Թվերից դեպի լույսի ու պատկերների աշխարհ

Թվերից դեպի լույսի ու պատկերների աշխարհ

164

Մարատի հետ խոսելիս առաջին հերթին զգում եմ նրա ներքին հանգստությունը։ Նա քչախոս է, խիստ կենտրոնացած, ու թվում է՝ ավելի շատ սիրում է լսել, քան խոսել։

32-ամյա լուսանկարիչը, որն այսօր աշխատում է հայաստանյան հայտնի բրենդների և մոդելների հետ, մինչ լուսանկարիչ դառնալը երկար ժամանակ իրեն տեսնում էր մաթեմատիկայի աշխարհում, որտեղ ամեն ինչ ունի հստակ ձևակերպում և տրամաբանություն։ Առաջին անգամ ֆոտոխցիկը վերցրեց 26 տարեկանում՝ ոչ թե որպես մասնագետ, այլ պարզապես սիրողական հետաքրքրությամբ։ Լուսանկարչության ու մոնտաժի նրբությունները սովորել է ինքնուրույն՝ համացանցային դասընթացների ու հոլովակների միջոցով։ Ժամանակի ընթացքում ինքն իր առաջ պահանջներ դնելով և անընդհատ կատարելագործելով հմտությունները՝ Մարատը դարձավ պահանջված լուսանկարիչ։ Սակայն նա առանձնանում է մի կարևոր սկզբունքով՝ երբեք չի նկարում մարդկանց, որոնց հետ ներքին կապ չունի։

«Ես չեմ կարող, թեկուզ և փողի համար, նկարել մեկին, ում չեմ հավանում և չեմ տեսնում իմ կադրում»։  Ուստի հաճախ նա իր մոդելներին ընտրում է անձամբ՝ մարդկանց, որոնք հետաքրքիր են իրեն կամ ում հետ զգում է ներքին կապ։ Մարատն այն նկարիչներից է, որ խորապես ընկալում են իրենց մոդելներին՝ կադրում հայտնաբերելով նրանց եզակիությունը և առանձնահատկությունը։

Հայտնի բրենդների և գովազդային արշավների շրջանակներում աշխատելուց բացի, Մարատն ունի նաև իր սեփական՝ անձնական լուսանկարները, որոնք հաճախ տեղադրում է սոցիալական ցանցերում։ Դրանք համարում է իր ինքնարտահայտման միջոցը։ Լուսանկարչությունը նրա համար ոչ միայն մասնագիտություն է, այլև անձնական զարգացման միջոց։ «Մինչ լուսանկարչությունը ես ինտրովերտ էի, շատ դժվար էի շփվում մարդկանց հետ», – խոստովանում է նա։ Բայց մասնագիտության միջոցով սովորել է ճանաչել մարդկանց և շփվել՝ զգալ նրանց հույզերն ու անկեղծ պահերը։ Այժմ, թեև դեռևս չի սիրում երկար զրույցները, նրա կադրերը խոսում են իր փոխարեն՝ փոխանցելով այն, ինչ հնարավոր չէ արտահայտել բառերով։ «Լուսանկարչի աշխատանքը իրականում ավելի բարդ է, քան պատկերացնում ենք, ոնց չե՞ս հոգնում»,-հարցրի ես՝ տեսնելով, թե ինչպես է մանրակրկիտ ընտրում և մշակում նկարները։ Նա էլ ժպտաց ու ասաց, որ սիրում է իր աշխատանքը, և դրանից դժվարությունն ու հոգնածությունը փոքրանում են։ Նրա համար լուսանկարչությունը ոչ թե պարզապես աշխատանք է, այլ ներսի մթնոլորտի արտացոլանք, որը նա կարողանում է փոխանցել լուսանկարներում:

Մելանյա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել