«Հրազդան» մարզադաշտը Հայաստանի ամենաարժեքավոր ճարտարապետական կոթողներից է: Այն նախագծել են ճարտարապետներ Կորյուն Հակոբյանը և Գուրգեն Մուշեղյանը։ Շուրջ 70.000 տեղանոց մարզադաշտը կառուցվել է ընդամենը 19 ամսում ։ Mediamax.am կայքի տեղեկություններով կառուցումից ի վեր մարզադաշտ է այցելել մոտ 15 մլն մարդ: «Հրազդան» մարզադաշտի մասին պատմում է այն նախագծող՝ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը։
Մարզադաշտի ծնունդը
-Մարզադաշտ նախագծելը կուրսային աշխատանքս էր։ Հրազդանի կիրճում նախատեսված էր մոտ տաս հազար տեղանոց մարզադաշտ կառուցել։ Հայաստանի խորհրդայնացման հիսուներորդ տարին էր մոտենում, և Սովետական Միությունը որոշեց Հայաստանին նվեր անել, քանի որ այն ժամանակ շատ երկրներ ունեին այնպիսի նվերներ, ինչպիսիք են սպորտի պալատը, համերգային դահլիճները և այլն։ Այդ ժամանակ սկսեցին զբաղվել մեկ այլ նախագծի՝ մարզահամերգային համալիրի կառուցման աշխատանքներով, բայց, գիտակցելով որ մեկ–երկու տարում հնարավոր չէ կառուցման աշխատանքներն ավարտել, նախընտրեցին կենտրոնանալ մարզադաշտի կառուցման աշխատանքների վրա։ Իսկ մարզադաշտ կառուցելու պահանջարկն այն ժամանակ մեծ էր. «Արարատ» ֆուտբոլային ակումբը շատ լավ էր խաղում, մարդիկ տարբեր քաղաքներից գալիս էին ակումբի խաղը նայելու, բայց մենք չունեինք այնքան մեծ մարզադաշտ, որը կկարողանար ընդգրկել խաղը դիտել ցանկացող բազմահազար մարդկանց։ Այդպես սկսվեցին կառուցման աշխատանքները։
Հրազդանյան նորամուծությունը
-Ջրահեռացման համակարգն էր։ Այն ժամանակ մարզադաշտերը վատ վիճակում էին գտնվում, քանի որ ջրահեռացումը սխալ էր կատարվում։ «Հրազդան» մարզադաշտի ջրահեռացման համար ընտրվեց մի մոդել, որը եզակի էր աշխարհում։ Ընդհանրապես տաք եղանակներին խոտը վերևից ջրել չի կարելի՝ այն չորանում է։ Մարզադաշտի խոտածածկը ջրվում էր վերևից և ներքևից հողի տակ գտնվող ավազանների միջոցով ջուրը բարձրանում էր քսան սանտիմետր մինչև հողի մակերես՝ ավելորդ ջուրը հեռացվում էր խողովակներով։
Նախնական տեսքի մասնակի կորուստը
-Դա խայտառակություն է: Օրինակ` գունավոր նստարանները: Ընդհանրապես գունավոր նստարանները նախատեսված են փակ տարածքների համար, որոնք որևէ առնչություն չունեն բնության հետ։ «Հրազդանը» սկզբնական շրջանում ձուլվում էր բնությանը, նստարանների կանաչ գույնն ընտրվել էր հենց այդ նպատակով։ Նույնիսկ ձուն տարին մեկ անգամ են ներկում։ Մարզադաշտը դարձրել են զատիկի ձու և անհամբեր սպասում են թե նորից երբ են ներկելու (ծիծաղում է)։
Ճարտարապետի հիասթափությունը
-Սրտի ցավ եմ զգում։ Համաշխարհային արձագանքները ապացուցում էին մարզադաշտի բարձր արժեքները։ Ես մեծ պայքար էի սկսել մամուլի միջոցով (ձեռքը մեկնում է դեպի թերթերի տրցակը)։ Այս ամբողջը պայքարի մամուլ է, հասարակական կարծիք, պատմություն։
Համանուն առևտրի կենտրոն
Տարիներ առաջ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բացվեց մեծածախ առևտրի կենտրոն: Դրա պատճառով <<Հրազդան>> անվանումը շատերի կողմից սկսեց ասոցացվել առաջին հերթին առևտրի և ոչ ֆուտբոլի հետ: Այժմ մանրավաճառները, որոնք մարզադաշտի տրիբունաների շրջակայքում զբաղվում են օգտագործված իրերի վաճառքով, աղտոտում են ոչ միայն մարզադաշտի միջակայքը, այլև անունն ու պատմությունը։
Էլինա Ասատրյան
3-րդ կուրս