«Շաքարային դիաբետը դատավճիռ չէ»․ Մանե Գառնիկյան

«Շաքարային դիաբետը դատավճիռ չէ»․ Մանե Գառնիկյան

223

Journalist.am-ի այսօրվա զրուցակիցը «Մաչանենց» թատրոնի դերասանուհի, «ՄանԱրտ» թատերախմբի գեղարվեստական ղեկավար Մանե Գառնիկյանն է։ 19 ամյա Մանեն արդեն 11 տարի է ունի շաքարային դիաբետ, բայց դա նրան չի խանգարում վայելել կյանքը, քանի որ, նրա խոսքով, շաքարային դիաբետը ոչ թե հիվանդություն է , այլ՝ ապրելակերպ։

Մանեն ծնունդով Էջմիածնից է, սովորել է Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի ռեժիսուրայի բաժնում, այս տարի ընդունվել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ։ Իր հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է, որի մի մասն է բլոգինգը, ինչով էլ Մանեն սկսեց ավելի մեծ ճանաչում ստանալ, իսկ թեմայի ընտրության հարցում շատ չի տանջվել ․ որոշելով կոտրել կարծրատիպերը՝ Մանեն սկսել է բարձրաձայնել շաքարային դիաբետի և իր «աշխարը» աշխարհից չտարբերելու մասին։ Նրա հետ զրույցում խոսել ենք դերասանի իր կարիեռայի, շաքարային դիաբետի ու կյանքը, ինչպես որ կա, սիրելու մասին։ Հարցազրույցը՝  ստորև։

Արդեն 6 տարի է «Մաչանենց » թատրոնում եք ինչպե՞ս որոշեցիք ընդվունվել ։

-Դեռ մանկուց շատ արվեստասեր եմ եղել, երկար տարիներ պարի եմ հաճախել, շատ եմ սիրել ֆիլմեր դիտել և միշտ ինձ պատկերացրել եմ այդ ֆիլմերի հերոսների դերերում։ Մի օր մայրս, շատ պատահական լսելով «Մաչանենց» թատրոնի և թատրոն-ստուդիայի մասին և իմանալով, որ հետաքրքրված եմ դերասանական արվեստով, առաջարկեց գնալ և սովորել այնտեղ, դե ես էլ շատ ուրախացա, չմերժեցի և 2018 թվականին ընդունվեցի  «Մաչանենց » թատրոն։ 2 տարի սովորել եմ ստուդիայում, այնուհետև՝ անցել հիմնական դերասանական կազմ։

Ձեր մարմնավորած դերերից ո՞րն եք ամենաշատը սիրում և ինչու՞։

-Ես իմ մարմնավորած բոլոր կերպարներն էլ շատ եմ սիրում, քանի որ, ըստ իս, եթե չսիրեմ կերպարը, չեմ կարող լավ խաղալ, դրա համար էլ ես կարողանում եմ ընկերանալ ինձ բաժին հասած կերպարների հետ և դրանք դարձնել իմը, բայց, իհարկե, կա մի ներկայացում, որն ինձ համար առանձնահատուկ է․ խոսքը «Հրեշտակները չեն արտասվում» ներկայացման և Աննա Վլադիմիրի Բրունովայի երիտասարդ տարիքի կերպարի մասին է․ այն ինձ շատ հոգեհարազատ է։ Պատճառն այն է, որ այդ դերը խաղալիս ես հանգստանում եմ այնպես, ինչպես եկեղեցի պատարագ գնալուց հետո։

Նշեք մեկ զվարճալի կամ զավեշտալի դեպք, որը եղել է Ձեզ հետ ներկայացման ժամանակ։

-Դեպքը, որը տեղի ունեցավ մոտ 2-3 տարի առաջ, ավելի շատ արտակարգ է, բայց ես այն ծիծաղով եմ հիշում։ Այդ տարի «Մոխրոտը» ներկայացման մեջ մարմնավորում էի խորթ քույրերից մեկի կերպարը, և ներկայացման կեսից քթիցս սկսեց արյուն հոսել։  Բախտս բերեց, որ վայրկյաններ անց առաջին մուտքս ավարտվում էր․ մի քանի վայրկյան գլուխս վերև պահելով ավարտեցի ելույթս և դուրս եկա։ Ետնաբեմում անձեռոցիկ չգտնելով՝ օգտագործեցի վերնաշապիկս, (այդ օրը, չգիտեմ ինչու, ինձ հետ մեկ ավել վերնաշապիկ էի վերցրել), բայց, ցավոք, արյան հոսքը չդադարեց, և ես մինչև ներկայացման ավարտը այդպես ելույթ ունեցա՝ կորցնելով բավականաչափ արյուն և մեկ վերնաշապիկ իմ զգեստապահարանից։

-2 տարի առաջ Դուք բացեցիք Ձեր սեփական՝ «ՄանԱրտ» թատերախումբը ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը։

-Գաղափարը վաղուց եմ ունեցել, պարզապես անընդհատ ինչ-որ բաներ խանգարել են այն կյանքի կոչելու համար։ Մի օր երազումս տեսա, որ բացել եմ թատերախումբ, ունեմ աշակերտներ, ընկել եմ երազանքների գիրկը… Պատմեցի ընկերներիս, ծիծաղելով ասացին՝ Մա՛ն, լավ, արթնացիր։  Ես էլ մտքումս ասացի. «Կգա օրը՝ կլինի»։ Այդ տարի մեր համայնքում խառը շրջան էր. համայնքի ղեկավարի  նոր ընտրություններ և այլն։ Ես ակտիվ մասնակցում էի, որովհետև ինձ համար հայրենիքս սկսում է իմ համայնքից, և ես ուզում էի ինչ-որ լավ բան անել ուժերիս ներածին չափով։ Ակտիվությունս տվեց իր արդյունքը. նորընտիր համայնքապետը ունեցավ հանդիպում համայնքի երիտասարդների հետ՝ առկա խնդիրներն ու հուզող հարցերը բարձրաձայնելու նպատակով, որի ժամանակ ես խոսեցի համայնքի մշակութային աղքատ կյանքի մասին, քանի  որ գործող պարի խմբակը, որտեղ ինքս էլ հաճախել էի 12 տարի, փակվել էր։ Բացի դա, ինձ համար ցավալի էր այն փաստը, որ գյուղի երեխաները չունեն այն հնարավորությունները, ինչ՝ քաղաքի երեխաները։ Որոշում կայացվեց վերաբացել պարի խմբակը, ինչպես նաև ես ասացի թատերախմբի իմ գաղափարի մասին, որը հավանության արժանացավ, և այդպես, համայնքապետարանի աջակցությամբ, բացվեց  «ՄանԱրտ»-ը։

Ձեր աշակերտների թիվը գնալով ավելանում է. ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված։

-Հիմնականում պայմանավորված է նոր ներկայացմամբ կամ որևէ հետաքրքիր միջոցառմամբ։ Օրինակ՝ Համբարձման տոնի (Ջանգյուլում)  ժամանակ ես թույլ տվեցի, որ գյուղի բոլոր երեխաները մասնակցեն մեզ հետ, անկախ նրանից՝ թատերախմբից են, թե՝ ոչ։ Այդ օրվանից հետո մի շարք երեխաներ դարձան մեր թիմի անդամ։

Դուք արդեն 11 տարի է ունեք շաքարային դիաբետ, բայց բազմիցս նշել եք, որ այն Ձեզ համար ոչ թե հիվանդություն է , այլ՝ ապրելակերպ ինչպե՞ս եք եկել այդ եզրահանգմանը։

-Այդ եզրահանգմանը եկել եմ տարիների փորձառության արդյունքում։ Երբ նոր էի դիաբետ ձեռք բերել, ինձ բոլորը դա էին ասում, բայց ես իմաստը չէի հասկանում։ Տարիների ընթացքում հասկացա, որ իրոք այդպես է, որովհետև դու հարմարվում ես, սովորում ես, այն դառնում է քո կյանքի մի մասը․ եթե ապրելակերպ չէ, ապա ի՞նչ է։ Օրեր են լինում՝ անգամ մոռանում եմ, որովհետև ինձ համար սովորական է դարձել, ինչպես, օրինակ, ջուր խմելը։ Իհարկե ես շատ ուշադիր և հետևողական եմ, բայց, որպես հիվադություն, մեծ կարևորություն չեմ տալիս, որովհետև այն իմ կյանքի մի մասնիկն է, իմ լավ ընկերը, ու ես ընդունում եմ այն փաստը, որ դիաբետն ինձ ուղեկցելու է ողջ կյանքիս ընթացքում։ Չեմ ժխտի, որ եղել են օրեր՝ հոգնել եմ, անգամ դիտմամբ բաներ արել, դեռահասության շրջանում պատահում է, բայց ամեն դեպքում գալիս է մի տարիք, որ համակերպվում և ընդունում ես. ամենակարևորը դա է։

Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր հանձնվել են այդ պայքարում։

-Իրականում այդ պայքարում լինելն ու հաղթահարելը շատ-շատ բարդ է, և ծնողի գործոնը այս ամենում շատ մեծ է. Այսինքն՝ ինչպես է ծնողը տրամադրում երեխային։ Առհասարակ շրջապատի ազդեցությունն է մեծ, բայց առաջնային՝ ծնողի, հետո՝ բուժանձնակազմի։ Նաև կարևոր է գիտելիքով զինված ու տեղեկացված լինելը, քանի որ այդ պարագայում ցանկացած «հիվանդություն» (չակերտավոր եմ ասում, որովհետև ոչ մի հիվանդություն դատավճիռ չէ)  ավելի հեշտությամբ ես հաղթահարում։ Ովքեր հանձնվել կամ կառչել են դիաբետից, պիտի փնտրեն մոտիվացիաներ՝ դուրս գալու այդ իրավիճակից։ Իմ բլոգը ես հենց այդ մարդկանց համար եմ վարում, որպեսզի նրանք տեսնեն ու հասկանան, որ կարող ես ունենալ դիաբետ, բայց ապրել լիարժեք կյանքով։

Ո՞վ է Ձեր ամենալավ ընկերն ու աջակիցը։

-Իմ ամենալավ ընկերը կյանքի բոլոր փուլերում մայրս է։ Խոսք կա, չէ՞ , ասում են՝ մեկ է բոլորը գնում են, ու դու մենակ ես մնում քո մտքերի հետ. մայրս երբեք ու երբեք չի եղել այդ գնացողների մեջ։ Ես իսկապես մայրիկիս  շատ շնորհակալ եմ, որովհետև թե՛ իմ մասնագիտության ընտրության հարցում է ինձ շատ օգնել ու աջակցել, թե՛ թատերախմբի գործունեության հարցերում է օգնում և շատ բաներ իր վրա վերցնում։ Շատերն են ասել, որ եթե մորս փոխարեն լինեին՝ շատ ու շատ բաներ թույլ չէին տա. բոլորս էլ գիտենք, որ դերասանի մասնագիտությունն ու կյանքը բավականին ազատ են։ Իհարկե, մեզ մոտ էլ միշտ չէ, որ ամեն բան հարթ է ստացվում, բայց ամեն դեպքում մայրս հարգում է իմ որոշումները։ Իմ ազատությունը հենց մայրս է տվել ինձ. օրնակ՝ երբ բոլորի ներկայությամբ տալիս էր ինսուլինն ու ասում՝ ներարկվիր, դու ոչ մի վատ բան չես աում։ Դրա համար եմ ասում, որ ծնողի դերը շատ մեծ է ։

Եթե Ձեր մայրը դեմ լիներ դերասանի մասնագիտությանը, Դուք կդիամադրեի՞ք ։

-Բախտս բերել է իրականում, որ դեմ չի եղել, չնայած, վերջերս՝ համալսարան դիմելիս, ասում էր, որ արդեն կարող եմ փոխել ընտրությունս, այսինքն՝ դեմ էր։ Բայց մի լավ բան կա. ես ու մայրս միշտ քննարկում և իրար հասկանում եք, և ամեն այո կամ ոչ ունի իր բացատրությունը, որի շնորհիվ էլ մայրս մտափոխվեց, և ես ընդունվեցի Թատերական ինստիտուտ։

Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր մոտիվացիան։

-Ես չեմ ասի ժ, որ չունեմ մոտիվացիայի աղբյուրներ, բայց դրանք ինչ-որ մարդկանց տեսքով ներկայացված չեն։ Փոքր տարիքում կարող է մի շարք դերասանների անուններ տալ, բայց հիմա՝ ոչ, հիմա մոտիվացիա են բոլոր այն մարդիկ, որոնց օրինակից ես սովորում եմ կամ ինքս ինձ ասում՝ տես ինչքան լավ է, Մանե՛, պիտի այս գիծը վերցնես։ Իմ մոտիվացիան, կարելի է ասել, երազանքներիս իրականացումը տեսնելն է։

Եվ որպես վերջաբան ո՞րն է Ձեր կարգախոսը, որով առաջ եք շարժվում։

-Իմ կյանքի տարբեր շրջափուլերում կարգախոսներս փոխվում են։ Այս պահին մի փուլում եմ, որի կարգախոսս պայքարելը, չհանձնվելը ու կյանքի հանդեպ հետաքրքրությունը չկորցնելն է։ Կարևորը՝ չկորցնել եսը, կատարելագործել այն ու շարժվել առաջ։

Հարցազրույցը՝ Արև Քոլունցի

2-րդ կուրս

Կիսվել