«ՍՈՎՈՐԱԲԱՐ ԳՐՈՂՆԵՐԸ ԻՆՉ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԱՅԴ ՉԵՆ ԳՐՈՒՄ» – ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ

«ՍՈՎՈՐԱԲԱՐ ԳՐՈՂՆԵՐԸ ԻՆՉ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԱՅԴ ՉԵՆ ԳՐՈՒՄ» – ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ

2127

Արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանի 65-ամյակի առթիվ Մշակույթի նախարարության աջակցությամբ լույս է տեսել հեղինակի երկու գրքերը՝ «Էրգրի աստվածները» ինքնակենսագրական վիպասքը և «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուն: Նոյեմբերի 13-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած գրքերի շնորհանդեսին հեղինակը Տարոն Մարգարյանի կողմից պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

«Էրգրի աստվածները»-ը գրվել է որպես վիպակ և հեղինակի վրա մեծ ազդեցություն է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսը: Դա ինքնակենսագրություն է, որը սկսվում է Գևորգ Չաուշի ծննդից և հասնում մինչև 21-րդ դարաշրջան: Գրքում տեղ են գտնել 1915թ-ին Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը, որոնց անունները հեղինակը չի փոխել: Ռոլանդ Շառոյանը անդրադառնալով երկրորդ՝ «Բառերի խրխինջը» գրքին նշեց.

«Ես այս գիրքը որպես բանաստեղծություն չեմ գրել, դրանք այսպես կբնորոշեմ. չափածո մտածումներ՝  հարյուր տարի հետո, եթե կարողանայի պատմել՝ էլ չէի գրի, որովհետև սովորաբար գրողները ինչ խոսում են, այդ չեն գրում, իսկական գրողների մասին է խոսքը, դրա համար պետք է ուղղակի կարդալ գիրքը: Ե՛վ արձակ, և՛ չափածո մտածումներ են, բայց ես բանատեղծ չեմ, ես արձակագիր եմ»:

Գրող Վրեժ Սարուխանյանը խոսելով Ռոլանդ Շառոյանի գրականության մասին նշեց, որ այն բարձրարժեք է, քանի որ հեղինակը միշտ եղել է ժամանակի հետ, եղել է իր ժողովրդի բախտի ու ճակատագրի հետ.

«Մի առիթով Ռոլանդ Շառոյանն ասել է, որ Մեծարենցը, Վարուժանը և մյուսները գրել են ինչ որ պետք է, ես ի՞նչ պիտի գրեմ, ավելի լավ է ես ստեղծեմ իմ անսանձ գրաքանդակները: Այդ անսանձ գրաքանդակները հզոր ժանր են մեր գրականության մեջ, որը ինքն է հիմնադրել, և ինչպես որ ճապոնական պոեզիայում հոկուներով և թանկաներով սկսվեց մի նոր շրջան, այդպես էլ Ռոլանդ Շառոյանը  իր անսանձ գրաքանդակներով մի նոր երևույթ է բերում մեր գրականության մեջ: Ինչպես որ Սևակն էր ասում՝ մինչև բառը չգժվի տող չի դառնա, այդպես էլ Ռոլանդ Շառոյանն ասում է, որ բառերը խրխնջում են, բառերը նրա համար ոչ թե մեռած կապակցություններ են, այլ վրնջացող, խրխնջացող ձիեր են և այդ խրխինջը նրա պոեզիայի հզոր ոգին է»:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը` խոսելով հեղինակի մասին նշեց, որ նրա գրչին բնորոշ է նաև հումորը, թեթև զվարճությունը, որն առավելապես ի հայտ եկավ «Բառերի խրխինջը»-ի նրբագեղ բանաստեղծություններում: Այնուհետև անդրադառնալով «Էրգրի աստվածները»-ին ընդգծեց.

«Ռոլանդը իր Աշնակ գյուղի կենցաղային թվացող գեղջկական կյանքի մեջ , այն պարզունակ թվացյալ շարժումների, մարդկանց նստելու, թզբեխ քաշելու, զրուցելու մեջ հանկարծ արթնացնում է հենց այն մեծ ցավը, ինչ իրենք բերել էին էրգրից և այդ մեծ ցավը պիտի ապրեր ու ծլեր՝ ստեղծելու, արարելու և ունենալու վրեժխնդրության, պահանջատիրության ու շատ այլ զգացմունքային հզոր շերտեր»:

«Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանի խոսքով «Բառերի խրխինջը»-ը հաճելի անակնկալ էր բոլորի համար, քանի որ դեռ չէին տեսել բանաստեղծ Ռոլանդ Շառոյանին: Այս գրքում որևէ պարապ կերպար չկա, որևէ ծույլ բառ չկա, որևէ անխրխինջ բառ չկա: «Էրգրի աստվածները»-ում  հիսուն էջի վրա Անդոկի հերոսամարտն է և ամենակարևորը այդ գործը չի ավարտվում ընդգծված վերջաբանով, այդտեղ եթե չկա հաղթանակ, ապա չկա և պարտություն:

Նանե Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել