ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1549

Նոյեմբերի 8-ին՝ ԵՊՀ-ի Գիտակրթական նիստերի դահլիճում, ԵՊՀ Շրջանավարտների ու կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկեց «Հաղորդակցությունից համագործակցություն» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: Կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանի խոսքով՝ նմանատիպ միջոցառումներ հաճախ են կազմակերպվում, և դրանց նպատակը ուսանողներին ավելի գիտակից ու մրցունակ դարձնելն է. «Քանի որ ուսանողը հիմնականում անտեղյակ է աշխատաշուկայի պահանջներից, մեր գործառույթների մեջ է մտնում  հնարավորինսս նրան պատրաստելը, իրազեկելը: Մենք կամակերպում ենք տարբեր թրեյնինգներ, հանդիպումներ: Սա էլ հերթականներից է, միայն այն տարբերությամբ, որ Banking Management School (BMS)-ի հետ համագործակցությունը առաջինն է»:

Դասընթացը ճիշտ, արդյունավետ հաղորդակցվելու, սթրեսի  և դրա հաղթահարման, գործատուին ճիշտ ձևով ներկայանալու  մասին է: Բանախոսը Վարդուհի Հարությունյանն է` Բանկային կառավարման դպրոցի տնօրենը: Նա նախապատրաստած նյութերի օգնությամբ ներկայացրեց, թե  ինչ է ճիշտ հաղորդակցությունը, այնուհետև խոսեց ժեստերի, դրանց  տեսակների և հաղորդակցվելու ժամանակ ունեցած լարվածության մասին: Հանդիպումն անցավ ինտերակտիվ մթնոլորտում:

Սեմինար-դասընթացին մասնակցության հայտ էին ուղարկել ավելի քան 300 ուսանողներ: Նրանք տարբեր ֆակուլտետներից էին: Ներկաներին նույն հարկի տակ էր հավաքել նոր գիտելիքներ և հավաստագիր ձեռք բերելու ցանկությունը: Սակայն նշենք, որ հավաստագրեր ստանալու են մասնակիցներից միայն 65-ը`  դասընթացի ավարտին գրած թեստերի արդյունքների հիման վրա:

Հաջորդ դասընթացին խոսվելու է սթրեսի և դրա կառավարման մասին: Այն անցկացվելու է ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում:

 

Սոնա Մկրտչյան

2-րդ կուրս

Կիսվել