«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՀԻՄՆԵԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՑՈՒՅՑ ԿՏԱ ՀԱՅ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂԻ ՄՏՔԻ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ»

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՀԻՄՆԵԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՑՈՒՅՑ ԿՏԱ ՀԱՅ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂԻ ՄՏՔԻ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ»

1987

Արմենը միակը չէ, ում գրավեց ծրագրավորումը ոչ որպես բարձր վարձատրվող մասնագիտություն: Հիմա էլ ցանկանում  է իր ներդրումն ունենալ ու հայտնի դարձնել աշխարհին:

– Մասնագիտության ընտրությունն ինչպե՞ս կատարեցիք: Տարիներ առաջ դժվար էր ասել, որ Հայաստանում այսքան կզարգանա ՏՏ ոլորտը:

-Դե ամեն տարի ներկա եմ լինում «Դիջիթեք Էքսպո»-ին, մի անգամ էլ աչքովս ընկավ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ի տաղավարը: Հետաքրքրվեցի իրենց կրթական ծրագրով, գրավեց բոլոր առումներով, դրան գումարվեց ոլորտի հանդեպ հետաքրքրությունս ու որոշեցի ուժերս փորձել: Տարիներ առաջ միանշանակ ասել, թե  ոլորտը նման թափ կստանա Հայաստանում, մի քիչ ֆանտաստիկայի ժանրից էր, բայց տեխնոլոգիական առաջընթացին զուգընթաց սկսեց պարզ դառնալ, որ հայերը ջանք չեն խնայում ոլորտը զարգացնելու համար:

Արմեն, կարծիք կա, որ ծրագրավորումը չոր գիտություն է: Այստեղ միայն կոդ է ու կոդ: Այդպե՞ս չեք կարծում:

-Սա թյուր կարծիք է, իհարկե, քանի որ ծրագրավորումն ինքնին առանձին գիտություն կարելի է համարել:  Չէ որ առաջարկվում ու իրագործվում են տարբեր խնդիրների լուծումներ, դրանով էլ հաճախ հեշտացնում առօրյա կյանքը: Իսկ կոդ գրելն ընդամենը դրա իրականացման բաղկացուցիչ մասերից մեկն է, ինչպես և նախագծումը, քննարկումն ու թիմային աշխատանքը: Ես ինքս մասնագիտության ընտրության հարցում լրիվ այլ ուղղություն էի նախընտրել. սովորել եմ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում։ Բայց տեսնելով, որ նման մասնագիտությունը կարող է ինձ համար առաջընթաց ապահովել ու լավ կարիերա, որոշեցի փոխել այն:

– Ծրագրավորողների պահանջարկն անասելի մեծ է Հայաստանում: Երևի աշխատանքային հայտարարությունների յուրաքանչյուր 2-րդը ծրագրավորողի հաստիքի համար է: Բայց երկիրը փոքր է, ի վերջո: Այսքան մասնագետը բավարար չէ՞ շուկան ծածկելու համար: Թե՞ դրսի հետ աշխատելու գործոնն է խթան:

-Ոլորտը կայծակնային արագությամբ է զարգանում, դրա համար էլ միանգամից նկատելի է դառնում մասնագետների պակասը: Հայաստանում ծրագրավորողի պահանջարկի մեծ լինելն էլ կապված է միջազգային շուկայում նրանց բարձր համբավի հետ: Բազմաթիվ լավ նախագծերի նախադեպեր կան:

Իրավաբանի նպատակը արդարություն հաստատելն է, բժշկինը՝ կյանքեր փրկելը: Իսկ ծրագրավորողի՞նը:

– Ծրագրավորողինն էլ նրանց և ոչ միայն նրանց աշխատանքը ծրագրային ապահովման հեշտացնելն ու արագացնելը. շտապ օգնության աշխատակիցներն ավելի օպերատիվ են արձագանքում կանչերին ու կյանքեր փրկում շնորհիվ ներդրած համակարգերի:

Ո՞րն էր Ձեր առաջին պրոեկտը, հիշու՞մ եք:

– Առաջին պրոեկտիս մասին չեմ կարող շատ փակագծեր բացել, բայց կասեմ, որ ուղղված էր ներքին ցանցեր ստեղծելուն ու դրանք ապահովելուն:

Իսկ ի՞նչ ակնկալիք ունեք այսօր: Ի՞նչ քայլ եք ուզում կատարել այս ոլորտում:

– Կուզենամ մի քանի տարի անց իմ սեփական ընկերության դռները բացել, որը հետագայում ամբողջ աշխարհին ցույց կտա հայ ծրագրավորողի մտքի ճկունությունը:

Ինձ թվում է՝ ծրագրավորողները որ աչքները փակեն, էլի կոդեր են տեսնելու: Ունենու՞մ եք ազատ ժամանակ այդ ամենից փոքրինչ կտրվելու համար: Եվ ի՞նչն է օգնում:

-Երբ նոր ես մուտք գործում ոլորտ, շատ ժամանակ ես ծախսում անընդհատ նոր գիտեկիքներ ձեռք բերելու համար: Հետո երբ «ռիթմի» մեջ ես ընկնում, կարողանում ես համատեղել աշխատանքն ու հանգիստ: Նստակյաց առօրյան հակակշռելու համար պետք է մարզասրահներ շատ այցելել:  Մնացած զբաղմունքների համար էլ ազատ ժամանակ միշտ ունենում եմ:

Կուզե՞իք ապրել մի դարաշրջանում, երբ դեռ չկային համակարգիչներ:

Դժվար թե: Կարծում եմ՝ շատ անհետաքրքիր կլիներ:

Ինչպիսի՞ն եք տեսնում ապագան: Երևի ինչպես ծրագրավորողների մեծ մասը՝ ռոբոտների ու արհեստական ինտելեկտի ձեռքու՞մ:

-Միանշանակ արհեստական ինտելեկտի միջոցով շատ հարցերի լուծումներ են տրվելու: Արդեն փորձարկումներ կատարվում են: Նման տեխնոլոգիաների ներդրումն ապագայում ուղղակի անհերքելի է: Այնպես որ, վաղ թե ուշ դրա ականատեսը լինելու ենք: Մնում է՝ հայ մասնագետները ” մտնեն ու շարժվեն գետի հունով”, որ մեր երկիրն էլ զարգանա:

 

Նելլի Մելքոնյան

3-րդ կուրս

Կիսվել