«ԱՐՎԵՍՏՆ ԱՊՐԵԼՈՒ, ԳԵՂԵՑԻԿԸ ՆԿԱՏԵԼՈՒ ՄԻՋՈՑ Է». ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐՉՈՒՀԻ

«ԱՐՎԵՍՏՆ ԱՊՐԵԼՈՒ, ԳԵՂԵՑԻԿԸ ՆԿԱՏԵԼՈՒ ՄԻՋՈՑ Է». ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐՉՈՒՀԻ

2785

Երիտասարդ նկարչուհի Արաքս Գաբրիելյանն աշխատում է Երևանի պետական համալսարանում՝ որպես Ուսումնամեթոդական վարչության ավագ տեսուչ: Ազատ ժամանակ սիրում է նկարել: Ունի նաև համապատասխան կրթություն: Նրա հետ զրուցել ենք իր ստեղծագործությունների, ոլորտում անցած ուղու և արվեստի մասին:

Նկարչության մեջ Ձեր առաջին փորձերը ե՞րբ են եղել:

-Մանկուց սիրել եմ նկարել: Հաճախել եմ նկարչական խմբակներ: Դպրոցում ուսանելու տարիներին որոշեցի այդ ուղղությամբ շարունակել. 2003թ. ընդունվեցի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ՝ Դիզայնի բաժին: Այնտեղ սովորեցի 4 տարի: Դա մեծ փորձ էր ինձ համար: Ավարտելուց հետո որոշեցի այս մասնագիտությամբ նաև բարձրագույն կրթություն ստանալ և ընդունվեցի Գեղարվեստի պետական ակադեմիա՝ Գրաֆիկայի բաժին, որն ավարտեցի 2012թ.:

Ի՞նչ ցուցահանդեսների եք մասնակցել:

-Տարիներ առաջ, երբ դեռ սովորում էի Թերլեմեզյանի անվան քոլեջի առաջին կուրսում, ԵՊՀ-ում բացվեց իմ և նկարչուհի Նարգիզ Փաշայանի ցուցահանդեսը՝  նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Իսկ Գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին մեր նկարները ներկայացվեցին ՄԱԿ-ի գրասենյակում բացված ցուցահանդեսին:

Երբևէ աշխատե՞լ եք այդ ոլորտում:

-Այդ ասպարեզում չեմ աշխատել: Ավարտելուց հետո աշխատանքի եմ ընդունվել Երևանի պետական համալսարանում:

Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք ԵՊՀում:

-Աշխատանք էի փնտրում: Դպրոցներ դիմեցի՝ նկարչություն դասավանդելու համար, չստացվեց: Համալսարանում միանգամից համաձայնվեցի աշխատել:

Հիմա նկարո՞ւմ եք:

-Ժամանակ առ ժամանակ նկարում եմ: Նկարելը և ստեղծագործելը իմ կյանքի անբաժանելի մասն են կազմում:

Ո՞րն է Ձեր ներշնչման աղբյուրը:

-Նկարելը ինձ համար կախված է իմ հոգեվիճակից և տրամադրությունից: Ես երբեք նախապես որևէ թեմա չեմ ընտրում: Երբ սկսում եմ նկարել, մոռանում եմ ամեն ինչ՝ փորձելով իմ տրամադրությունը թղթին հանձնել՝ անկախ նրանից՝ դա տխրություն է, թախիծ, թե ոգևորություն:

Ձեր նկարներն առաջինը տեսնելու, գնահատելու գործն ո՞ւմ է վստահված:

-Առաջինը մայրիկս է տեսնում ու գնահատում, հետո տան մյուս անդամները, ընկերներս: Քննադատություններին էլ նորմալ եմ վերաբերվում: Դա պետք է, որովհետև ամեն մեկն իր կարծիքն ունի: Պետք է ասեն, որ իմանաս սխալդ, ընդունես, փորձես աշխատել այդ ուղղությամբ:

Ձեր կարծիքով՝ ո՞ր տրամադրությունն է գերակշռում Ձեր աշխատանքներում:

-Շատ են ասում, որ առկա է թախիծը: Ես էլ եմ այդպես կարծում: Գույներն էլ ավելի մուգ են:

Ինչո՞վ է դա պայմանավորված: Ասում են, երջանիկ արվեստագետներ չեն լինում: Գուցե տխո՞ւր ժամանակ եք ստեղծագործում:

-Իսկապես, լինում է, որ տխուր ժամանակ է գալիս մուսաս: Այդ ժամանակ կարծես դու էլ լիցքաթափվես. չես արտահայտվում, ուրիշների նման չես բողոքում, այլ պատկերում ես զգացածդ՝ տխրությունդ, հիաթափությունդ:

Կա՞ նկարիչ, ով Ձեզ ոգեշնչում է, կամ Ձեր ստեղծագործությունները նման են նրա աշխատանքներին:

-Ինձ ասել են, որ նկարներս նման են Պիկասոյի գործերին, բայց ես ավելի շատ Սալվադոր Դալիին եմ սիրում, Լեոնարդո դա Վինչիին, Սուրենյանցին, Սարյանին, բայց չեմ կարծում, որ իրենց նման կկարողանամ նկարել, չնայած շատ կուզեի: Ինձ շատ հետաքրքիր է Դալիի ոճը, մարդ տեսակը:

Արվեստը, առհասարակ, ի՞նչ է Ձեզ համար:

-Ամեն ինչ է ինձ համար: Արվեստն ապրելու, գեղեցիկը նկատելու միջոց է: Բացի նկարելուց՝ սիրում եմ երաժշտություն լսել, թատրոն, կինոթատրոն եմ այցելում: Փորձում եմ ժամանակ տրամադրել արվեստին:

Ո՞րն է Ձեր սիրելի գրական ստեղծագործությունը:

-«Իլիական»-ն ու «Ոդիսական»-ն եմ շատ սիրում, «Ռանչպարների կանչը», հունական դիցաբանություն:

Ի՞նչ պլաններ ունեք՝ կապված նկարչության հետ:

-Հուսով եմ, որ այն հոբբի չի մնա: Անկախ այդ ամենից՝ արվեստը կուղեկցի ինձ իմ ամբողջ կյանքում: Գեղեցիկը և զգացումները պատկանում են մեր առօրյա կյանքին: Այնպես որ, առանց արվեստի կյանք չկա:

Թամարա Գասպարյան

3-րդ կուրս

Կիսվել