«ԴՐՍԻ ՁԱՅՆԸ ՀԵՌՎԻՑ ԳԵՂԵՑԻԿ ԿՈՒԳԱ»

«ԴՐՍԻ ՁԱՅՆԸ ՀԵՌՎԻՑ ԳԵՂԵՑԻԿ ԿՈՒԳԱ»

1457

Զրուցակիցներս խոսում են իրենց նախնիների, Հալեպի կյանքի, սիրիական պատերազմի, հայկական իրականության ու մի շարք այլ թեմաների մասին:

1915թ.-ի ջարդերը այս ընտանիքի կողքով չեն անցել: Պարոն Հայկի (անունը փոխված է) պապը սպանվել է Մարաշից Հալեպ տանող ճանապարհին. փրկվել են հորեղբայրներն ու տատը, որը մի քանի ամիս անց հենց մեր հերոսի հորը պիտի լույս աշխարհ բերեր: Երկար ժամանակ դժվարությունների միջով են անցել, հետո ամեն մեկն իր աշխատանքով սկսել է ապրել:

Պարոն Հայկը ծնվել է 1958թ.-ին Հալեպում : Սովորել է տեղի  «Հայկազեան» վարժարանում (6 տարի): Հետո գնացել է արհեստի ու հավերժ կապվել ոսկերչությանը:
«Մինչև այսօր աշխատում եմ, դադար չունիմ: Ցածրից բարձրացել եմ, հետո իջել, հետո նորից բարձրացել: Կյանքը այդպես է՝ ելևէջներով: Մի՛ կարծեք՝ նույն ձևով կը գնա կյանքը:
Ես 40 տարվա ոսկերիչ եմ, 41 վարպետ ձեռքիս տակեն դուրս եկած է»:

Կինը՝ տիկին Աննան (անունը փոխված է), հավելեց. «Հիմա ոսկերչությամբ չի զբաղվում. շահավետ չէ: Կը փորձէ օրվա գումարն աշխատել՝ տաքսի վարելով:»

Պարոն Հայկն ու տիկին Աննան ամուսնացել են 1996թ.-ին Հալեպի Սուրբ Երրորդություն  հայկական կաթոլիկ եկեղեցում, որի խորանը կառուցվել է պարոն Հայկի աջակցությամբ: Հագուստի խանութ են ունեցել, տուն, աշխատանք: Ավելի ուշ՝ 2002թ.-ին եկել են Հայաստան, 2007թ.-ին ծնվել են նրանց 2 զավակները, դիմել են դայակի օգնությանը, բայց նա էլ իր գործը պետքն եղած կերպով չի կատարել: Զայրացել են, մեկնել Հալեպ, բայց իրար խոստացել են, որ նորից հետ կգան: 2008թ.-ին նրանք Հայաստանում էին, սակայն 2010թ.-ին մարդագող ճանապարհները նրանց նորից Հալեպ տարան…

Հարցիս, թե պատերազմը ե՞րբ և ինչպե՞ս հասավ իրենց ու ստիպեց հեռանալ, պատասխանեց.
«Կը հիշեմ՝ 2015թ.-ի օգոստոսի 3-ն էր: Մեր շենքից 50-60 մետր հեռավորության վրա հրթիռ ընկավ, ատ շենքը  ներքև իջավ: Մարդիկ լաց կըլլային, կը բղավեին, ատ նկարը, որ տեսա, ըսեցի չի պետք է այլևս մնանք այստեղ. հաջորդը կըրնա իմ շենքը լինել: Էս գալը չէր, փախեցանք, 18 ժամում Սիրիայից Լիբանան հասանք, մինչդեռ 4 ժամվա ճանապարհ է, հետո Լիբանանից էլ՝ Հայաստան»:

Հարցրի՝ ինչու՞ Հայաստան, երբ հարազատներն ու ընկերները հիմնականում Եվրոպա ու ԱՄՆ են մեկնել:
Ժպտաց ու ասաց. « ժԴրսի ձայնը հեռվից գեղեցիկ կուգա, բայց, որ այնտեղ գնացիր, կը մխրճվես, կը գնաս, կը կորես: Ես սիրում եմ հայրենիքս, չնայած վատ կողմերին: Գիտե՞ք՝ Սիրիայում և Հայաստանում ապրելակերպը մասամբ նման է: Ընտանիքի հայրը կըրնա ըսել իր երեխուն, որ սա սխալ ես անում, բայց Եվրոպայում չես կըրնա: Էստեղ դժվար է կյանքը, դյուրին չէ: Բայց, եթե դու շահում ես հաց ու պանրի փող, չպիտի մեկնես էստեղից:
Շատերը կուզեն գալ, բայց կառավարությանը չեն հավնէ և ճիշտ կընեն: 6-7 ամիս է՝   քաղաքացիություն ունեմ, բայց ընտրության գացած չեմ. խեղկատակություն է: Նախ էստեղի մարդկանց հոգեբանությունը պետք է փոխվի, որ երկրին մեջ ալ բան մը  փոխվի: Մեր ժողովուրդը այս երկրի հարկը չի իմանում: Խոսածը մի բան է, գործածը՝ մի բան: Սկիզբեն պետք է ամեն բան փոխվի, որ ամեն բան ճիշտ ըլլա, թե չէ այստեղ զանգով հարց կը լուծեն. օրենք չկա: Քանի մը շենքեր կան, վրաները գրված է ծախու, վարձու, ծախու… Ինչի՞ համար: Կառավարությունը պիտի հասկանա, որ քաջալերել է պետք, որ մարդը բանա: Ովքե՞ր են այստեղ լավ ապրում՝ գողերը, իսկ ես գող չեմ, ես առավոտից իրիկուն վազվզում եմ, ես իմ երեխուն հարամ հաց չեմ տա: Բոլորը բողոքում են, թե կյանք չէ, պիտի թողնեն գնան»:

Պարոն Հայկը սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունի, ասում է ՝ դիմել է Սփյուռքի նախարարություն, բայց նրանց տվածը եղել  է ընդամենը 365 հազար դրամ, ինչը չնչին գումար է եղած խնդիրը լուծելու համար: Մնում է այն կարծիքին, որ այս նախարարությունը պիտի փակվի, որովհետև օգտվում է ազգից՝ իր սեփական շահերը առաջ տանելով: Եվ, երբ իրենք են օգնության կարիք ունենում, ոչինչ չկա: Ասում է՝ պիտի փակվի, որովհետև հարկ չկա ավելորդ դրամ ծախսելու: Նախարարությունը հայտնում է, որ պատրաստ է օգնել, բայց դիմումները մեծ մասամբ անպատասխան էլ մնում են:

«…Որտեղից ծագեց այդ նախարարությունը՝ ես չգիտեմ: Իրենք կըսեն ՝հալեպահայությու՜ն, համեցե՛ք, էսի ձեր հողն է, միասին պիտի սարքենք, բայց ամեն բանն ալ օդին մեջ է: Մեզի օգնություն « ՍՕՍ- հայկական գյուղեր» բարեգործական հիմնադրամը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը ցույց տված են»:

«Նաև, երբ նոր էինք եկել, Կարմիր խաչի ընկերությունը սնունդով, դեղորայքով օգնել է, անգամ կարի մեքենա, սառնարան ու մսաղաց տված են, բայց մեր հիմնական խնդիրը տան հարցն է, վարձքը տալ հնարավոր չէ: Պատկերացրեք՝ այստեղ բնակիչը տուն ունի և չի կարող ապրել, բա՞ դրսից եկողը: Նոր գործ, նոր շրջանակ, նոր մարդիկ: Գոնե ժամանակավոր կացարան տան, մինչև որ հունի մեջ ընկնենք: Ահա շենքը կըսեն, փողը տու՛ր, ա՛ռ: Ասկեց ավելին չկա »,- ասում է տիկին Աննան:

Ինչ վերաբերում է կրթական խնդիրներին՝ Հալեպում երեխաները հաճախել են «Զվարթնոց» վարժարան, հիմա՝ երևանյան դպրոցներից մեկը: Նրանք ի սկզբանե լեզվական խնդիրներ են ունեցել: Դպրոցում, մեղմ ասած, վերաբերմունքը այնքան էլ լավը չի եղել: Ստիպված այցելել են փոխտնօրենին, որից հետո խնդիրներին քիչ թե շատ լուծում է տրվել:
Շուտով երեխաները անգլերենի, ռուսերենի ու հայագիտության դասընթացների են հաճախելու՝ կրկին « Առաքելություն Հայաստան » բարեգործական հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ:

Վերջում պարոն Հայկն ասում է. «Շռայլությունը մեղք է, ապրի՛ր ինչ որ պետքն է, գեշ օրերին համար էլ միշտ դրա՛մ պահիր: Մեր երկիրը հրաշք է, մաքուր ջուր ու օդ, բնություն, չորս եղանակները կան, սնունդը քիմիա չէ, այլ՝ բնական, մարմինը առողջ կը մնա, բայց դրա փոխարեն մարդիկ իրենց հոգիները կը թունավորեն՝ ստի մեջ ապրելով: Այստեղ ապրելը դյուրին չէ, բայց Աստված մեծ է, պետք է վստահենք նրան և միշտ հույսով ապրենք»:

Սոֆի Թովմասյան

2-րդ կուրս

Կիսվել