ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ. ՀԱՄԱՏԵՂՄԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ՇԱՏ ՊԱՐԶ ԵՆ

ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ. ՀԱՄԱՏԵՂՄԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ՇԱՏ ՊԱՐԶ ԵՆ

1737

21-րդ դարում,երբ հայ կինը մեկ աշխատանքի փոխարեն շատ անգամ ստիպված է լինում փնտրել երկրորդ կամ երրորդ աշխավայրը, ընտանեկան երջանկության արահետները մշուշվում են, կանացիությունը՝ մոռացվում: Կնոջ այդ տեսակը վերափոխվում է, ակամա՝ բնավորության գծերում ձեռք բերելով տղամարդուն վայել կոշտություն, կտրուկություն, որոշումներ կայացնելու որակներ: Հազվադեպ դեպքերի համար է միայն, երբ կնոջ սրընթաց աշխատանքային վերելքը զուգորդվում է կողակցի ընկալմամբ ու քաջալերմամբ, ընտանեկան տանիքի ներքո խնդիրների ու պատասխանատվության հավասար բաժանմամբ, միմյանց հանդեպ սիրո ու հոգատար վերաբերմունքի անմնացորդ դրսևորմամբ: Երջանկության բանաձևերը եթե չասենք չկան, ապա դրանք տարբեր են ամեն դեպքի համար:

«Հավատա», «Հեյ նա նա» և մի շարք այլ երգերի հեղինակ- կատարող Ռուզաննա Անդրեասյանը երգչուհու իր կարիերան սկսել է 2006թ-ից՝ մասնակցելով «Համազգային աստղ» նախագծին: Չնայած երգչուհին ծնվել և մեծացել է Հրազդան քաղաքում, սակայն մասնագիտության բերումով ստիպված է եղել լքել ծննդավայրը և հաստատվել Երևանում. «Ես իմ ծննդավայրը երբեք չեմ մոռանում, թեև արդեն 15 տարի է ինչ ապրում եմ Երևանում: Հաճախ եմ այցելում Հրազդան, քանի որ ընտանիքս այնտեղ է ապրում, և ես էլ այնտեղ ինձ շատ լավ եմ զգում»: Ըստ երգչուհու՝ բնավորության մի շարք գծեր են օգնել իրեն հասնել հաջողությունների. «Մասնագիտական բարդ ճանապարհին ունեցել եմ շատ դժվարություններ, որոնք սակայն կարողացել եմ հաղթահարել աշխատասիրության, ձգտման և այլ գործոնների շնորհիվ: Հենց դրանք էլ ինձ օգնել են կյանքում հասնել հաջողությունների»: Ռուզաննան ոչ միայն երգում է, այլև բազմաթիվ երգերի հեղինակ է: Երգեր սկսել է գրել դեռ ուսման տարիներին և հենց այդ ժամանակ է, որ նրա ուսուցիչ Ռոբերտ Ամիրխանյանը խորհուրդ է տվել երգել իր հեղինակած երգերը, քանզի իրենից լավ ոչ ոք չի զգա և ավելի լավ չի կատարի դրանք: Երգչուհին ընդունել է այս խոսքերը և մինչ օրս առաջնորդվել է դրանցով: Հուսալ, հավատալ և սիրելՌուզաննա Անդրեասյանի երջանկության բանաձևը:

Երգչուհին նվիրված է ոչ միայն իր մասնագիտությանը, այլև ընտանիքին, իսկ թե որքանով են դրանք իրար օգնում կամ հակառակը պատմում է նա. «Դժվար է համատեղել ընտանիքն ու մասնագիտությունը, սակայն կարող եմ ասել, որ ընտանիքի ուժը քեզ օգնում է ավելի խոստումնալից լինել: Բացի այդ ամուսինս նույնպես երաժիշտ է, մենք ունենք նույն հետաքրքրությունները և հեշտ ենք միմյանց հասկանում»: Եվ ընտանիքում, և աշխատանքում նրա գլխավոր սկզբունքն է ՝ հուսալ, հավատալ և սիրել: Ապագայի անելիքների մասին խոսելիս Ռուզաննան նշեց, որ ներկայումս ամբողջովին նվիրված է ընտանիքին և որ այս փուլում բոլոր սպասումներն անձնական դաշտում են՝ երջանկության իր բանաձևից պահելով ընդամենը այս փոքրիկ գաղտնիքը: ​

 

 

Աննա Բզնունի ​

Լիանա Եղիազարյան

3-րդ կուրս

Կիսվել