Գինեսի ռեկորդակիր լեզվի խնդիրները Հայաստանում

Գինեսի ռեկորդակիր լեզվի խնդիրները Հայաստանում

135
Շաան Սիի համալսարան, ՉԺՀ

Աշխարհում ավելի քան 1 մլրդ. մարդ չինարեն է սովորում՝ լեզու, որն իր բարդության համար ներառվել է գինեսի ռեկորդների գրքում։  

Մեր երկրում չինարեն սովորողների պաշտոնական թիվ չկա, սակայն օրեցօր շատանում են չինարենի մասնագետներն ու լեզուն սովորեցնող դպրոցները։ Ցավոք, մասնագետները նաև ահազանգում են․ քանակը որակ չի ապահովվում։  

Հայաստանում չինագիտության ամենամեծ կենտրոնը Կոնֆուցիուսի ինստիտուտն է։ Այն հիմնադրվել է 2009թ.-ին՝ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական և չինական Շաան Սիի համալսարանների նախաձեռնությամբ։ Այդ տարվանից ի վեր Հայաստանում չինարենի հանդեպ հետաքրքրությունն աճել է։ Այժմ Կոնֆուցիուսի ինստիտուտն ունի շուրջ 150 ուսանող։ Միայն այստեղ սովորելը, սակայն, քիչ է չինարենի մասնագետ դառնալու համար։

Չինարեն կարելի է սովորել նաև հայաստանյան որոշ բուհերում։ Բրյուսովի անվան պետական համալսարանում և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարաններում կան չինարենի ֆակուլտետներ, իսկ ԵՊՀ Արևելագիտության և Միջազգային հարաբերությունների ուսանողների համար գործում է չինագիտության կենտրոն։ Երևանի պետական համալսարանի այլ ֆակուլտետների մի շարք ուսանողներ դժգոհում են, որ չնայած մեծ ցանկության և հետաքրքրության՝ այս կենտրոնում իրենք սովորել չեն կարող։

Արևելագիտության ֆակուլտետից պարզաբանեցին, որ չինագիտության կենտրոնն իրենք չեն հիմնադրել։ Այն պատկանում է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետին։ Այս 2 ֆակուլտետների ուսանողները որպես երկրորդ օտար լեզու առաջարկվող լեզուների ցանկից կարող են ընտրել չինարենը։

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի չինագիտության բաժնի ուսանող Լևոն Աբրհամայանը մեզ հետ զրույցում չինարենի մակարդակը մեր երկրում բարձրացնելու իր տարբերակն առաջարկեց․ «Համալսարանում նրանք, ովքեր ընտրում են չինարեն, ընդամենը շաբաթական 1 ժամ են ունենում, ու բակալավրիատի 4 տարին քիչ է լեզուն լրիվ սովորելու համար։ Պետք է շատացնել չինարենի դասերի քանակը, խորացնել ուսուցման մակարդակը։  Ինչ վերաբերում է չինարենի ֆակուլտետներին, ապա ընդունելության կարգը պետք է ավելի խստացնել, իսկ դասավանդողները 2 դեպքում էլ պետք է առնվազն մագիստրոսներ լինեն՝ Չինաստանում վերապատրաստված»։

  Հատկանշական է, որ կրթական համակարգի ավելի ցածր օղակներում՝ որոշ դպրոցներում ևս ուսումնասիրում են չինարեն։ Չինարեն սովորեցնող առաջին դպրոցը Հայաստանում  2018 թվականից գործող «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամն է՝ Անդրկովկասի միակ չինական դպրոցը։ Այստեղ սովորողները հասցնում են տիրապետել  չինարենի 6  մակարդակներից 3-ին, որից հետո շատերը նախընտրում են ուսումը շարունակել հենց Չինաստանում։

Չինագիտությունը մեր երկրում զարգացնելու նպատակով ուսուցիչներն իրենց աշակերտներին առաջարկում են  ինքնակրթվել, իսկ մասնագետ դառնալու համար՝ վերապատրաստվել լեզվակիր դասախոսների մոտ։

Տաթևիկ Աղավելյան

2-րդ կուրս

Կիսվել