Հոկտեմբերի 1-ին Գյումրու փողոցները զարդարվել էին գեղեցիկ հուշանվերների, զարդերի, նկարների ցուցադրություններով․ գյումրեցիները նշում էին իրենց հին ու նոր քաղաքի տոնը։
Իսկ ինչ տոն, առանց Գյումրու պատվավոր ու սիրված անձանց։ Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի դիմաց խմբվել էր մեծ բազմություն․ տեղի ունեցավ մեծ բանաստեղծի «Հուշարձան հայրիկիս» գրքի շնորհանդեսը։
«Հուշարձան հայրիկիս» շարքը կյանքի վերջին տարիներին գրողը հանձնել է տպագրության, սակայն խորհրդային տարիներին շատ այլ գրքերի նման հանդիպել է արգելքների և չի տպագրվել: Այսօր այն խմբագրել, ծանոթագրել, և առաջաբանը գրելով հանրության դատին է հանձնել պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը:
«Սա մի ամբողջական պոեմ է՝ հյուսված բանաստեղծություններով։ 203 ստեղծագործություն, որոնցից, առաջներում միայն 100 են հրապարակված եղել, մնացյալ 103-ը դուրս են թողնված եղել»։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ում հոգածությամբ էլ տպագրվել է գիրքը։
«Երբ ավագանու նիստին ներկայացվում էր Շիրազը տպագրության համար, որևէ դեմ մարդ չկար, սա ևս մի փաստ է, որ մենք սիրում ենք Շիրազին։ Նա այն մեծն է, որ մեր քաղաքը պարզերես է արել»։
Պատմեցին հուշեր, հետաքրքիր դեպքեր Հովհաննես Շիրազ գրողի, քաղաքացու կյանքից, միջոցառումը տեղ-տեղ համեմվեց ասմունքով, երաժշտական կատարումներով:
«Սիրելի Դոնարա, առյուծն առյուծ է, աղջիկ թե տղա, մարդու անունը գործով կշողա, մեկ է դուք չտաք, գալիքն է տալու, ես՝ մնացական, դուք՝ գնացական, հբը․․․»։ Հիշում է Շիրազի՝ իրեն ուղղված նամակը քաղկոմի նախկին քարտուղար Դոնարա Հարությունյանը և ավելացնում, որ այդպես էլ եղավ, Շիրազը մեր մեջ հավերժ մնաց։
Հնչեց «Վիրավոր կռունկի նման» երգը, որի խոսքերը գրող, գեղանկարիչ Արևշատ Ավագյանը գրել է Շիրազի մահվան օրը, իսկ երաժշտության հեղինակը երգիչ Արսեն Համբարյանն է, ի դեպ, այն գրել է մեծ գրողի ծննդյան օրը։
Ելույթ ունեցավ գեղանկարիչ Հրանտ Թաթոսը, ով թանգարանին նվիրեց իր կտավներից մեկը, իսկ թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանը հանձնեց ամսագրեր, որտեղ Շիրազի բանաստեղծությունները թարգմանել է սերբերեն։
Անի Ավագյան
3-րդ կուրս