«ԾՆՈՂՆԵՐՍ ՇԱՏ ՄԵԾ ԴԵՐ ՈՒՆԵՆ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ, ՀԵՆՑ ՆՐԱՆՔ ԵՆ ԻՄ ՄԵՋ...

«ԾՆՈՂՆԵՐՍ ՇԱՏ ՄԵԾ ԴԵՐ ՈՒՆԵՆ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ, ՀԵՆՑ ՆՐԱՆՔ ԵՆ ԻՄ ՄԵՋ ՍԵՐՄԱՆԵԼ ԱՅՆ ՄԵԾ ՍԵՐԸ, ՈՐ ՈՒՆԵՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՆԴԵՊ»

2700

Զրուցակիցս Մարիամ Աղաբաբյանն է։ Վերջերս «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Մարիամի և Իրինա Ղուլինջարյանի «Մի պատառիկ Կողբից»  ցուցահանդեսը։

Մարիամը սովորում է ԽԱբովյանի անվան ԵՊՄՀ-ի գեղարվեստական կրթության դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնում, սովորելուն զուգընթաց կարպետագործություն է դասավանդում Մուղդուսյան արվեստի կենտրոնում։

 -Ե՞րբ սկսեցիք զբաղվել նկարչությամբ։

– Նկարել սկսել եմ 16 տարեկանից: Սովորել եմ Կողբի գեղարվեստի դպրոցում, այնուհետև ուսումս շարունակել եմ Երևանի պետական մանկավարժական համալսարանի կիրառական արվեստի բաժնում։

-Ի՞նչն է ոգեշնչում Ձեզ նկարելիս։

-Ինձ համար հիմնականում ոգեշնչման աղբյուր է հանդիսանում Հայաստանի չքնաղ բնությունը, հայրենի ծննդավայրս՝ Կողբը, մարդկային հոգեվիճակները և, առհասարակ,  ինձ շրջապատող ամեն ինչ:

-Շատ գույնզգույն են Ձեր նկարները, արդյոք ունե՞ք նախընտրած երանգ։

-Յուրաքանչյուր գույն յուրովի նշանակություն ու դեր ունի իմ ստեղծագործությունների մեջ։ Նախընտրած գույն չունեմ, սիրում եմ բոլոր գույները, որոնք կարող են հետաքրքիր երանգ հաղորդել թե ստեղծագործական կյանքիս, և թե անձնական:

-Մարիամ, ունե՞ք արդյոք սիրելի նկարիչներ, քանդակագործներ կամ էլ կարպետագործներ։

-Իհարկե ունեմ, հաճախ նրանք ինձ համար ոգեշնչման աղբյուր են հանդիսանում:

-Կա՞ ինչ-որ մեկը, ով ուղղորդում է Ձեզ։

-Ծնողներս շատ մեծ դեր ունեն իմ կյանքում, հենց նրանք են իմ մեջ սերմանել այն մեծ սերը, որ ունեմ արվեստի հանդեպ, և նրանց շնորհիվ է, որ կարողանում եմ առաջ շարժվել և հասնել նպատակներիս:

-Եթե չզբաղվեիք արվեստով, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։

-Ճիշտն ասած ինձ այլ ոլորտում չեմ պատկերացնում:

-Վերջերս ՆԱՄ-ում տեղի ունեցավ  «Մի պատառիկ Կողբից» ցուցահանդեսը։ Սա Ձեր առաջին ցուցահանդեսն էր, ինչպիսի՞ն էին ակնկալիքները, և արդյոք դրանք իրականացա՞ն։

-Նախևառաջ շատ հուզված էի, անկեղծ ասած,  չէի կարծում, որ ցուցահանդեսին ներկա կլինեն այնպիսի մարդիկ, ինչպիսիք ներկա էին, հավաքվել էին արվեստագետներ և արվեստասերներ: Սպասելիքներս ավելի քան արդարացան, ամեն ինչ տեղի ունեցավ սպասվածից լավ:Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այդ հիշարժան օրը իմ կողքին էին :

-Ի՞նչն եք ամենաշատը կարոտում Կողբում։

-Կարոտում եմ Կողբիս ամեն մի փոքրիկ պատառիկը(ժպտում է)։

-Ո՞րը կլինի ձեր հաջորդ թեման։ Ի՞նչ ծրագրեր ունեք։

-Առաջիկա ծրագրերի մասին դեռևս չեմ ցանկանում խոսել:

 

Գայանե Հովսեփյան

2-րդ կուրս

Կիսվել