Դասագրքերի փոփոխություն․ ի՞նչ են ենթադրում նոր դասագրքերը

Դասագրքերի փոփոխություն․ ի՞նչ են ենթադրում նոր դասագրքերը

106

Հայաստանում կրթական բարեփոխումները հաճախ են հայտնվում հասարակական ուշադրության կենտրոնում, և վերջին շրջանում ամենաշատ քննարկվող հարցերից մեկը 3-րդ դասարանի դասագրքերի փոփոխությունն է։ Այս փոփոխությունը ծնողների, ուսուցիչների և կրթության ոլորտի մասնագետների շրջանում առաջացրել է բազմակողմանի արձագանքներ։ Ի՞նչ է ենթադրում նոր դասագիրքը, ինչո՞ւ են ծնողները և ուսուցիչները մտահոգված, և արդյո՞ք այս փոփոխությունը դրական ազդեցություն կունենա երեխաների ուսումնական գործընթացի վրա։

3-րդ դասարանի դասագրքերը վերանայվել են՝ նպատակ ունենալով արդիականացնել բովանդակությունը և ներմուծել ուսուցման ժամանակակից մեթոդաբանություն։ Այս փոփոխությունների շնորհիվ ներառվել են նոր թեմաներ, ինչպես նաև կիրառվել են մեթոդներ, որոնք շեշտադրում են աշակերտների ակտիվ մասնակցությունը և ինքնուրույն մտածողության զարգացումը։ Սակայն, չնայած բարեփոխումների նպատակներին, նոր դասագրքերի կիրառումը առաջացրել է տարբեր հակասություններ։  

Երրորդ դասարանի աշակերտի մայր Լաուրա Աղաջանյանը կիսում է իր մտահոգությունը նոր դասագրքի վերաբերյալ. «Երբ սկսեցի ուսումնասիրել դասագիրքը, նկատեցի, որ որոշ թեմաներ բավականին բարդ են երեխայիս համար։ Օրինակ՝ մաթեմատիկական խնդիրները դարձել են ավելի բարդ, և ես ինքս ստիպված եմ լինում երկար ժամանակ հատկացնել՝ դրանք բացատրելու համար։ Արդյունքում երեխան կորցնում է հետաքրքրությունը և դժվարանում է նյութը ընկալել։ Կարծում եմ՝ նման բարդ մոտեցումները պետք է ներդրվեն ավելի բարձր դասարաններում»։

Մարինե Հարությունյանը՝ տարրական դասարանների դասվար, նշում է. «Նոր դասագիրքը մեծ փորձություն է թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար։ Որոշ թեմաներ առաջին հայացքից կարող են բարդ թվալ, սակայն այս մեթոդաբանությունը նպաստում է աշակերտների մտածողության զարգացմանը։ Եթե մենք՝ ուսուցիչներս, ճիշտ կերպով առաջնորդենք երեխաներին, նրանք կկարողանան հաղթահարել դժվարությունները։ Բայց, իհարկե, անհրաժեշտ է, որ մենք ևս ժամանակ առ ժամանակ վերապատրաստումներ անցնենք, որպեսզի կարողանանք նոր մեթոդները կիրառել արդյունավետ ձևով»։

Կրթության ոլորտի մասնագետները տարբեր մոտեցումներ ունեն այս փոփոխությունների վերաբերյալ։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ հնարավոր չէ միանշանակ ասել՝ դասագրքերը լավն են, թե վատը. «Հենց այստեղ է խնդիրն առաջ գալիս, որ դա չափելու գործիքը չունենք: Եվ ինչ է նշանակում որակյալ կրթություն… Ուսուցիչները կարիք ունեն մասնակցելու ամբողջ պրոցեսին և ունենալ ուղեցույցներ, թե ինչպես պետք է օգտագործել դասագրքերը: Արդյոք այստեղ առանցքային նշանակություն ունի օրինակ` հեղինակը այս մասնագետն է կամ այն մասնագետը։ Կարեւորն այն է, թե ուսուցիչներն ինչպես են պատրաստված այդ դասագրքերը օգտագործելու առումով»:

Դասագրքերի փոփոխությունները, մասնավորապես 3-րդ դասարանի դեպքում, դառնում են երկսայրի սուր՝ մի կողմից լինելով կրթական բարեփոխման կարևոր քայլ, իսկ մյուս կողմից՝ խոչընդոտ՝ անպատրաստության պատճառով։ Ծնողները, ուսուցիչները և մասնագետները համաձայն են, որ բարեփոխումները պետք է լինեն իրատեսական և իրականացվեն աստիճանաբար, հաշվի առնելով երեխաների զարգացման փուլերը և ուսուցման բարդությունը։ Հակառակ դեպքում նույնիսկ ամենալավ նպատակները կարող են վերածվել նոր խնդիրների՝ խանգարելով կրթական գործընթացի բնականոն ընթացքին։

(Վերևի 2 նկարը ստեղծված են արհեստական բանականության միջոցով)

Մելանյա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել