«ՇԱՏԵՐՆ ԻՄ ԳՈՐԾԵՐԸ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԵՑԻՆ». ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«ՇԱՏԵՐՆ ԻՄ ԳՈՐԾԵՐԸ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԵՑԻՆ». ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2093

«Շատերն ինձ համարում են աթեիստ, բայց ես աթեիստ չեմ, արևապաշտ եմ: Հենց դրանով էլ պայմանավորված է Անահիտ աստվածուհուն պատկերելս»: Նկարիչ Արման Խաչատրյանն է ասում: «Հայ Արտ» մշակութային կենտրոնում նոյեմբերի 15-ին մեկնարկած ցուցահանդեսի աշխատանքների մեջ միանգամից ուշադրություն գրավեցին Անահիտ աստվածուհու պատկերով կտավները: Արմանի առաջին անհատական ցուցահանդեսն է մայրաքաաք Երևանում: Մյուսը եղել է հայրենի Աշտարակում: Կտավներից բացի ներկայացված են նաև քանդակներ. հիմնական թեման կինն է`մերկության մեջ: Խոստովանում է. «Կնոջ մարմինը համարում եմ կատարելության խորհրդանիշ իմ արվեստում»:

Չնայած կտավները բազմազան են, Արմանը վստահեցնում է` ունի նախընտրելի թեմաներ. «Գրեթե բոլոր ժանրերով նկարում եմ՝ կոմպոզիցիա, դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, մի քիչ էլ՝ ծովանկար: Թեմաները շատ տարբեր են, բայց ավելի շատ նախընտրում եմ նկարել հասարակ մարդկանց, ֆիգուրատիվ կոմպոզիցիաներ, հին եկեղեցիներ, մաշված իրեր»:

ՀՀ վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանը հեղինակի գործերից որոշներն առանձնացրել է: Ասում է`այդտեղ ձեռագիրը տարբերվում է. «Այստեղ կան «ծուռ» գործեր, որոնք առանձնակի հավանում եմ: Դրանք տարբերվում են ռեալիստական գործերից»:

Ամբերդի հոգևոր տեսուչ Խաչիկ դպրիը, անդրադառնալով եկեղեցիների պատկերներին, նշեց, որ պետք է գնահատել մշակութասերի և հավատացյալի աչքերով. «Հրաշալի գործեր են: Եթե եկեղեցի նկարողը հավատացյալ չլինի, մշակութային առումով միգուցե գեղեցիկ ստացվի, բայց հավատացյալ մարդու աչքերով այն չի նայվի, քանի որ եթե մարդը եկեղեցի է նկարում, մեջը հավատ չի դնում, իրականությունը չի կարողանում լավագույնս ներկայացնել»:

Ցուցահանդեսի հյուրերից Արմանը հասցրել է լսել և’ գովասանք, և’ քննադատություն. «Շատերն իմ գործերը չափից դուրս ռեալիստական գնահատեցին: Առողջ քննադատությունը արվեստագետի ամենամոտ ընկերն է, ես դրան նորմալ եմ վերաբերվում»:

Կտավներից ոչ մեկը վերնագրված չէ: Նկարչի խոսքով` դա արվել է` ի օգուտ այցելուների. «Բոլոր նկարներս էլ վերնագրեր ունեն: Միտումնավոր չեմ նշել դրանք, որպեսզի նայողի մոտ հարցեր առաջանան, ուղղակի չնայի, հասկանա ու անցնի, այլ մի փոքր տրամաբանի»:

Արվեստագետն իր կտավները ոչնչացնելու նախադեպ չի հիշում: Պարզապես ժամանակի ընթացքում հայացքն է փոխվել սեփական գործերի հանդեպ. «Ուղղակի ունեմ գործեր, որ տարիներ հետո չեմ հավանել, չորացած վիճակում վրայից այլ բան եմ նկարել: Լինում են նաև պահեր, որ նկարն այլևս չեմ հավանում ու ստորագրությունս մաքրում, նվիրում եմ մեկին»:

Հավելենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 17-ը:

 

Նելլի Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել