«Ուզում ենք Կենտրոնը բեռնաթափել». սույն նախադասությունով դեռ 2023թ.-ին Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մեկնաբանել էր Փոքր Կենտրոնում կարմիր գույնով գծանշված կայանատեղերի թանկացման նախագծի գլխավոր դրդապատճառը:
2024 թվականի հունվարի 1-ից Երևանի ավագանու կողմից ուժի մեջ մտավ «ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշումը, որի 29-րդ կետի համաձայն` Փոքր Կենտրոնի «Ա» գոտում կայանելու համար քաղաքացիները պարտավոր են նախկին` 12 հազար դրամի փոխարեն տարեկան վճարել 13 անգամ ավելի բարձր` 160 հազար դրամ:
Անցած տարի «Ազատությանը» տված հարցազրույցում փոխքաղաքապետը նշել էր. «Չենք ուզում ավել փող հավաքել, ուզում ենք կենտրոնը բեռնաթափել, կամ մեքենայով կենտրոն գալուց, կամ առհասարակ ավելի երկար կայանելուց, եթե կա օբյեկտիվ հնարավորություն՝ ավելի կարճ ժամանակով կայանելու։ Մեր նպատակը հենց դա է»:
Սրան զուգահեռ Ճանապարհային երթևեկության «Անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ-ի անդամ Արտակ Գաբոյանը հավելել էր. «Ցանկացած երկրում էլ դա ընդունված պրակտիկա է, որ քաղաքի կենտրոնում չի կարող լինել անվճարին հավասար կայանատեղի, տարին 12 հազար դրամն անվճարին հավասար էր»:
Ըստ քաղաքապետի տեղակալի՝ Կենտրոն համայնքը խցանումներից ազատելուն հաջորդելու էր նաև հասարակական տրանսպորտի ավելի ազատ երթևեկումը: Մինչդեռ, Կենտրոն համայնքում աշխատող քաղաքացիներից Արմանը Արամյանը (անուն- ազգանունը փոխված է) որոշման ընդունումից թե´ առաջ, թե´ հետո ամեն օր բախվում է խցանման խնդրի հետ.
«Աշխատանքս սկսվում է ժամը 09:20-ին, բայց արդեն 08:20-ից կարմիր գծերով գծանշված կայանատեղերը ամբողջությամբ զբաղված են: Փողոցների ծանրաբեռնվածությունը նույն վիճակում է, չնայած, որ թանկացման գլխավոր նպատակը համայնքի հնարավոր բեռնաթափումն էր, որպեսզի այդտեղ հնարավորինս քիչ մտներ սեփական օգտագործման երթևեկության միջոց»:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը մեր ուղարկած հարցմանը պատասխանում է.
«Հաշվի առնելով, որ 2024 թ.-ի ընթացքում զգալիորեն նվազել է վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված տարեկան տեղական վճար վճարողների թիվը, կարելի է եզրակացնել, որ երթևեկողների քանակը որոշակիորեն նվազել է, ինչը դրական ազդեցություն է ունեցել Կենտրոն վարչական շրջանի բեռնաթափման վրա»:
Սակայն, ըստ քաղաքացիների միջև մեր անցկացրած հարցման՝ յուրաքանչյուր հոգու գրեթե 70%-ը, պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք դրական փոփոխություն երթևեկությունում գնաճից հետո, թողել է այնպիսի պատասխաններ, ինչպիսիք են «ՈՉ», «Ավելի վատ է», «Մի փոքր», «Բացարձակ», «Դժոխք» և նմանատիպ այլ արձագանքներ, ուստի նրանցից 85,7%-ը արդարացի չի համարում Կենտրոն համայնքում կարմիր գծերով կայանատեղերի թանկացումը` խցանումների քանակի հնարավոր նվազեցման նպատակով, քանի որ մեծամասնությունը երթևեկությունում դեռ առաջխաղացում չի տեսնում: Նրանցից միայն 30%-ն է տեսնում դրական տեղաշարժ:
Երիտասարդի նշելով՝ ի պատասխան այն բանի, որ կայանելը թանկացել է և որոշման նպատակի տեսանելի արդյունք դեռ չկա, շատերը դիմում են կայանման այլ մեթոդների, որոնք չեն վերահսկվում համապատասխան մարմինների կողմից.
«Երբեմն ինչ-որ ձև փակում են հաշվառման համարները, կեղտոտում են համարի մի մասը, որպեսզի տեսախցիկը չկարողանա ֆիքսել, կանգնում են չնախատեսված կայանատեղերում` դրանով ծանրաբեռնելով երթևեկությունը, կամ ընդհանրապես կանգնում են բնակելի շենքերի բակերում: Չեմ կարող նրանց մեղադրել. եթե չեն տեսնում նախորոք երաշխավորված արդյունք, ապա պարտավոր չեն դրա համար մի քանի անգամ ավել վճարել, հետևաբար հետևում են այլ միջոցների»:
Հարցմանը մասնակցած քաղաքացիներից 82.9%-ն աշխատում է Կենտրոն համայնքում և նրանցից 54.3%-ը հնարավորության դեպքում շրջանցում են գծանշված կայանատեղերը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ որոշման ընդունման պահից մինչ այսօր երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցման և դրական տեղաշարժի վերաբերյալ կոնկրետ վիճակագրություն և տվյալներ դեռ չկան:
Ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանում կայանատեղիների վճարի թանկացման որոշումը 2024թ.-ի փետրվարից բողոքարկում է։ Առաջին ատյանի դատարանն անվավեր ճանաչեց կարմիր գծերի վճարները շեշտակի ավելացնելու քաղաքային իշխանության որոշումը։
Դատարանի որոշումը կարող էր նպաստել 2025 թվականին ավտոկայանման վճարների նվազեցմանը, եթե Երևանի քաղաքապետարանը համաձայներ առաջին ատյանի դատարանի որոշման հետ։ Բայց քաղաքապետարանը անհիմն է համարում դատարանի որոշումը և այն բողոքարկելու է Վերաքննիչում
Անի Սայադյան
2-րդ կուրս