Սպորտի տարածվածությունն աշխարհում. ի՞նչ տեղ ունի Հայաստանը

Սպորտի տարածվածությունն աշխարհում. ի՞նչ տեղ ունի Հայաստանը

100

Սպորտն աշխարհի քարտեզին

«Սպորտը համընդհանուր լեզու է, որը միավորում է մարդկանց և ազգերի խմբերին՝ չնայած առկա տարաձայնություններին»,- նման ուղերձով 2014 թվականի ապրիլի 6-ին հանդես եկավ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը`hռչակելով ապրիլի 6-ը սպորտի միջազգային օր, հավատացած լինելով, որ սպորտի մասսակայանացումն ու զարգացումը գործում են ի շահ խաղաղության և պետությունների զարգացման:

Սպորտն իր շուրջն է հավաքել տարբեր ազգերի բազմաթիվ ներկայացուցիչների` անկախ նրանց սեռից, կրոնից և ռասայից, իսկ օլիմպիական խաղերն աշխարհում ամենամեծ հանրաճանաչություն վայելող մարզական իրադարձություններից մեկն է:

Ժամանակակից առաջին օլիմպիական խաղերը տեղի են ունեցել 1896 թվականին Աթենքում` սկզբնավորելով սպորտի զարգացման ու մասսայականացման մի նոր փուլ:

Օլիմպիական առաջին խաղերին մասնակցել են 14 երկրներ և 241 մարզիկներ, որոնց քանակը տարիների ընթացքում ավելացել է: Այս տարի Փարիզում կայացած 33-րդ օլիմպիական խաղերին մասնակցել են  206 երկրներ և 10.500 մարզիկներ:

Այնուամենայնիվ, օլիմպիական ոչ բոլոր սպորտաձևերն են մեծ հետաքրքրություն և պահանջարկ վայելում: Աշխարհում ամենամեծ ճանաչում ունեցող մարզաձևերի թոփ տասնյակի մասին փաստեր ստուգող ընկերություններ  ունեն տարբեր կարծիքներ՝ ի տարբերություն ChatGPT-ի (դա արհեսատական բանականությամբ օժտված բոտ է), ըստ որի՝ աշխարհի ամենատարածված մարզաձևերի դասակարգման աղյուսակը գլխավորում է ֆուտբոլը, որին հաջորդում են բասկետբոլը, կրիկետը, հոկեյը, թենիսը, վոլեյբոլը, ավտոսպորտը, ռեգբին, լողը և բռնցքամարտը: Յուրաքանչյուր մարզաձև մեծ տարածում ունի որևէ երկրում, ուստի մարզաձևի հետագա զարգացման մեջ մեծ մասնաբաժին ունեն նաև տվյալ պետությունները, оրինակ՝ բասկետբոլը մեծ տարածում ունի ԱՄՆ-ում, իսկ կրիկետը՝ Հնդկաստանում և Ավստրալիայում: Հայաստանը նույնպես կարելի է դասել սպորտում մեծ ավանդ ունեցած պետությունների շարքը, քանզի մեր երկիրը սպորտին տվել է մեծ մարզիկներ, որոնք իրենց հետքն են թողել համաշխարհային սպորտում:

ԽՍՀՄ-ից մինչև Հայաստանի Երրորդ Հանրապետություն. հայ օլիմպիականների ուղին

Կոլաժում՝ Հայաստանի օլիմպիական չեմպիոնները (վերեւից ներքեւ եւ ձախից աջ). Հրանտ Շահինյան, Ալբերտ Ազարյան, Իգոր Նովիկով, Վլադիմիր Ենգիբարյան, Ֆաինա Մելնիկ, Յուրի Վարդանյան, Էդուարդ Ազարյան, Լևոն Ջուլֆալակյան, Հոկսեն Միրզոյան, Իսրայել Միլիտոսյան, Մնացական Իսկանդարյան, Հրաչյա Պետիկյան, Արմեն Նազարյան, Արթուր Ալեքսանյան: (Լուսանկարը և մեկնաբանությունը՝ hetq.am)

Հայ մարզիկներն իրենց ուղին դեպի օլիմպիական խաղեր սկսել են միայն 1952 թվականին, քանզի մինչ այդ Խորհրդային միության մարզիկները միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունք չունեին: 1952 թվականի Հելսինկիի օլիմպիական խաղերում, որոնք թվով 15-րդն էին, հաջող էին մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի համար, ով իր առաջին օլիմպիական խաղերում նվաճեց ոսկե մեդալ և դարձավ ազգությամբ հայ առաջին օլիմպիական չեմպիոնը: Հաջորդող 40 տարիների ընթացքում հայ մարզիկները ԽՍՀՄ դրոշի տակ մասնակցեցին ևս 10 օլիմպիական խաղերի (1992 թվականի Բարսելոնայի 25-րդ օլիմպիական խաղերին նախկին խորհրդային հանրապետությունները ներկայացել են միասնական թիմով, բացի մերձբալթյան 3 հանրապետություններից՝ Լատվիայից, Լիտվայից և Էստոնիայից: Սակայն 12 պետություններից յուրաքանչյուրը ներկայացված է եղել իր դրոշով, իսկ ոսկե մեդալ նվաճելու դեպքում մարզիկի պատվին պետք է հնչեր իր երկրի պետական օրհներգը:  

Եթե փորձենք ամփոփել Խորհրդային միության կազմում օլիմպիական խաղերին մասնակցած  հայ մարզիկների արդյունքները, կարելի է ասել, որ դրանք առավել քան տպավորիչ են, քանզի այդ ժամանակահատվածում մեր հայրենակիցներից 9-ը կարողացել են նվաճել ոսկե մեդալ, ևս 3-ը 1992-ին՝ անկախությունից հետո, իսկ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանն ու հնգամարտիկ Իգոր Նովիկովը կարողացել են կրկնել իրենց հաջողությունը ևս մեկ անգամ: 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերը հոբելյանական էին մեր երկրի համար, քանզի այնտեղ ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական չեմպիոնը, իսկ հաջորդող 28 տարիների ընթացքում նրա նվաճումը կարողացավ կրկնել միայն Արթուր Ալեքսանյանը, 2016 թ.-ին, Ռիո դե Ժանեյրոյում:

Գևորգ Թոմվասյան

3-րդ կուրս

Կիսվել