13-ամյա Րաֆֆին մի ամբողջ աշխարհ է ստեղծել իր արվեստի միջոցով, որտեղ գույները, ձևերը և հույզերը միմյանց հետ ներդաշնակ երկխոսության մեջ են։ Նկարելը, քանդակելը, երաժշտություն ստեղծելը նրա համար արտահայտման միջոցներ են, որոնք բացահայտում են իր ներքին աշխարհի բոլոր գույները։
Խարտյաշ մազերն ու կանաչ աչքերը ամբողջացնում են սպիտակ և ժպտուն դեմքը։
Րաֆֆին յուրօրինակ հակասությունների միաձուլում է․ անսպառ էներգիա ունի, բայց իր աշխույժ բնավորությունը և ստեղծագործական եռանդը արտահայտվում են նրա գործերում, իսկ բառերով արտահայտումը նրա համար հաճախ ավելորդ է թվում։
Րաֆֆիի մայրը սիրով է հիշում, թե ինչպես ամեն բան սկսվեց։ «Դեռ շատ փոքր էր, երբ նկատեցինք նրա յուրահատուկ ձեռքը։ Մանկապարտեզում ծեփամածիկից հմուտ էր կերպարներ կերտում։ Զարմանում էինք»։
5 տարեկան Րաֆֆին ընդունվում է Ա․ Տերտերյանի անվան արվեստի դպրոց։ Մայրը պատմում է՝ դեռ առաջին դասից հետո նրա վարպետը ցնցված էր. «Հանճարեղ է աշխատում, մեծ ապագա ունի»,- ասել էր նա՝ այդ պահին էլ չթաքցնելով հիացմունքը։ «Ես ծիծաղեցի, մտածելո՝, սա պարզապես ոգևորություն է։ Սակայն վարպետն իր խոսքը շարունակում է. «Մի ծիծաղեք, նա իսկապես բացառիկ է։ Նայեք, թե որքան ուժեղ ձեռքով է աշխատում, որքան հմտորեն է գծում ու ձևավորում»»,- հիշում է Րաֆֆիի մայրը։
Րաֆֆին դեռ 7 տարեկան էր, երբ վարպետները կազմակերպեցին նրա առաջին անհատական ցուցահանդեսը։
Վարպետը, իր ելույթում ասել էր. «Հայաստանում բացառիկ դեպքերից է, որ 7 տարեկան երեխան արդեն այնքան աշխատանք ունենա, որ կարողանա կազմակերպել անհատական ցուցահանդես։ Սա հանճարի սկիզբն է»։
Սակայն Րաֆֆի բազմանշանակ ժպիտի տակ խորը ցավ կա։ Հայրը՝ հերոս Աշոտ Մաթևոսյանը զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում։ Րաֆֆին հոր մասին չի խոսում, և նույնիսկ հայրիկին նվիրված կտավներ չունի, չի կարողանում նկարել։ Հայրիկի մասին հարցերին լուռ ժպիտով է պատասխանում, հայացքը հառելով գետնին, աչքերն է թաքցնում։
«Հոր մասին ամեն ինչ հիշում է, չի խոսում, չի հարցնում։ Նկարներում հայրը չկա, մի անգամ ասաց, որ եթե նկարի, պետք է միանգամից ամենագեղեցիկը լինի, դեռ պատրաստ չի»,- ավելացնում է մայրը։
2-րդ ցուցահանդեսը՝ «Հայրենի ելևէջները», նվիրված էր Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին։
Րաֆֆիի համար իր 5 ցուցահանդեսներից ամենատպավորիչը սա էր, ասում է․ «Տպավորվել է, որովհետև մեր հերոսներին էինք նվիրել, իսկ հյուրերս Հայաստանի մեծ արվեստագետներն էին, շատ խորհուրդներ տվեցին, միշտ նկարելուց հիշում եմ, շատ են օգնում»։
Րաֆֆին հոր արտացոլանքն է, թե՛ բնավորությամբ է հերոս հայրիկին նման, թե՛ արտաքինով և շարժուձևով։
Մայրը պատմում է․ «Հայրիկի հետ վրանային արշավների էին գնում, սիրում էին կենդանիներ պահել, խնամել։ Շատ հաճախ էինք Տավուշ գնում, մինչև հիմա էլ Րաֆֆիի ամենասիրելի ժամանակահատվածը դա է, գնում է ձկնորսության, արշավների և երբեք չի հոգնում։ Դեռ մանկուց ինչ-որ կենդանիներ է բռնում՝ օձ, գորտ, մողես, ինչ կարողանում է, տուն է բերում։ Բայց հետաքրքիր է, երբ բռնում է կենդանուն ձեռքերով, մանրամասն ուսումնասիրում է, որն էլ արտահայտվում է իր գործերում»։
Րաֆֆիի կերպարներում շատ հաճախ ենք իր սիրելի կենդանիներին հանդիպում, ասում է՝ հաճույքով է նրանց կերտում։
«Սիրում եմ սրտեր գրավող նկարներ նկարել, որոնք հետաքրքիր են մարդկանց, բայց կրկնվող չեն։ Հատուկ ոճ չունեմ, իմ հորինածն է». (կրկին ժպտում է)։
Նախընտրում է ավելի շատ քանդակելը, բայց ավելի հաճախ նկարում է, տանը չի կարող կավե քանդակները թրծել։ Երբ հարցնում ես, թե որն է իր ամենասիրելի ստեղծագործությունը, իրեն բնորոշ փայլուն աչքերով ասում է՝ «Հիսուսին եմ նկարում, շատ եմ հավանել նկարս»։
Րաֆֆիի հետաքրքրությունները չեն ավարտվում այսքանով, մանկուց հարվածային գործիքներ է նվագում ՝ Մարինբա, Քսիլաֆոն և այլ գործիքներ։
Երբ նա նվագում է, իր նկարները և քանդակները միանգամից վերածվում են մեղեդիների։
Րաֆֆիի մայրն անսպառ ուժ ու ոգեշնչում է երեխաների համար։ Նրանով են նրանք ամեն օր դառնում ավելի ուժեղ ու ավելի ստեղծագործ։ Միշտ կարողանում է մոտիվացնել որդիներին և դստերը, որ հայրիկից հետո հանկարծ չկոտրվեն։
«Րաֆֆին տանը երբեք պարապ չի լինում, անընդհատ նոր զբաղմունք ունի, փորձում է քրոջն էլ ներգրավվել։ Հոր նման տարատեսակ պլաններ է կազմում, որոնք հաճախ իրար հակասում են։ Չափից դուրս համառ է, եթե մի բան է մտքին դնում, ամեն գնով կհասնի դրան։ Նաև կարողանում է միանգամից մարդկանց իր շուրջը հավաքել: Չի սիրում անարդարությունը, թե՛ դպրոցում, թե՛ տանը միշտ արդարության կողմնակիցն է։ Կարծում եմ՝ իր ուժեղ բնավորությունը նկարներում էլ է արտահայտվում, նկարներին նայելիս մեծ էներգիա եմ զգում»,- պատմում է մայրը։
Րաֆֆին արդեն 6-րդ ցուցահանդեսին է պատրաստվում, իր ընկեր կենդանիներին է ներկայացնելու։ Խոստանում է զարմացնել բոլորին։
Լուսինե Նավասարդյան
2-րդ կուրս