ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

2113

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում իրականացվում է «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է բարելավել կրթական, գիտահետազոտական և նորարարական գաղափարները մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում, ինչպես նաև եվրոպական չափանիշներին համապատասխան մրցունակ կադրեր պատրաստել մանրէաբանության և կենսատեխնոլոգիաների ոլորտներում:

«Հայաստանը ընդունել և հետագայում էլ շարունակելու է զարգացնել Բոլոնիայի գործընթացը, ինտեգրվել Եվրոպայի միասնական կրթական տարածքին: Այս ամենը միայն խոսքով չէ. պետք է ժամանակակից նորագույն սարքավորումներ գնենք, տարբեր կրթական ծրագրեր վերանայենք և ստեղծենք նորերը, լինենք մրցունակ ու համապատասխանենք աշխատաշուկայի պահանջներին»,- ասում է ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի փոխտնօրեն, գիտաշխատող, ԵՊՀ ծրագրի համակարգող Կարեն Թռչունյանը:

Ծրագրի շրջանակում արդեն վերանորոգվել է կենտրոնի համար նախատեսված, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքում գտնվող տարածքը, ձեռք են բերվել և տեղադրվել գերժամանակակից նորագույն սարքավորումներ:

Կենտրոնի աշխատանքներին արդեն իսկ հասցրել են ծանոթանալ ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, դասախոսներ, ինչպես նաև տարբեր դպրոցների աշակերտներ:

Սեպտեմբերի 1-ից իրականացվում են նաև «Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» մագիստրոսական ծրագրով նախատեսված որոշ դասընթացներ: Կազմակերպվում են սեմինարներ և քննարկումներ բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների համար:

 

Մանե Սողոմոնյան

2-րդ կուրս

Կիսվել