«ՎԵՐՋԻՆ ԵՐԱԶԱՆՔ ԿԱՄ GAME OVER». ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻ ՖԻԼՄԸ

«ՎԵՐՋԻՆ ԵՐԱԶԱՆՔ ԿԱՄ GAME OVER». ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻ ՖԻԼՄԸ

1802

Հոկտեմբերի 19-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրող, լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի հեղինակած «Վերջին երազանք կամ Game Over» ֆիլմի ցուցադրությունը:

Ֆիլմի անվանման ընտրությունը Տ. Պասկևիչյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ. 1940-ական թվականներին` ցեղասպանությունից շատ չանցած, աշխարհասփյուռ հայերի վերջին երազանքն էր վերադառնալ իրենց հայրենիք, սակայն մի քանի տարի անց, չհանդուրժելով իրենց նկատմամբ վերաբերմունքը Սովետական Հայաստանում, նրանց վերջին երազանքը փոխակերպվեց և դարձավ Հայաստանը, ավելի շուտ` Խորհրդային Միությունը լքելը: Դրանով էլ հենց ավարտվում է խաղը` «Game Over»: Հեղինակը նկատեց, որ անվանման մեջ բառախաղ կա` «Game Over» եւ «Game овир», իսկ օվիրն այն «նեղ դուռն» էր որով պետք է գնային արտասահման (իրականում ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության այն ստորաբաժանումն էր, որի միջոցով խորհրդային քաղաքացին թույլտվություն կամ մերժում էր ստանում արտասահման մեկնելու համար):

Դիտումը սկսելուց առաջ պարոն Պասկևիչյանը փոքրիկ ակնարկ կատարեց դրա վերաբերյալ: Նախ` նշեց, որ այս ֆիլմը «Վերսուս» ստուդիայի իրականացրած «Դարձ ի շրջանս յուր» նախագծի երրորդ մասն է, որը նվիրված է 1946-1949 թվականների Մեծ հայրենադարձությանը: Այդ նախագծի շրջանակներում 3 ֆիլմ են նկարել:

Առաջին ֆիլմը սփյուռքահայերի բուն ներգաղթի մասին է պատմում` ներառելով 1946-1949 թվականները և կոչվում է «Անծանոթ իմ հայրենիք»:

Երկրորդը պատմում է ստալինիզմի դարաշրջանում նրանց նկատմամբ բռնաճնշումների և 1949 թվականի հունիսի 14-ի զանգվածային աքսորի մասին, որի հետևանքով Հայաստանից ավելի քան 13000 մարդ աքսորվեց Սիբիր: Նրանց մեջ քիչ չէին նաև հայրենադարձները:

Իսկ ահա վերջին` երրորդ ֆիլմը, որ կոչվում է «Վերջին երազանք կամ Game over » պատմում է խրուշչովյան, հետագայում նաև բրեժնևյան ժամանակներում տեղի ունեցած արտագաղթի մասին, երբ նույն հայրենադարձները, որոնք մեծ խանդավառությամբ եկել էին Հայաստան, շատ չանցած` ամեն ինչ անում էին Խորհրդային Միությունը լքելու համար:

Տ. Պասկևիչյանը նշեց նաև, որ 2016-ին «Դարձ ի շրջանս յուր» նախագծի շրջանակներում Երևանում, Գյումրիում և Վանաձորում կազմակերպվել են նաև ցուցահանդեսներ:

Ֆիլմի հեղինակը նշեց, որ այս եռամաս ֆիլմաշարն ավարտվում է մի «բոնուս-ֆիլմ»-ով` «Կենսագրական կանոններ» վերտառությամբ, որում հեղինակը ցույց է տալիս`արդյո՞ք Սիբիրում այժմ հիշում են հայերին, քանի որ մոտ 60 տարի անցել է այն բանից, ինչ հայերը լքել են այդ վայրը:

 

Անի Սուքիասյան

2-րդ կուրս

Կիսվել