«Ստեղծագործելն ինձ համար ապրելու գրավականն է». Ռուբեն Եսայան

«Ստեղծագործելն ինձ համար ապրելու գրավականն է». Ռուբեն Եսայան

358

Journalist.am-ի այսօրվա հյուրը մերօրյա  երիտասարդ գրող, սցենարիստ, բլոգեր Ռուբեն Եսայանն է: Ռուբենը հեղինակել է տարբեր հաղորդաշարեր, եղել է մի շարք հաղորդումների, ներկայացումների սցենարիստ, այժմ զբաղվում է նաև երաժշտությամբ, նվագում է կիթառ, դաշնամուր:

Ռուբեն Եսայանը արդեն իսկ երկու գրքի հեղինակ է`«Թունելից 13 կմ հեռավորության վրա» և «Վանականներն ունեն գաղտնիք», որոնք դարձել են 2023 և 2024 թվականներին Հայաստանի ամենաշատ վաճառված (bestseller)  գրքերը: Երկու գրքերն էլ միստիկ-թրիլլեր ժանրից են:

Ռուբենի հետ հարցզրույցի ընթացքում խոսել ենք իր ստեղծագործական կյանքի, գրական ուղու, մոտ ապագայում սպասվող նորությունների մասին:

-Ռուբեն, ինչպե՞ս սկսեցիք Ձեր գրական ուղին, ի՞նչն է Ձեզ ոգեշնչում ստեղծագործել: Որտեղի՞ց են ծնվում Ձեր գաղափարները:

-Իրականում չունեմ ինչ-որ ոգեշնչում, ուղղակի այդ ժանրը շատ եմ սիրում, որով ստեղծագործում եմ: Ինձ համար շատ հետաքրքիր է, երբ ֆիլմը կամ գիրքը անսպասելի ավարտ է ունենում, դրա համար էլ մի օր ցանկացա այդպիսի գիրք գրել, քանի որ ֆիլմ նկարելը մեծ ֆինանսի հետ է կապված: Ունեմ սիրելի գրողներ օրինակ` Ագաթա Քրիստի, Ալլան Պո, ինչքան էլ զարմանալի կթվա, բայց Հովհաննես Թումանյան, որոնցից ոչ թե ոգեշնչվում եմ, այլ ուղղակի իրենք օգնում են ինձ գրել: Իրենց գործերը կարդալը ձեռագիր և միտք է ձևավորում:

-Ձեր վերջին՝ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վերնագրով գիրքը բեսթսելեր դարձավ, ինչպե՞ս ծնվեց գրքի գաղափարը, ո՞րն էր այս պատմության ստեղծման հիմնական գաղափարը և ինչու՞ հենց 13 կմ հեռավորության վրա:

-13 թիվը կապված է միֆալոգիայի հետ, Ամերիկայում հատկապես շեշտում են ուրբաթ-13-ը, կամ հյուրանոցներում 13-րդ հարկ չկա, ընդհանրապես, միստիկ թվի հետ են կապում: Իսկ գաղափարի մասով ասեմ, որ ես շատ եմ սիրում Հայաստանի գյուղեր գնալ, Հայստանում շատ գյուղեր կան, որոնց անունները մենք չգիտենք, ու մտածեցի՝ կարող է ադպիսի մի գյուղ կա, որի մասին մենք երբեք չենք լսել, և հնարավոր է այնտեղ շատ կտրված մարդիկ են ապրում ինչ-որ արտասովոր կյանքով: Հենց այդտեղից էլ առաջացավ գաղափարը:

-Ի՞նչ եք ցանկանում, որ ընթերցողները հասկանան կամ զգան «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գիրքը կարդալուց հետո: Արդյո՞ք կա որևէ վերջնական ուղերձ, որը ցանկանում եք փոխանցել:

-Որպես էդպիսին, մեկ ուղերձ չկա, կան բազմաթիվ ուղերձներ, որոնք մենք կարող ենք տեսնել հերոսների դիալոգներում, ինչ-որ տեսարաններում, բայց գրքի գերնպատակը էմոցիաներ փոխանցելն է մարդուն, փորձել ստիպել իրեն կշռադատ մտածել, ավելին վերլուծել: Գիրքը անսպասելի է ավարտվում, այն գրված է որպես ֆիլմ, որպեսզի մարդուն թվա, թե կարդալիս ֆիլմ նայեց:

-Ինչպիսի՞ արձագանքներ եք ստանում ընթերցողներից: Արդյոք նրանք հասկանում են այն մեսիջները, որոնք ցանկանում եք փոխանցել:

-Արձագանքները ընթերցողներից լավն են, եթե նույնիսկ բացասական կարծիք է լինում, հիմնականում ավելի մեծ սերնդի կողմից է լինում, ու հենց գրական ժանրի ներկայացուցիչներից: Իրականում, չեմ էլ փորձում գտնել պատասխաններ, կա մեծ լսարան, որը շատ սիրով ընդհունել է այս ամենը, հենց առաջին գրքի մեծ հաջողությունն էլ պատճառ դարձավ, որ գրեմ երկրորդը:

-Ինչպե՞ս եք ստեղծում կերպարները: Կա՞ն մարդիկ Ձեր կյանքում, որոնք ներշնչել են որոշակի կերպարների հարցում:

-Կերպարներին հորինում եմ, բայց իրենց մեջ ներդնում եմ ինձ ճանաչած մարդկանց բնավորության գծերը, օրինակ հենց առաջին գրքում («Վանականներն ունեն գաղտնիք») ես վերցրել էի իմ բոլոր գծերը՝ լավ և վատ, ու դրանք բաշխել էի բոլոր տղա կերպարների մեջ, իսկ աղջիկ կերպարներին այն մարդկանց էի նմանեցրել, որոնց հետ ինչ-որ ձև շփում եմ ունեցել:

-Այս պահին ի՞նչ նոր նախագծերի վրա եք աշխատում: Կա՞ն գրքեր կամ թեմաներ, որոնց վրա կենտրոնացած եք առաջիկայում:

-Այս պահին աշխատում եմ 3-րդ գրքի` «Թունելից 13 կմ հեռավորության վրա»-ի 2-րդ մասի վրա, դրան զուգահեռ աշխատում ենք գրքի էկրանավորման վրա: Երկուսն էլ 2025 թվականին կունենանք, գիրքը` առաջին կեսին, ֆիլմը` երկրորդ:

-Ռուբե՛ն, կցանկանամ խոսեք նաև այն մասին, թե ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել վիդեոբլոգինգով և ի՞նչը Ձեզ համար դարձավ դրա հիմնական միտիվացիան:

-Չկա որևէ մոտիվացիա վիդեոբլոգինգով զբաղվելու համար, շատ պատահական է ստացվել: Մի անգամ վիդեո էի սարքել դասի համար, որը տեղադրեցի YouTube-ում, ուսուցչիս ցույց տալու համար: Հետո տեսնա անընդհատ, որ վիդեոն բավականին շատ դիտումներ է հավաքում, մոտ 13 տարի առաջ էր, ինձ մարդիկ գրում էին, որ էլի են ցանկանում նմանատիպ վիդեոներ տեսնել, ես տեղադրում էի անընդհատ, և այդպես էլ դարձա վիդեոբլոգեր:

-Եվ վերջում, ամփոփելով հարցազրույցը, Դուք, որպես գրող, ի՞նչ խորհուդ կտաք երիտասարդներին, ո՞րն է ձեր գլխավոր ուղերձը:

-Երիտասարդներին խորհուրդ կտամ նախ կարդալ, և չվախենալ կարդալ այն, ինչը միգուցե ուրիշների կողմից հանրահայտ չէ, կամ սիրված չէ: Շատ եմ կարևորում գիրք կարդալը, որովհետև դա ձևավորում է աշխարհայացք, մտածողություն, լայնախոհություն, նույնիսկ դետեկտիվ գրքերը, որոնց բուն նպատակն է պարզել, թե ով է մարդասպանը, մենք ամեն դեպքում դրա արդյունքում լիքը մտածողություն ենք ձեռք բերում, ու իհարկե մեր խոսքն է բացվում, ավելի շատ բառապաշար ենք ունենում խոսելիս:

Հարցազրույցը՝ Սոնա Ռուբենյանի

2-րդ կուրս

Կիսվել