Հայ պարբերական մամուլը` որպես պատկերաբանական գործիք. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտական խումբը սկսել...

Հայ պարբերական մամուլը` որպես պատկերաբանական գործիք. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտական խումբը սկսել է նոր ուսումնասիրություն

108
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ներկայացրած գիտական նախագիծը:

«Հայ պարբերական մամուլը` որպես պատկերաբանական գործիք (19-րդ դարի երկրորդ կես-20-րդ դարասկիզբ)» թեմայի ուսումնասիրության շրջանակում գիտական խումբը նպատակ է դրել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ներդնելու հետազոտական նոր ուղղություն՝ ներգրավելով երիտասարդ կադրերի և արտերկրից գիտական ներուժ, ստացված արդյունքները կիրառելու ուսումնական գործընթացում:

Գիտական խմբի ղեկավարն է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, Վանաձորի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Տարոն Դանիելյանը, անդամները՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆ. Դավիթ Պետրոսյանը, նույն ամբիոնի ասպիրանտ Լիանա Մարտիրոսյանը և ֆակուլտետի շրջանավարտ Լիլիթ Մկրտչյանը:

Տարոն Դանիելյանը պատմեց, որ հայ իրականության մեջ պատկերաբանական (իմագոլոգիական) մոտեցմամբ համակողմանի ուսումնասիրություններ դեռևս չեն կատարվել: Մեզ հայտնի առաջին լուրջ ուսումնասիրությունը Ժ. Քալանթարյանի «Imagology կամ պատկերաբանություն ըստ հայ գրականության օրինակների» գիտական հոդվածն է, որտեղ գիտնականը ներկայացնում է իմագոլոգիայի վերաբերյալ առկա տեսություններն ու մոտեցումները և ընդհանրական վերլուծություն է ներկայացնում հայ գրականության հայտնի գործերի հիման վրա:

Թեմայի արդիականության, կարևորության, սպասվող աշխատանքների և մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք գիտական խմբի ղեկավար Տարոն Դանիելյանի հետ:

– Պարո՛ն Դանիելյան, ինչո՞ւ եք ընտրել հենց այս գիտական թեման:

– Արդեն 12 տարի է՝ զբաղվում եմ հայկական գովազդի զարգացման պատմությամբ: Թեմայի շրջանակում 2016 թ. կատարած ուսումնասիրությունս («Արևմտյան արտադրանքի գովազդային հաղորդագրությունները թիֆլիսահայ պարբերական մամուլում») ինչ-որ առումով հարակից էր պատկերաբանության ոլորտին: Որոշ ժամանակ անց Տոմսկի պետական համալսարանի պրոֆեսոր Նատալյա Նիկոնովայի հետ ուսումնասիրեցինք թարգմանական գրականությունը՝ որպես պատկերաբանական գործիք, Թիֆլիսի ռուսական պարբերական մամուլում: Նմանօրինակ հետազոտություն նախաձեռնեցինք նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանի հետ, այս անգամ՝ հայ պարբերական մամուլի օրինակով: Համեմատական վերլուծության շնորհիվ ի հայտ եկան այն օրինաչափությունները և առանձնահատկությունները, որոնք հատուկ էին Թիֆլիսի բազմալեզու պարբերական մամուլին: Երբ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարեց «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» մրցույթը, որոշեցինք դիմել և ընդլայնել թեմայի ուսումնասիրության շրջանակը:

– Ի՞նչ է պատկերաբանությունը, ինչպե՞ս կարող է հայ պարբերական մամուլը դառնալ պատկերաբանական գործիք:

– Պատկերաբանությունը ծնունդ է առել համեմատական գրականագիտության հենքի վրա 1950-1960-ական թթ.: Այն ուսումնասիրում է որևէ ժողովրդի, էթնոսի, ազգի մշակութային պատկերը մեկ այլ ժողովրդի պատկերացումներում: Այստեղ հստակ տարբերակվում են յուրային, օտար, ուրիշ հասկացությունները` ընկալման իրենց յուրահատկություններով: Յուրայինը նույն էթնոսի, ժողովրդի, ազգի ներկայացուցիչն է, որը ստեղծում է հաղորդանյութը օտարի կամ ուրիշի մասին: Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում մեդիան մեծ ազդեցություն է թողել հանրային տրամադրությունների, հանրային կարծիքի ձևավորման վրա: Այս տեսակետից հետաքրքիր է նաև հասկանալ՝ ինչ սկզբունքով է մեդիան կառուցարկում այլազգիների կերպարը, ինչ գործոններ են ազդում պատկերաբանական գործիքակազմի վրա, ինչպես են ուրիշները դառնում օտար, և հակառակը: Ի վերջո, այս ամենը լրագրողների սուբյեկտիվ գործունեությա՞ն, որոշակի խմբերի անձնական (քաղաքական, տնտեսական) շահերի՞, թե՞ օբյեկտիվ գործընթացների զարգացման արդյունք է: Կարծում եմ՝ միջմշակութային հաղորդակցության համատեքստում հիշյալ իրողությունների արժևորումը, իմաստավորումը արդիական ու կարևոր խնդիրներ են:

– Որո՞նք են ուսումնասիրության հիմնական թեմաները:

– Դրանք առայժմ յոթն են, թեև հնարավոր է, որ հետագայում ոլորտներն ընդլայնվեն: Խմբի անդամներն արդեն հստակեցրել են իրենց գործունեության շրջանակները, նախասիրությունները, անելիքները: Հոկտեմբերին Հայաստան է գալու խմբի արտասահմանյան գործընկեր Ն. Նիկոնովան՝ մասնակցելու Վանաձորում կայանալիք գիտաժողովին: Նա նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում հանդես կգա դասախոսություններով, ելույթ կունենա ֆակուլտետում կազմակերպվելիք այլ միջոցառումների:

– Նշել եք, որ նմանօրինակ հետազոտություն հայ իրականության մեջ դեռևս չի կատարվել. ի՞նչ է տալու այն մեզ:

– Պատկերաբանությունը մեզանում գիտական նոր բնագավառ է, և այս առումով մեր աշխատանքը պետք է առանձնանա նախկինում եղած ուսումնասիրություններից, որոնք վերաբերում են հայկական մեդիային: Հուսով եմ՝ առաջիկա երեք տարիները թեմայի մեջ խորանալու լայն հնարավորություններ կընձեռեն խմբի անդամներին, և հայ մամուլը՝ որպես պատկերաբանական գործիք, իր հաղորդակցական անսպառ ռեսուրսներով, հայ և օտար ժողովուրդների մշակութային կյանքի լայն ընդգրկումով նորովի կներկայանա 21-րդ դարի հայ ընթերցողին:

– Մրցույթի արդյունքները հայտնի դառնալուց հետո ի՞նչ քայլեր եք նախաձեռնել, ի՞նչ փուլում են աշխատանքները:

– Պայմանագրերը կնքելուց հետո անմիջապես անցել ենք աշխատանքի: Կատարել ենք թեմաների և աշխատանքի բաժանում: Ներկա փուլում ակտիվորեն ուսումնասիրում ենք տեսական գրականությունը, սկսել ենք աղբյուրագիտական որոնումները: Դրամաշնորհի շրջանակում նախատեսում ենք նաև մի շարք արտասահմանյան գործուղումներ:

Նշենք, որ ծրագրի շրջանակում գիտական խումբը նախատեսում է հետազոտական աշխատանքներ կատարել Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի պետական արխիվներում: Արխիվային ֆոնդերի ուսումնասիրությունները կնպաստեն բացահայտելու հայ մամուլի պատմությանն առնչվող ուշագրավ փաստաթղթեր, որոնք կընձեռեն հնարավորություններ նորովի արժևորելու հայկական ԶԼՄ-ի բովանդակության քանակական և որակական հատկանիշները:

Սոնա Շահվերդյան

Սկզբնաղբյուրը՝ ysu.am

Կիսվել