Բոլիվուդյան ֆիլմերը վերջին շրջանում Հայաստանում մեծ տարածում են գտել, որոնց մեծ հետաքրքրությամբ հետևում են ոչ միայն երիտասարդները, այլև մեծերը: Այդ ֆիլմերի՝ հատկապես սերիալների նկատմամբ հանրության վերաբերմունքը միանշանակ չէ:
Հոգեբան Մերի Պետոսյանից փորձեցինք պարզել՝ ընդհանրապես հնդկական սերիալներն ի՞նչ ազդեցություն են թողնում հանրության շրջանում: Նա պատասխանեց. «Առհասարակ սերիալները կախվածություն են առաջացնում. հնդկականը ևս բացառություն չէ: Սերիալի տպավորիչ հատվածներն ազդեցություն են ունենում մարդու ներաշխարհի վրա, մարդիկ քնելիս դրանք հաճախ են հիշում, մտածում, և դա կարող է հանգեցնել անքնության: Սերիալն ազդում է անձի հուզական աշխարհի վրա. նա ավելի բարդությամբ է ցուցադրում իր զգացմունքները: Սերիալներն ազդում են նաև մտածողության վրա: Սերիալ նայելով՝ մարդը կարող է կորցնել իր անհատականությունը` նմանվելով տվյալ հերոսին»:
Սերիալների ազդեցության հարցում տարբեր են նաև հոգեբանների կարծիքները: Հոգեբան Գոհար Կարապետյանը խոսեց հնդկական սերիալների դրական կողմերի մասին . «Հնդկական սերիալների միջոցով մարդիկ ծանոթանում են հնդկական հասարակությանը, շուկային, մշակույթին, օրենքներին: Դիտելով սերիալը`մենք հասկանում ենք, թե ինչպիսի հասարակություն է ձևավորված կամ տվյալ հասարակությունն ինչ արատներ ունի»:
Փոքրիկ հարցախույզ կատարեցինք նաև հանրության շրջանում: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է հետաքրքիր սերիալներում և ինչո՞ւ են դրանք դիտում: 42-ամյա Ալինա Մկրտչյանի խոսքով` հնդկական սերիալներ դիտում է պարզապես հետաքրքրության համար, իսկ 35-ամյա Աննա Հայրապետյանին հետաքրքրում է դրանց սյուժեն, 21-ամյա Նարինե Կիրակոսյանին՝ հնդկական մշակույթը:
Հնդկական սերիալների շնորհիվ պատկերացում կազմելով մշակույթի մասին`երիտասարդներին շատ է հետաքրքրում հատկապես մեհենդին: Այն հինայով մարմնի վրա կատարվող նկարչության հնագույն արևելյան արվեստ է, որը բերում է երջանկություն և հոգու խաղաղություն:
Սակայն հանրության մի որոշ հատված բացասական վերաբերմունք ունի հնդկական սերիալների հանդեպ: Անի Բաղդասարյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հնդկական սերիալ դիտելը պարզապես ժամանակի կորուստ է:
19-ամյա Արևիկ Փանոսյանի կարծիքով՝ ավելի լավ կլիներ առհասարակ սերիալները քիչ լինեին, քանի որ հասարակությունը կախվածություն է ձեռք բերում տվյալ սերիալից: 19-ամյա Տաթև Կիրակոսյանը ևս կարծում է, որ հասարակությունը միայն կշահեր, եթե սերիալները քիչ լինեին:
Մարիամ Պետրոսյան
2-րդ կուրս