Անկախ տրամադրությունից՝ բեմում ամեն բան փոխվում է. Էդգար Բարսեղյան

Անկախ տրամադրությունից՝ բեմում ամեն բան փոխվում է. Էդգար Բարսեղյան

246

Երբեմն հենց բեմն է, որ օգնում է հաղթահարել ներքին կռիվներն ու շարունակել ապրել։ Դերասան Էդգար Բարսեղյանի համար թատրոնն ապրելակերպ է։

-Էդգար, ավարտել եք Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը։ Դերասանի մասնագիտությունը մանկությա՞ն երազանք է եղել։

-Երազանք չէր, բայց զգում էի, որ մասնագիտությունս արվեստի հետ է կապված լինելու։ Մանկուց նաև երգել եմ սովորել, սիրում էի կրկնօրինակել տարբեր կերպարների։ Երբ դպրոցն ավարտեցի, արդեն սովորում էի Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան դրամատիկական թատրոնին կից ստուդիայում և հստակ որոշել էի՝ դերասան եմ դառնալու։ Տարվեցի թատրոնով, որի համար շնորհակալ եմ լուսահոգի Վարպետիս` Վահե Շահվերդյանին։

Հա՛, ի դեպ, այն ժամանակ ցանկանում էի կինոյի դերասան դառնալ, բայց դա նախքան թատրոն մտնելն ու առաջին անգամ հարազատ թատրոնի բեմում խաղալս էր (ժպտում է)։

-Ավարտելուց հետո, երբ արդեն Աբելյանի անվան թատրոնում էիք, ո՞րն էր Ձեր մարմնավորած առաջին կերպարը։ Ի՞նչ զգացողություններ ունեիք բեմում։

-Բեմելս Աբելյան թատրոնում եղել է, եթե չեմ սխալվում, Ալ. Շիրվանզադեի «Չար ոգին» ներկայացմամբ, որտեղ մասսայական տեսարաններում էի կամ Վ. Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացմամբ, որտեղ զինվոր էի:

Երկու ներկայացումներում միաժամանակ հայտնվեցի, և այդտեղ հասկացա, որ խոսքն ուժ ունի, որովհետև երկու ներկայացումներն էլ դիտել էի մեկ անգամ ու մտածել՝ կլինի՞ մի օր՝ ես էլ զբաղված լինեմ այս ներկայացումների մեջ, և որոշ ժամանակ անց դարձա ներկայացումների մասնակիցը։

-5 տարի է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում եք։ Ո՞վ կամ ի՞նչն է ամենից շատ ոգեշնչում Ձեզ։

-Հենց բեմը։ Ինչ տրամադրություն էլ ունենամ, երբ ոտքս կուլիսից դնում եմ բեմ, ամեն բան փոխվում է: Գրողներից Շեքսպիրն է ինձ ոգեշնչում, իսկ երբ զգում եմ, որ պետք է, այսպես ասած, հոգեպես ինքնամաքրվել, սիրում եմ Դոստոևսկի ընթերցել։

-Ժամանակի ընթացքում բեմ բաձրանալիս և բեմում լարվածությունը հաղթահարե՞լ եք։

-Լարվածությունը միշտ կա․ եթե արդեն բեմում եմ՝ նախքան վարագույրի բացվելը, իսկ բեմից այն կողմ՝ նախքան առաջին մուտքս, բայց միայն այդ երկու դեպքերում, դրանից հետո ամեն բան անցնում է։ Կարծում եմ, բնական է, որ լարվածություն կա, զարմանալի կլիներ, եթե լարվածություն չլիներ։

-Ի՞նչ զվարճալի պատմություն կհիշեք թատրոնից, փորձերից։

-Մինչև թատրոնում հայտնվելս, Հր. Մաթևոսյանի «Աշնան արև» ներկայացման մեջ Աբելի դերակատարն էի լինելու, որտեղ Աբելն ասում է, թե ինչ մականունով են իրեն դիմում, և քանի որ մեր դպրոցը ներկա էր լինելու ներկայացմանը, ես՝ կոմպլեքսավորված երիտասարդս, ասացի, որ չեմ ուզում խաղալ այդ դերը, բնականաբար, ռեժիսորը փոխարինեց ինձ, իսկ վարագույրը բացվելուն պես ես դահլիճում նստած բարկացա ինձ վրա՝ իմ արած հիմար քայլի համար (ծիծաղում է)։

-Գիտեմ, որ թատերական ստուդիայում դերասանի վարպետություն եք դասավանդում։ Ինչպե՞ս եք Ձեր ուսանողներին մոտեցնում դերասանի մասնագիտությանը, ինչպե՞ս եք մոտիվացնում։

-Արդեն երկուսուկես տարի է «Նար» թատերական ստուդիայում եմ, երբեմն լինում են դեպքեր, որ դժվար եմ համատեղում, բայց հիմնականում հարմարեցնում եմ աշխատանքիս հետ, որ դասը չտուժի:

Ցավոք սրտի, ուսանողներին միայն թատրոնով մոտիվացնել դժվար է։ Բացի այդ, ոչ բոլորի նպատակն է դառնալ դերասան։ Ուսանողներիս ուղղություն եմ ցույց տալիս, որ չկրկնեն իմ արած սխալները։ Ինձ համար կարևոր է, որ իմ ուսանողները դառնան գոնե լավ հանդիսատես։

-Ասում են՝ դասախոսը սովորեցնում և սովորում է իր ուսանողներից միաժամանակ։ Ի՞նչ եք սովորում ձեր ուսանողներից։

-Միանշանակ այդպես է։ Մարդը միշտ պետք է սովորի, և տարիքային տարբերությունը կապ չունի։ Շատ եմ կապված «Նար» ընտանիքի երեխաներիս հետ։ Թեկուզ երբ էտյուդ եմ հանձնարարում նրանց, մտածում եմ, թե ինչպես ես կխաղայի։

-Ոչ հաճախ, բայց երևում եք նաև էկրաններին։ Ի՞նչ դժվարություններ եք ունենում բեմից էկրան տեղափոխվելիս։

-Հիմնականում բարդ չի լինում։ Պարզապես էկրանին տեսախցիկը խոշորացույցի էֆեկտով ցույց է տալիս ինչ-որ ավելորդ միմիկա, որն արդեն իսկ խանգարում է, իսկ թատրոնում հակառակն է՝ միմիկան պետք է լինի։

-Կա՞ն առաջարկներ, որ մերժում եք։

-Լինումեն առաջարկներ, որ մերժում եմ որոշ պատճառներով, կան՝ որ ընդունում եմ։

-Էդգար, Աբելյանի անվան թատրոնում մեկնարկել է 93-րդ թատերաշրջանը։  Ի՞նչ ակնկալիքներ ունենա հանդիսատեսը Ձեզնից, ի՞նչ նոր ներկայացումներում հանդես կգաք։

-Այս թատերաշրջանի առաջին պրեմիերան տեղի ունեցավ վերջերս՝ սեպտեմբերի 25-ին Ե. Շվարցի «Վիշապը» ներկայացմամբ, որտեղ մարմնավորում եմ Հենրիխի կերպարը։ Այս կերպարում շատերը կգտնեն իրենց, քանի որ հիմա շատ են Հենրիխները, ովքեր ամեն ինչի վրայով պատրաստ են անցնել, միայն թե հասնեն իրենց ուզածին։

-Ամենակարևորը ի՞նչ է տվել Ձեզ թատրոնն ու Ձեր մասնագիտությունը։

-Մանավանդ վերջին տարիներին, պարզապես ապրելու ստիմուլ։ Այն ինչ տեղի ունեցավ, այն կորուստները, որ ունեցանք թևաթափ արեցին, կոտրեցին, էմոցիաների անհասկանալի կծիկ էր ինձ մոտ։ Որոշ չափով թեթևություն բերեց հենց խաղալը։  2021 թվականին Վահե Սուրենիչը բեմադրեց Դ. Դեմիրճյանի «Երկիր հայրենին», որը մեր հարգանքի տուրքն էր, ասելիքը, որ սրանով ոչինչ չավարտվեց։ Գործում խոսվում է Անին հանձնելու մասին, այն՝ ինչը տեղի ունեցավ նաև մեր օրերում։ Ամեն անգամ այդ ներկայացումը խաղալիս կուտակված բաներ կան, որ միշտ դուրս է գալիս։ Հաջորդ օրն ուրախ եմ լինում, երբ զգում եմ, որ սպառված եմ, թեթևացած ինչ-որ չափով։

-Եվ վերջում, Ձեր գլխավոր խորհուրդը՝ Ձեր ապագա գործընկերներին։

-Վարպետիս (Վահե Շահվերդյան)  խոսքերը․ կյանքում լավ բաները պահել ու լավատեսությամբ ապրել, չչարանալ։ Հեռու վանել վատ հիշողություններն ու մտքերը։

Հարցազրույցը՝ Նարե Շավինյանի

2-րդ կուրս

Կիսվել