ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում գիտաժողով է՝ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում գիտաժողով է՝ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ

33

Արդեն երկրորդ տարին է, ինչ Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում կազմակերպվում է ուսանողական գիտաժողով, որին մասնակցում են  ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները՝ ներկայացնելով մի հատված իրենց ավարտական աշխատանքներից։ Այս տարի գիտաժողովին մասնակցում էր 12 ուսանող՝ տարբեր թեմաների շուրջ կատարած հետազոտություններով։ Գիտաժողովի ընթացքում  լսարանում օդը հագեցած էր հեռուստաեթերի ֆրեյմավորման, մեդիագրագիտության, համացանցային կոգնիտիվ պատերազմների, ազգային տոների լուսաբանման առանձնահատկությունների և շատ այլ յուրօրինակ թեմաներով։

Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին, նշելով, որ կարևոր այս նախաձեռնությունը պետք է շարունակական և ավանդական դառնա: Գիտաժողովը յուրատեսակ հնարավորություն է՝ արժևորելու ուսանողի և իր ղեկավարի աշխատանքը:

Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ  Դավիթ Պետրոսյանը գոհունակությամբ նշեց, որ «Գիտահետազոտական աշխատանքի տեխնոլոգիա» դասընթացի շրջանակներում գիտաժողով կազմակերպելու նախաձեռնությանը ուսանողները այս տարի ևս ակտիվորեն են արձագանքել.

 -Ուրախ եմ, որ գիտակցում եք գիտաժողովի կարևորությունը: Ձեր զեկուցումներով դուք մուտք եք գործում ավարտական աշխատանքների պաշտպանության նախնական փուլ, որը թեմայի շուրջ գիտելիքների ստուգման, դրանք ինքնատիպ կերպով մատուցելու, նաև հոգեբանորեն նախապատրաստվելու լավագույն հնարավորություն է ձեզ համար:

 Գիտաժողովի սկզբին  ուսանողները փոքր-ինչ լարված են, անհանգիստ՝ լավագույնս ներկայանալու ակնկալիքով։ Ասպրամը, Նարինեն ու Լիանան պատմում են, որ  երկար են նախապատրատվել, փորձել են անել հնարավոր ամեն բան՝ հաջողությամբ ներկայացնելու իրենց թեման։

«Գիտաժողովը հետաքրքիր փորձ է, այն ավելի մոտիվացրեց հետազոտական աշխատանքս: Լսելով դասախոսների նկատառումներն ու առաջարկները՝ այժմ  ավելի լավ եմ պատկերացնում հետագա անելիքներս»Լիանա։

«Սա հրաշալի փորձառություն էր մեզ համար։ Կարելի է ասել «իմունիտետ»՝ հետագա պաշտպանությանն ավելի լավ նախապատրաստվելու։ Մասնավորապես  հանձնաժողովի անդամ դասախոսների դիտարկումները յուրաքանչյուրիս աշխատանքի վերաբերյալ նոր որակ կհաղորդեն  մեր հետազոտություններին»Ասպրամ։

«Գիտաժողովն ինձ համար փորձ է։ Փորձ՝ դիպլոմային աշխատանքը ներկայացնելուն ավելի պատրաստ լինելու, վախերն ու կոմպլեքսները հաղթահարելու, ավելի ինքնավստահ դառնալու և իմ ուժեղ ու թույլ կողմերը տեսնելու, սխալների վրա սովորելու համար»Նարինե։

Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գոռ Աբրահամյանը դրական գնահատեց ուսանողների պատրաստվածությունն ու թեմաներին սրտացավ մոտեցումը․

-Առաջին կիսամյակի վերջում  ուսանողների կատարած ծավալուն հետազոտական աշխատանքները ողջունելի են ու կարևոր նաև մեզ՝ դասախոսներիս համար։ Ինչ խոսք, կան  թերացումներ. դրանց շուրջ քննարկումները  փաստում են,  որ նախաձեռնությունը  ծառայել է նպատակին։

Դասախոսներից կազմված հանձնաժողովը ուսանողներին խրախուսելու նպատակով մրցանակներ էր սահմանել լավագույն զեկուցողների համար: Գիտաժողովի վերջում որոշվեցին նաև մրցանակակիրները: Լավագույնը ճանաչվեց Երջանիկ Հարությունյանի «Գիտության լուսաբանման առանձնահատկությունները հայաստանյան առցանց լրատվամիջոցներում» զեկուցումը (ղեկավար՝ Մարի Թարյան): Երկրորդ մրցանակին արժանացավ Նարինե Ղալամյանը («Լրագրողական ֆրեյմավորումը՝ որպես կողմնակալության դրսևորում լուրերում», ղեկավար՝ Զ. Սարգսյան), երրորդ մրցանակին՝ Անի Հարությունյանը («Հանրային ռադիոն թվային միջավայրում. երեկ և այսօր», ղեկավար՝ Նանե Վարդանյան):

Սյունե Կիրակոսյան

4-րդ կուրս

Կիսվել