ԻՆՔՆԱԿԵՐՏՄԱՆ ԱՐՎԵՍՏ ԹԵ ՈՒՂՂԱԿԻ ԹՐԵՆԴԱՅԻՆ ԿԱԶՄՎԱԾՔ

ԻՆՔՆԱԿԵՐՏՄԱՆ ԱՐՎԵՍՏ ԹԵ ՈՒՂՂԱԿԻ ԹՐԵՆԴԱՅԻՆ ԿԱԶՄՎԱԾՔ

2003

Ժամանակի հետ ամեն բան փոփոխվում է։ Մեր օրերում կան բոլոր հնարավորությունները՝ անհնարը հնարավոր դարձնելու համար։ Մարդու՝ կատարելության հասնելու ձգտումը 21-րդ դարում հանգեցրեց նրան, որ այսօր հնարավոր է պլաստիկ վիրաբուժության միջոցով շտկել կամ լիովին վերափոխել արտաքինը։

Հայաստանը պլաստիկ  վիրահատությունների  քանակով վերջին մի քանի տարիների ընթացքում բավականին առաջ է անցել։ Պլաստիկ վիրաբույժների խոսքով հիմնական այցելուները 18-ից 35 տարեկան աղջիկներն են, որոնց մեծամասնությունը չունի առողջական խնդիր և պատրաստվում է կատարել վիրահատություն՝ արտաքինը էլ ավելի կատարյալ դարձնելու համար։

Պլաստիկ վիրաբույժ Կարեն Պետրոսյանի դիտարկումներով, առաջին տեղում քթի պլաստիկան է, երկրորդ տեղում` ականջների, դեմքի տարբեր տեսակի շտկումները, դրանց հետեւում են կրծքերի վիրահատությունները եւ լիպոսակցիան: Արվում է նաեւ սեռի կորեկցիա:

Պլաստիկ վիրահատությունների զգալի առաջընթացը Հայաստանում պայմանավորվում է նոր տեխնոլոգիաների զարգացման և ընտրության բազմազանւթյան հետ։ Մեր օրերում մեզնից յուրաքանչյուրը կարող է ստանալ իր երազած կառուցվածքն ու արտաքինը։ Սակայն այստեղ կա վիրահատությունից առաջ՝ հոգեբանական լուրջ խորհրդատվության անհրաժեշտություն։

Շատ են հանդիպում դեպքեր, երբ մարդկանց մոտ լինում է ցածր ինքնագնահատական և թերարժեքության ինքնազգացողություն։ Այս ամենի հետևանքով մարդու մոտ կարող է առաջանալ պլաստիկ վիրահատության դիմելու ցանկություն, բայց ամենևին չլինի դրա կարիքը։ Իսկ այս և նմանատիպ այլ բարդույթներից ազատվել կօգնի միայն հոգեբանը։

Մեր օրերում պլաստիկան դարձել է կոսմետոլոգիական ծառայություն և նույնիսկ անտեսանլի կամ չնչին խնդրի դեպքում մարդիկ պատրաստ են ծախսել մի քանի հարյուր հազարներ, որպեսզի իրենց կառուցվածքով և արտաքինով չզիջեն արտասահմանյան մի շարք հայտնի աստղերի։

Հոգեբան Սոնա Գրիգորյանը խորհուրդ է տալիս․«Մի՛ տարվեք նմանատիպ աստղային հիվանդություններով  և փորձեք միայն առողջ ապրելակերպով շտկել ձեր  մարմնի թերությունները։ Դրա համար շատ լավ միջոց է լողը և յոգան»։

Հոգեբանը վերջում ավելացրեց նաև, որ պետք չէ թերագնահատել ձեր անձը, քանի որ Աստված մեզ ստեղծել է այնպիսին ինչպիսին կանք, և յուրաքանչյուրս այս աշխարհում ունենք մեր առաքելությունը։

 

Ադրինե Նիդելյան

3-րդ կուրս

Կիսվել