«2022-ին գործի դրեցինք մի ծրագիր, որը որոշում էր տվյալ պահին հաճախորդի էմոցիաները»....

«2022-ին գործի դրեցինք մի ծրագիր, որը որոշում էր տվյալ պահին հաճախորդի էմոցիաները». Moodmap.ai ստարտափը և դրա ուղին

290

Աշխարհում օրեցօր շատանում է սպասարկման ոլորտի պահանջարկը, մասնավորապես՝ զանգերի կենտրոնների: Պահանջարկին զուգահեռ դժվարանում է կենտրոնների աշխատանքի վերահսկումը՝ առաջացնելով հաճախորդների անգոհունակությունը: 2022 թվականին AI մասնագետների մի խումբ իրագործեց Moodmap.ai ստարտափը՝ հնարավորություն տալով հասկանալ հաճախորդի զգացողությունները և տրամադրությունը: Նախագծի համահիմնադիր Դավիթ Չալոյանի հետ զրուցել ենք ծրագրի պատմության, հաջողությունների և հետագա պլանների մասին:

-Ինչպե՞ս առաջացավ ծրագրի գաղափարը:

Ամեն ինչ սկսվել է դեռ 2018 թվականից: Ստարտափի համահիմնադիրներից մեկը, ունենալով զանգերի կենտրոններում անհաջող փորձ, թե ինչպես էին աշխատակիցները անպատրաստ, անփորձ և ոչ գրագետ ձևով սպասարկում իրենց հաճախորդներին, նկատել էր բազմաթիվ բացթողումներ այդ ոլորտում: Դրանցից մեկը հաճախորդի բավարարվածության աստիճանն ապահովելն էր: Քանի որ բիզնեսների ամենամեծ խնդիրներից մեկը դա է, արդեն 2022-ին, կիրառելով արհեստական բանականությունը, գործի դրեցինք մի ծրագիր, որը որոշում էր տվյալ պահին հաճախորդի էմոցիաները՝ իր ձայնի և տոնայնության հիման վրա: Այդ ամենի միջոցով գործատուն բարելավում էր հաճախորդի գոհունակությունը, հասկանում բիզնեսի ցուցանիշները և խթանում աշխատակազմի մասնագիտացմանը:  

-Ինչու՞ Moodmap.ai:

-Ի սկզբանե մեր նպատակը եղել է ձայնից էմոցիա հասկանալը: Այդ գործընթացը մենք ցանկանում էինք ներկայացնել սխեմայի տեսքով, ուստի թարգմանաբար ստացանք էմոցիաների կամ տրամադրության քարտեզ անվանումը:

-Ինչպիսի՞ հաջողությունների և հաղթանակների եք հասել ստարտափի շրջանակներում:

-Առաջին համատեղ և նշանավոր հաղթանակը եղել է «M1TQ» հեքեթոնը, որից շահել ենք 10 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ, որն օգտագործվել է ծրագրի տեխնիկական մասի ապահովման և մշակման  համար: Դրան հաջորդեց Պետական դրամաշնորհը՝ ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից: Վերջին հաղթանակն ունեցանք այս տարվա փետրվար ամսին՝ «Seaside Startup Summit» մրցույթում, որն արդեն ուներ միջազգային բնույթ: Մրցույթին մասնակցում էին Հայաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից  և այլ երկրներից շուրջ 50 նախագծեր, որոնցից մեր ծրագիրը զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

-Որպես ծրագրի համահիմնադիր՝ ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան շուկայում ծրագրի կիրառության հավանականությունը:

-Ըստ իս՝ միջազգային շուկայում նախագիծն ավելի շատ տարածում և պահանջարկ կունենա: Դրա հիմնական պատճառը պայմանավորված է սպասարկման ոլորտների տեղերի բաշխվածությունից. հիմնականում սպասարկման ոլորտի, հատկապես զանգերի կենտրոնների աշխատատեղերը արտահանվում են այնպիսի երկրներ, որտեղ աշխատուժը ավելի էժան է: Հայաստանում ավելի շատ տեղական սպասարկման կենտրոններն են, որոնց թիվն այդքան էլ մեծ չէ: Հետևաբար մեր ծրագիրը առավել նախատեսված է միջազգային շուկայի համար, քան տվյալ դեպքում հայաստանյան:

Ամփոփելով զրույցը, Դավիթը նշեց թմի և ստարտափի հետագա քայլերի մասին.

«Ներկա պահին նախագիծը մի քանի կազմակերպություններում գտնվում է թեստավորման փուլում, այդ իսկ պատճառով պլանավորում ենք հավաքել թեստավորման արդյունքները, հասկանալ՝ աշխատում է այն այնպես, ինչպես մենք ենք նախագծել, և անցկացնել ուսումնասիրություներ: Նշված փուլերն ավարտելուն պես, մենք այն, որպես բիզնես նախագիծ, կներմուծենք շուկա և կսկենք տարբեր կազմակերպություններում ծրագիրը տեղադրել, ըստ այդմ՝ շահույթ գեներացնել և այն ավելի զարգացնել»:

Հարցազրույցը` Անի Սայադյանի

2-րդ կուրս

Կիսվել