«Մեր ապրած պահերից յուրաքանչյուրում կա գեղեցկություն, որը սպասում է իր բացահայտմանը»․ լուսանկարիչ...

«Մեր ապրած պահերից յուրաքանչյուրում կա գեղեցկություն, որը սպասում է իր բացահայտմանը»․ լուսանկարիչ Անի Գաբրիելյան

112

Պատկերներով հեղեղված իրականությունում դետալները նկատելը պահանջում է ավելին, քան պարզապես տեսախցիկ. այն պահանջում է սովորական ու հասարակ թվացող երևույթները նկատելու և զգալու կարողություն։ Հենց ադպիսին է Անին, ով 27 հասակում հասկացել է, որ ցանկանում է զբաղվել պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ:

Անին լուսանկարում է ամեն ինչ՝ քաղաքային աշխույժ փողոցներից մինչև հանդարտ գյուղն ու բնության գեղեցկությունը:

«Յուրաքանչյուր կադր պատմում է մի պատմություն՝ առաջացնելով անհամար զգացմունքներ, որոնք խորապես ազդում են, երբ դիտում ես, օրինակ, կարող ես նկարել մաշված պատին հենված ժանգոտած հեծանիվը, որը կարող է շատ հիշողություններ առաջացնել տեսնողների մոտ»,- նշում է Անին:

Բայց, թերևս, ամենաուշագրավն Անիի աշխատանքում նրա զգացմունքային խորությունն է․ նրա պատկերներն ավելին են, քան լեզուն և խոսքը: Խաղի ժամանակ երեխաների ծիծաղից մինչև իր մայրիկին ցանկացող երեխայի արցունքները կարող ես տեսնել և զգալ նրա լուսանկարներում:

«Մարդիկ երբեմն կարծում են, որ լուսանկարչությունը միայն տեխնիկական մի քանի բան իմանալն է։ Թեև դա էլ է ճիշտ, բայց լուանկարչությունը բնածին կարողությունն է՝ տեսնելու մակերևույթից այն կողմ, իրականության շերտերը մաքրելու և ներսում թաքնված գեղեցկությունը բացահայտելու: Լուսանկարչությունը միայն կատարյալ կադր նկարելը չէ, այլ այն պահերը, որոնք մեր կյանքն են՝ մանր ու չնչին դետալները»,- Անին նաև նշում է, որ իր գյուղում ծնված և մեծացած լինելն էլ է նպաստել մանր դետալներն ու երևույթները նկատելուն։

«Միշտ եմ սիրել լուսանկարել, հիշում եմ՝ միշտ ես էի ընկերներիս նկարում, չնայած հիմա էլ ոչինչ չի փոխվել ,- պատմում է Անին ու ծիծաղում,- սկսել եմ մեր գյուղից, փորձել եմ նկատել կարևոր պահերը, հետո սկսկեցի ճանապարհորդել Հայաստանով: Շատ եմ սիրում բացահայտել Հայաստանը, տարվա բոլոր եղանակներին, ու միշտ ասում եմ, որ յուրաքանչյուր եղանակի ժամանակ տարբեր ու յուրովի բաներ կան բացահայտելու: Ընկերներիս հետ շատ ենք շրջագայում, գնում ենք տարբեր մարզեր, գյուղեր, ու ընկերներս ինձ ասում են, որ իմ ճանապարհորդելուց ոչինչ չեմ հասկանում, որոհետև ամբողջ ընթացքում նկարում եմ, իսկ վերջում, որ տեսնում են նկարներս, հարցնում են «էդպիսի բան կա՞ր էնտեղ», ու երբ այդպես են ասում, հասկանում եմ, որ իրոք լավ եմ աշխատել, որովհետև մենք պետք է տեսնենք այն ամենը, ինչը սովորաբար դուրս է մնում մարդկանց տեսադաշտից»:

Անին պատմում է, միևնույն ժամանակ՝ վերցնում տեսախցիկը և ցույց տալիս մի քանի օր առաջ Լոռիից բերած կադրերը․ «Լուսանկարչության միջոցով ես ցանկանում եմ, որպեսզի մարդիկ նկատեն, վայելեն այն պահերը, որոնք հաճախ անցնում են մեր կողքով աննկատ: Լուսանկարիչների ձեռքերում տեսախցիկը դառնում է ոչ միայն նկարելու գործիք, այլ մեզ և մեր շրջապատող աշխարհն ավելի խորը ընկալելու միջոց: Եվ մեր ապրած պահերից յուրաքանչյուրում կա գեղեցկություն, որը սպասում է իր բացահայտմանը, եթե միայն մենք ունենանք այն տեսնելու աչքերը»:

Մարիանա Հովհաննիսյան

3-րդ կուրս

Կիսվել