Ժուռնալիստիկայի ֆակուլտետում մեկնարկեց «Հարթակ 0» միջհամալսարանական ծրագիրը

Ժուռնալիստիկայի ֆակուլտետում մեկնարկեց «Հարթակ 0» միջհամալսարանական ծրագիրը

141

Մեդիագրագիտության շաբաթը Երևանի Պետական Համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում սկսվեց ֆակուլտետի Ուսանողական Խորհրդի կողմից նախաձեռնած «Հարթակ 0» նախագծով:

Ծրագրի ընթացքում  Երևանի 4 բուհերի (ԵՊՀ, Երևանի Խ. Աբովյանի պետական մանկավարժական համալսարան, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, Եվրասիա Միջազգային Համալսարան) ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ սկսեցին ուսումնասիրել լրագրության ամենահետաքրքիր ուղղությունները՝ ռազմական լրագրությունից մինչև մեդիագրագիտություն:

Ծրագրի հիմնադիր Միշա Եթումյանը նախագիծը համարում է անձնական փորձի փոխանակման միջոց` հնարավորություն տալով տարբեր համալսարանների նույն ֆակուլտետում սովորող ուսանողներին կիսվել իրենց անցած ուղով.

«Ընդհանրապես, ՀՀ անկախության պատմության մեջ առաջին անգամ է ստեղծվում այնպիսի ծրագիր, որում միմյանց հետ համագործակցում են ոչ թե համալսարանները, այլ համալսարանների ֆակուլտետները: Մեր առաջնային նպատակն է միավորել ուսանողներին տարբեր բուհերից, ստեղծել մի միջավայր, որտեղ նրանք կարող են կիսվել իրենց փորձով, նոր հմտություններով և ավելի խորացնել իրենց մասնագիտական գիտելիքները»:

Այս տարի ծրագրին մասնակցում են 40-ից ավել ուսանողներ: Յուրաքանչյուր բուհից ընտրվել է տասը ուսանող, ովքեր կանցկացնեն մեդիագրագիտության շաբաթը մասնագիտական գիտելիքներով լի:

«Մենք վստահ ենք, որ հենց այս փոխհարաբերություններում ծնվում է այն փորձը, որը կտանի լրագրության ապագան դեպի նոր, ավելի բարդ ու համարձակ ուղիներ: «Հարթակ 0»-ն այն առաջին քայլն է, որ մենք անում ենք միասին՝ կառուցելով միջբուհական ու մասնագիտական ամուր կապեր, որոնք կմիավորեն մեզ ու կպահպանեն մեր մասնագիտական արժեքները»,- հավելեց Միշան:

Նշենք, որ օրվա մեկնարկը տրվեց «Իրավական լրագրություն և գովազդ» դասընթացով, որի ժամանակ բանախոս Վարդուհի Պետրոսյանը ներկայացրեց իրավական լրագրության առանձնահատկությունները և գովազդի կարգավորման օրենքները:

Նկարները` ԵՊՀ  Ժուռնալիստիկայի ֆ.-ի  ՈւԽ-ի

Անի Սայադյան

2-րդ կուրս

Կիսվել