ՆՈՐ ՇՈՒՆՉ ՄԿՐՏԻՉ ԽԵՐԱՆՅԱՆԻ ԱՐԽԻՎԱՑՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՆՈՐ ՇՈՒՆՉ ՄԿՐՏԻՉ ԽԵՐԱՆՅԱՆԻ ԱՐԽԻՎԱՑՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

1279

Ավետիք Իսահակյանի կենտրոնական գրադարանում հոկտեմբերի 26-ին կայացավ հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության նախագահ Մկրտիչ Խերանյանի գրքերի շնորհանդեսը: Այն կազմակերպվել էր նրա թոռան՝ Եղիշե Խերանյանի ջանքերով: Նպատակը բանաստեղծի  ստեղծագործությունները նորովի ներկայացնելն էր: Շնորհանդեսի ընթացքում Մկրտիչ Խերանյանի մի շարք չափածո ստեղծագործություններ նոր շունչ ստացան:

Արխիվային շատ երկեր նոր տպագրությամբ ընթերցվեցին անվանի դերասանների և ստեղծագործողների կողմից: Սահուն անցումներով ընթերցվեցին Խերանյանի կարճ, բայց մեծ ասելիքով չափածո երկերը: Ներկաները վերլուծում և ափսոսում էին, որ մինչ օրս Խերանյանի երկերը չէին տպագրվել, և ընթերցողը ծանոթ չի եղել հեղինակի այս բանաստեղծություններին:

Հանդիպման ընթացքում հանդես եկավ նաև Մկրտիչ Խերանյանի ստեղծագործություններով հետաքրքրվող բանաստեղծ Ցոլակ Կանթեղը. «Մտնելով Խերանյանի գրական կյանք, ուսումնասիրելով և կարդալով բոլոր գրքերը՝ հարյուրավոր, հազարավոր բառեր հանելուց հետո ստեղծեցի «Լինեի» ժամանցային, մտախաղային գիրքը, որն ամփոփում է Մկրտիչ Խերանյանի գրական աշխարհը: Անհամբերությամբ սպասում եմ ընթերցողների կարծիքին»:

Հանդիպման վերջում Եղիշե Խերանյանի ջանքերով արխիվում մնացած մի շարք ստեղծագործություններ, որոնք մակագրված էին անվանի գրողի թոռան կողմից, նոր պատկերազարդմամբ բաժանվեցին հյուրերին:

 

Արուս Միրզոյան

2-րդ կուրս

Կիսվել