Քերթից Արալեզ։ Թաց աչքերով, բայցև ժպիտով

Քերթից Արալեզ։ Թաց աչքերով, բայցև ժպիտով

8

Հայրապետյանների բազմազավակ ընտանիքն ապրել է Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղում, որը գտնվում էր մայրաքաղաք Ստեփանակերտից 48 կմ հեռավորության վրա: Սեպտեմբերյան պատերազմից հետո՝ արցախահայերի բռնի տեղահանման ժամանակ, նրանք եկել և հոկտեմբերի 2-ից բնակություն են հաստատել Տավուշի մարզի Իջևան քաղաքում, այնուհետև Արարատի մարզի Արալեզ գյուղում, որտեղ էլ դպրոցահասակ երեք երեխաները դպրոց են հաճախում։

Խցանումներով պայմանավորված՝ միայն Քերթից Ստեփանակերտ հասնելու համար նրանցից պահանջվել է երկու օր: Ընտանիքը գյուղից դուրս է եկել երկու մեքենաներով՝ հայրն ու մայրը՝ կրտսեր որդու՝ 6-ամյա Նարեկի հետ, ավագ որդին՝ երկու անչափաս քույրերի հետ։

Տասներեքամյա Ռադան հիշում է. «Երկու ժամվա ճանապարհը երկու օրում անցանք, իսկ ընդհանուր ճանապարհը՝ չորս օրում: Հոգնեցուցիչ էր, առաջին անգամ էր էսպիսի բան լինում»…

Կրտսեր քույրը՝ տասնմեկամյա Ռեգինան, պատմում է, որ ադրբեջանական ապօրինի անցակետ հասնելիս քնած է եղել և արթնացել է ադրբեջանցի զինվորականի՝ իրենց մեքենայի պատուհանը թակելուց։ «Դիտմամբ այնքան թակեցին պատուհանը, մինչև արթնանամ։ Թեև մեծ եղբայրս մեզ հետ էր, բայց վախենում էի։ Չեմ ուզում հիշել,-եզրափակում է նա։

Փոքրիկ Նարեկը հազվադեպ է խոսում. լռակյաց է, անդադար խաղում է՝ գետնին նստած, բայց երկար ջանք գործադրելուց հետո վերջապես խոսում է. «Էստեղ լավ է, սիրում են ինձ»։

Հարցիս, թե ինչ կցանկանար հիմա, Արցախի բարբառով պատասխանում է՝ մեր տունը։

Մոր՝ տիկին Էլինայի խոսքով՝ գալուն պես շատ քաղցրավենիք են գնել, բայց տպավորություն է՝ կարծես այդ օրերին Նարեկը չէր անընդհատ ուզում։
Հաջորդ հարցիս, թե ինչու քաղցրավենիք չի ուզում, Նարեկը կտրուկ ու վանկատելով պատասխանում է՝ տու-նը։

Արալեզի միջնակարգ դպրոցում սովորող երեխաները, իրենց խոսքով, սիրել են թե՛ ուսուցիչներին, թե՛ համադասարանցիներին:  Միակ ցավն ու դժվարությունը, ըստ տիկին Էլինայի, իրենց տան ու Արցախի կարոտն է։ «Ես հավատում եմ՝ ամեն ինչ լավ կլինի, իմ հույն Աստված է»,- թաց աչքերով, բայցև ժպիտով ասում է նա։

Մանե Էվանեսյան

2-րդ կուրս

Կիսվել