ՄԱՐԴ-ԹԱՏՐՈՆ. ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ

ՄԱՐԴ-ԹԱՏՐՈՆ. ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ

4978

«Եղել են ուրախ օրեր, տխուր, ճակատագիրը ոչ միշտ է հաճելի անակնկալներ մատուցել, բայց, ինչպես տեսնում եք, ես այստեղ կանգնած եմ և նշում եմ իմ 75- ամյակը ձեզ հետ»:

Հենց այս խոսքերով էլ Ռաֆայել Քոթանջյանն սկսեց իր հոբելյանական միջոցառումը, որն անց էր կացվում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Տպավորիչ երեկո էր: Հոգով 18-ամյա պատանի, տաղանդաշատ դերասանը ողջ երեկոյի ընթացքում թե՛ ժպիտներ և թե՛ արցունքներ պարգևեց հանդիսատեսին:

Անկեղծ, բարի, նպատակասլաց, թատրոնն ու երաժշտությունն իր մեջ կրող մարդ՝ մարդ- մշակույթ, մարդ-արվեստ: Յուրաքանչյուր երիտասարդ, ով առաջին քայլերն է անում մշակութային կյանքում, միշտ էլ կարևորում է հանդիսատեսի ծափողջույները և կարծիքները: Այդպիսին էր նաև փոքրիկ «Ռաֆոն», ով դպրոցական տարիքում, մասնակցելով Պարույր  Սևակին նվիրված երեկոյին,  ընթերցեց «Մարդը ափի մեջ» ժողովածուից և արժանացավ ծափողջույների, որոնք, ցավոք, շատ երկար չտևեցին և մի փոքր տխրեցրին Ռաֆայելին: Սակայն ելույթի վերջում  նրան մոտեցավ հենց ինքը՝ Սևակը, և գովասանքի խոսքեր  հնչեցրեց: Այդժամ, կանգնած Սևակի կողքին, հասկացավ`  իր աշխատանքը գնահատվել է:

Ռաֆայել Քոթանջյանը իր արտիստական կյանքում խաղացել է բազում դերեր, մարմնավորել միմյանցից տարբերվող կերպարներ, մասնակցել տարբեր հյուրախաղերի: Նրա խաղը միշտ տպավորիչ է եղել: Այստեղից հարց է ծագում. «Արդյո՞ք նա սիրել է բոլոր այն կերպարները, որոնք մարմնավորել է». հարցը անպատասխան չմնաց` «Ես ատել եմ իմ կերպարները, երբ ավարտվել են նկարահանումները, դարձել եմ իսկական Ռաֆայելը, ով էությամբ բավական տարբեր է նրանցից, բայց, գուցե  զարմանալի թվա, մարմնավորելու ընթացքում միաժամանակ սիրել եմ այդ կերպարները»:

Երեկոյի ավարտը  հուզիչ էր,  անհնար էր լսել նրան առանց արցունքների: Ըստ նրա` դերասանը պետք է մոռանա իր անձնական ցավը, թախիծը և հոգու մի լուսավոր փայլատակմամբ բարձրանա բեմ, փայլուն խաղա իր կերտած դերը և հանդիսատեսի աչքերում տեսնի  իր փոխանցած ջերմությունը:

Երեկոն եզրափակեց նրա որդին՝ Միքայել Քոթանջյանը, «Արտիստը» երգով, որից հետո Ռաֆայել Քոթանջյանն  ասաց. «Հուսով եմ՝ վերջին անգամ չենք հանդիպում»: Հենց այս խոսքերից էլ հուզված՝ ոտքի կանգնեցինք, մի քիչ թաց աչքերով և թեթև ժպիտով երկար ծափահարեցինք արտիստին, ասելով՝ շնորհակալ ենք, որ Դուք կաք:

 

 

Ջուլիա Գասպարյան

2-րդ կուրս

Կիսվել