Շուտով վերելակի փոխարինման հերթը կհասնի Արմեն Տիգրանյան փողոցի 5-րդ շենքին

Շուտով վերելակի փոխարինման հերթը կհասնի Արմեն Տիգրանյան փողոցի 5-րդ շենքին

44

 Երևանի բազմաբնակարան շենքերում շահագործվում են վերելակներ, որոնք դեռևս խորհրդային տարիներից են սպասարկում բնակիչներին։ Մինչդեռ դրանց շահագործման ժամկետը 25 տարի է. այս մասին իր կայքէջում դեռևս նախորդ տարի գրել է Երևանի քաղաքապետարանը։

 Հին և թերի աշխատող վերելակները բնակչության համար հաճախ լուրջ խնդիրներ են ստեղծում և տեխնածին վթարների, դժբախտ դեպքերի պատճառ կարող են դառնալ։

 Մայրաքաղաքի շենքերից մեկի՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Արմեն Տիգրանյան փողոցի 5-րդ շենքի բնակիչները բողոքում են շենքի հին և ոչ բարվոք վերելակներից (նկար 1)։ 

Նկար 1

Նրանց խոսքով՝ վերելակի աշխատանքի խափանումները հաճախադեպ են։ Բացի այն, որ բնակիչները արգելափակվում են վերելակում, լինում են դեպքեր, որ պահանջվող հարկի փոխարեն վերելակի դռներն այլ հարկում են բացվում։ 3-րդ հարկում վերելակի դուռը վաղուց փակված է և չի աշխատում, իսկ 2-րդ հարկում ի սկզբանե բացակայել է։ Բնակիչները մտահոգված են՝ եթե վերելակի աշխատանքը խափանվի՝ կանգնելով, օրինակ, հենց 3-րդ հարկում, նրանք չգիտեն, թե ինչպես են անվտանգ դուրս գալու այնտեղից։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Հաղթանակ» համատիրության կառավարիչ Սոնա Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց տարածքի բոլոր հին վերելակների շահագործման ժամկետները սպառվել են՝ օգտագործվելով 40 տարուց ավելի։ Վերոնշյալ 5-րդ շենքի վերելակները շահագործվում են գրեթե 50 տարի, և խափանումների ու խնդիրների հիմնական պատճառը հին մեխանիզմն է։

Համատիրության աշխատակից, էլեկտրամեխանիկ Վասիլ Սարիբեկյանը նույնպես 2-րդ և 3-րդ հարկերում վերելակների դռների բացակայությունը մեծ խնդիր է համարում, քանի որ տարբեր շենքերում եղել են դեպքեր, երբ վերելակը կանգ է առել այդ հարկերում, և բնակիչներին դուրս բերելը մեծ ջանքեր է պահանջել։

Ցածր հարկերում վերելակների բացակայությունը բացատրվում է նյութական միջոցների պակասով։ Դեռևս 2000-ական թվականներից 2-րդ և 3-րդ հարկերի վերելակները չեն շահագործվել, և դրանց դետալներն օգտագործվել են վերևի հարկերի վերելակների դետալային խնդիրները լուծելու համար։

Ըստ Սոնա Բարսեղյանի՝ վերելակի խափանման դեպքերը պայմանավորված են ոչ միայն դրա հնությամբ, այլև բնակիչների անփութությամբ։ Բնակիչները խնամքով չեն օգտվում վերելակից և չեն գիտակցում, թե այն ինչ բարդ և վտանգավոր մեխանիզմ ունի։ Հատկապես երեխաները չեն հետևում վերելակում գտնվելու կանոններին, թռչկոտում են և շարժում վերելակը, որն էլ խափանումների պատճառ է դառնում։

Մեխանիկը վստահեցնում է, որ չնայած վերելակի հին լինելուն՝ այն մարդկանց կյանքի համար վտանգավոր չէ։ Նրա խոսքով՝ ամեն տարի Արտակարգ իրավիճակների նախարարությունը համատիրության միջոցներով, որոնք գոյանում են բնակիչների վճարումներից, պարտադիր փորձաքննություն է անցկացնում և կազմում եզրակացություն։ Բացասական եզրակացության դեպքում դադարեցվում է վերելակի շահագործումը՝ խնդիրը լուծելու նպատակով (նկար 2)։ Վերջին փորձաքննությունն իրականացվել է անցյալ տարվա ամռանը և տրվել է դրական եզրակացություն (նկար 3)։ 

                Նկար 2                                                                       Նկար 3

Հին վերելակները շարունակում են շահագործվել պարբերական վերանորոգումների արդյունքում, սակայն խնդիրը վերջնական լուծում է պահանջում։ Դեռևս 2019 թվականից Երևանի քաղաքապետարանը հայտնել է վերելակների փոխարինման ծրագրի մասին, ըստ որի՝ ամեն տարի հայտարարվում է մրցույթ, և փուլ առ փուլ իրականացվում է հին վերելակների փոխարինում։ Քաղաքապետարանը, սակայն, վերելակները փոխարինելու պարտավորություն չի կրում, քանի որ ըստ բազմաբնակարան շենքի կառավարման մասին ՀՀ օրենքի՝ ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում՝ վերելակները շենքի բնակիչների բաժնային սեփականությունն են։

Մեզ հետ զրույցում քաղաքապետարանի լրատվության վարչությունից փոխանցեցին՝ ծրագիրը նախաձեռնվել է բնակիչներին ֆինանսական բեռից ազատելու համար, քանի որ յուրաքանչյուր վերելակի փոխարինման համար պահանջվում է շուրջ 10 միլիոն դրամ։

Ինչպես մեկ տարի առաջ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն իր անդրադարձում էր նշել, հասցեների ընտրությունն իրականացվում է ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով, թե որ վերելակներն են առավել վթարային, և որ հասցեներից են ավելի հաճախ ահազանգեր ստացվում խափանումների վերաբերյալ։ Մեխանիկը կազմում է ամենաանբարեկարգ վիճակում գտնվող վերելակների ցանկը և ուղարկում քաղաքապետարան։ Այս տրամաբանությամբ էլ արդեն փոխարինվել է շենքի 1-ին մուտքի՝ ամենավատ վիճակում գտնվող վերելակը։ Ժամանակի ընթացքում փոխարինվելու են մնացած 3 մուտքերինը։ Իսկ նոր վերելակների հետագա խնամքով զբաղվելու են բնակիչներն ու  համատիրությունը։

Քաղաքապետարանը հայտնում է, որ վերելակների փոխարինման աշխատանքները տևում են 40-45 օր, սակայն մեխանիկը վստահեցնում է, որ մասնագետներն աշխատում են հօգուտ բնակիչների՝ նոր վերելակները շահագործման հանձնելով 15-20 օրում։

Ի պատասխան բնակիչների մտահոգությունների՝ քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ համաձայն տարեկան ծրագրով հաստատված ցանկի՝ այս տարի 3-րդ մուտքի վերելակը ենթակա է փոխարինման։ Իսկ թե որ կազմակերպությունն է իրականացնելու ծրագիրը, դեռևս հայտնի չէ։

Մարինե Զոհրաբյան

3-րդ կուրս

Կիսվել