ՀԱՅԱԶԳԻ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ՝ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ. ՏԵԽՆԻԿԱՆ ԵՎ ՈՐԱԿԸ՝ ՄԵԿ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ՀԱՅԱԶԳԻ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ՝ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ. ՏԵԽՆԻԿԱՆ ԵՎ ՈՐԱԿԸ՝ ՄԵԿ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ

1339

Գինեսի ռեկորդների համաշխարհային գրասենյակը հաստատել է հայազգի ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանի սահմանած երաժշտական ռեկորդը։ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին Նիկոլայ Մադոյանը ուղիղ 33 ժամ 2 րոպե նվագել է 59 երաժշտական, տեխնիակապես բարդ ստեղծագործություն՝  ներառյալ կոմիտասյան 3 հայտնի գործեր՝  «Ծիրանի ծառը», «Կռունկ», «Քելեր, ցոլեր» և Էդվարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը»։ Ջութակահարին տրվել է ժամում մեկ հինգրոպեանոց ընդմիջման հնարավորություն։
Չնայած ստեղծագործությունների կրկնմանը, Մադոյանը նշեց, որ դրանցից յուրաքանչյուրին մոտեցել է առանձնահատուկ կերպով՝ տալով նոր մեկնաբանություն և որակ։

Լրագրողների հետ հանդիպմանը Մադոյանը նշեց. «Վաղուց էի մտածում Գինեսի նոմինացիաների մասին և զգում, որ ունեմ այդ հնարավորությունը»: Նա հավելեց, որ դա սեփական տեխնիկական հնարավորությունները բացահայտելու հրաշալի հնարավորություն էր։ Նրա խոսքերով՝ ինքը մշակել էր տեխնիկապես նոր մոտեցում, որը կօգներ պահպանել հավասարակշռությունը և թույլ տալ լարված մկաններին վերականգնվել կատարման ընթացքում։

Նիկոլայ Մադոյանն իր հաղթանակը նվիրեց հայրենիքին և Արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին։
Հարցին՝ ռեկորդային համատեքստում տեխնիկական տարրը չէ՞ր ծածկում ստեղծագործական հատվածին, Մադոյանը պատասխանեց, որ տեխնիկական առանձնահատկություններից զատ մեծ կարևորություն էր տրվում նաև կատարման անթերիությանն ու որակին, որի անմիջական ապացույցն էլ Գինեսի ռեկորդների գրասենյակից Մադոյանին հասցեագրված նամակն էր՝ շնորհակալական բովանդակությամբ՝ կատարումից գեղագիտական հաճույք ստանալու համար։
Հավելենք, որ սա տաղանդավոր ջութակահարի՝ ռեկորդ սահմանելու առաջին փորձը չէ։ Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանի խոսքով՝ Նիկոլայ Մադոյանը ևս մեկ ռեկորդի հեղինակ է, որը, սակայն, Գինեսի ռեկորդների գրասենյակն անարձագանք է թողել։ Ջութակահարը Ռիմսկի-Կորսակովի «Բոռի թռիչքը» ստեղծագործությունը սովորական ջութակով նվագել է 46 վայրկյանում, այնինչ ամենակարճ ցուցանիշը՝ էլեկտրոնային ջութակով, ավելի երկար է տևել Մադոյանի սահմանածից։
Փաստենք, որ մշակույթի ոլորտում Նիկոլայ Մադոյանն առաջին ռեկորդակիրն է Հայաստանում։

 

Մերի Շամիրյան

2-րդ կուրս

Կիսվել