանամ ձեռք բերել վարկանիշ և մասնակցել Օլիմպիական խաղերին»:

Մարզաձևը Հայաստանում սկսել է զարգանալ 2011 թվականից: Այդ ժամանակ աշխարհի երիտասարդների առաջնությունում 2 արծաթե մեդալ է նվաճել Մհեր   Մկրտչյանը, երեք տարի անց Էդգար Ստեփանյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող:

Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կկայանա Բեռլինում հոկտեմբերի 18-24-ը:

 

Աննա Բզնունի

3-րդ կուրս

Կիսվել