Հրապուրիչ ճամփորդություն, որ Հայաստան տեղափոխվելու պատճառ դարձավ

Հրապուրիչ ճամփորդություն, որ Հայաստան տեղափոխվելու պատճառ դարձավ

41

29-ամյա Գրիգորի Դերբենցևը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել մի քանի տարի առաջ։ Մասնագիտությամբ գրաֆիկ-դիզայներ է։Սակայն վաստակում է Երեւանի փողոցներում երգելով։

Նախքան Հայաստանում հանդես գալը, Գրիգորին Մոսկվայի փողոցներում ելույթների փորձ ուներ, բայց այն ժամանակ դա հոբբի էր, ոչ թե վաստակի միջոց։ Ռուսաստանում նա ուներ իր երաժշտական խումբը, որի հետ համերգներ և փառատոնային ելույթներ էր ունենում։ Թողարկում էին երգեր, մասնակցում մրցույթների, և իրենց երաժշտությունը հասնում էր ռադիոյի ուղիղ եթեր։ Սակայն ֆինանսական աջակցության բացակայությունը և այլ հանգամանքներ ստիպեցին Գրիգորիին փակել երաժշտական նախագիծը։

Գալով Հայաստան՝ սկզբնական շրջանում նա այստեղ աշխատեց իր մասնագիտությամբ՝  գրաֆիկ դիզայներ։ Սակայն որոշ ժամանակ անց անսպասելիորեն կորցրեց աշխատանքը  եւ դարձավ գործազուրկ։ Թեև նրան հեռավար աշխատանքի առաջարկ արվեց, բայց երկու ամսվա ընթացքում միայն մեկ պատվեր ստացավ։ Այդ բարդ օրերին ընկերը, որի հետ Ռուսաստանում համերգներ էին ունեցել, նրան առաջարկեց նվագել փողոցում։ Գրիգորին ասում է, որ այլևս կորցնելու ոչինչ չուներ, ուստի համաձայնեց այդ գաղափարին։

Նա սկսեց կիթառ նվագել և երգել Երևանի փողոցներում։ Գրիգորիին կարելի է հանդիպել ամեն օր Հյուսիսային պողոտայի կենտրոնական հատվածում։ Երևանում փողոցային երաժշտության մեջ Գրիգորին իրեն լիովին ազատ է զգում։ Նա ներկայանում է ոչ միայն հայտնի երգերի կրկնօրինակմամբ (cover), այլև սեփական ստեղծագործություններով։ 

«Ինձ համար կարևոր սկզբունքներից է՝ առանց հայհոյանքի, բացառել ոչ էսթետիկ, գռեհիկ եւ գողական երաժշտությունը»,-ասում է Գրիգորին։

Այս տարի նա ամուսնացել է, թողարկել իր մինի ալբոմը և որոշել ազատվել ծխելու սովորությունից։ Երաժշտությունից բացի, սիրում է պոեզիա՝ գրում է, սպորտով զբաղվում և բնության գրկում հանգստանում։ Սակայն վերջին շրջանում նրա ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է միայն երաժշտության և ընտանիքի վրա։

-Գրիգորի, ինչպե՞ս որոշեցիք տեղափոխվել Հայաստան։

-Տեղափոխությունը պարզապես ճամփորդություն էր։ Բայց Հայաստանն ինձ անմիջապես հրապուրեց։ Սկզբում այստեղ աշխատում էի իմ մասնագիտությամբ՝ որպես գրաֆիկ դիզայներ։ Սակայն աշխատանքս կորցնելուց հետո միայնակ մնացի՝ առանց աշխատանքի։ Այդ դժվար օրերին ընկերս, որի հետ Ռուսաստանում համերգներ էինք ունեցել, առաջարկեց փորձել նվագել փողոցում, եւ ես համաձայնեցի։

-Նախկինում ունեի՞ք փողոցում նվագելու փորձ։

-Այո՛, Մոսկվայում էլ էի փողոցում ելույթ ունեցել, բայց այն ժամանակ դա առօրյա չէր։ Հիմնականում աշխատում էի իմ երաժշտական խմբի հետ, որի հետ մասնակցում էինք համերգների և փառատոների։ Covid-ի համավարակից առաջ ակտիվ էինք՝ թողարկում էինք երգեր, մասնակցում մրցույթների, մեր երաժշտությունը ռադիոյով հեռարձակվում էր։ Բայց ֆինանսական խնդիրները ստիպեցին փակել նախագիծը։

-Ինչպիսի՞ն է փողոցային երաժիշտ լինելը Երևանում։

-Այստեղ ես լիովին ազատ եմ զգում։ Նվագում եմ կիթառ և ներկայացնում ոչ միայն հայտնի երգերի քավերներ, այլ նաև իմ սեփական ստեղծագործությունները։ Ինձ համար կարևոր է պահպանել էթիկական չափանիշները՝ խուսափելով անտեսանելի կամ գռեհիկ երաժշտությունից։

-Ի՞նչ դժվարությունների եք բախվում այս գործում։

-Դժվարությունները շատ են։ Եղանակային պայմանները հաճախ խանգարում են, եղել են գողության, սպառնալիքների և նույնիսկ անհանդուրժողականության դեպքեր։ Բայց այս ամենի կողքին կան հիշարժան պահեր, որոնք լրացնում են այս աշխատանքը։

-Կարո՞ղ եք պատմել այդ հիշարժան պահերից։

-Շատ նման պահեր են լինում։ Հիշում եմ, երբ մի հայր խնդրեց իր երեխայի համար կիթառ նվագել, կամ երբ երիտասարդները շնորհակալություն հայտնեցին՝ ասելով, որ իմ երաժշտությունն օգնել է վերականգնել իրենց հարաբերությունները։ Այսպիսի պահերն ինձ մեծ ուժ և մոտիվացիա են տալիս։

-Բացի երաժշտությունից, ուրիշ ինչո՞վ եք հետաքրքրվում։

-Ես սիրում եմ բանաստեղծություններ  գրել և զբաղվել սպորտով։ Բայց վերջերս, մինի ալբոմիս թողարկման հետ կապված, ժամանակս ամբողջովին տրամադրված է երաժշտությանը և ընտանիքիս։ Երբ ազատ ժամանակ ունեմ, սիրում եմ գնալ բնություն՝ հանգստանալու։

-Ի՞նչ կարևոր փոփոխություններ եք ունեցել այս տարի։

-Այս տարի ամուսնացա, թողարկեցի իմ սոլո մինի ալբոմը և որոշեցի ազատվել ծխելու սովորությունից։

-Ո՞րն է ձեր հաջորդ նպատակն այս ճանապարհին։

-Շարունակել զարգանալ որպես երաժիշտ, պահպանել ընտանիքիս երջանկությունը և կիսվել իմ երաժշտությամբ՝ մարդկանց թեկուզ մի փոքր ժպիտ պարգևելու համար։

Հարցազրույցը՝ Հասմիկ Մշեցյանի

3-րդ կուրս

Կիսվել