«ՊԱՍԻՎՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ». ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆ

«ՊԱՍԻՎՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ». ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆ

1483

Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, «ԱՐԱՐԱՏ» հյուրանոցում տեղի ունեցավ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության կողմից կազմակերպված հերթական դասընթացը:

Ուսանողները մեծ ներդրում ունեն երկրի ժողովրդավարացման հարցում, ապացույցը դեռևս 1940-ականներից ձեռնարկված ուսանողական շարժումներն են:

«Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է, սակայն հայկական իրականության համատեքստում այն հաճախ անտեսվում է: Այս օրը տխրահռչակ անձանց կողմից կազմակերպված զանազան համերգներն ու շոուները չեն, օրվա խորհուրդը բոլորովին այլ է. սա պայքարող ուսանողության տոնն է:
1941 թվականին Լոնդոնում ֆաշիզմի դեմ կռվող ուսանողների կողմից նախաձեռնված Ուսանողների համաշխարհային կոնգրեսում նոյեմբերի 17-ը  ընդունվեց որպես Ուսանողների միջազգային օր՝ ի հիշատակ Չեխոսլովակիայում նացիստական օկուպանտների կողմից  սպանված ուսանողների, որոնք նախաձեռնել էին ուսանողական շարժում՝ սեփական երկրի անկախությունը վերականգնելու համար:

Առհասարակ, 20-րդ դարը հարուստ է ուսանողական շարժումներով, ընդ որում՝ հաջողված: Յուրաքանչյուր տարածաշրջան ուներ իր խնդիրները, հետևաբար շարժումների պատճառներն ու կազմակերպման եղանակները նույնպես տարբերվում էին միմյանցից: 1968 թ.-ին Ֆրանսիայի ուսանողները պայքարում էին բուհական ինքնավարության, ուսանողական քաղաքներում կենցաղային պայմանների բարելավման և լավ պրոֆեսորադասախոսական  անձնակազմ ունենալու համար: 2012թ.-ին Կանադայում գտնվող Քուեբեկ համալսարանում տեղի ունեցավ ուսանողական շարժում ՝ընդդեմ կառավարության այն որոշման, ըստ որի բուհական  վարձավճարները  պետք է բարձրացվեին:
Այս և նմանատիպ շարժումերը հաջողվել են, որովհետև ունեցել են հստակ ռազմավարություն, մարտավարական ճիշտ քայլեր, բացի այդ պայքարի նախաձեռնող խմբերը ունեցել են բոլոր տեսակի հմտությունները՝ շարժումը հաղթական ուղիով տանելու համար» , – ասում է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ խորհրդի անդամ Դավիթ Ֆիդանյանը:

Ակնհայտ է դառնում, որ մինչ որևէ պայքար սկսելը հարկավոր է ուսումնասիրել ստացված և չստացված շարժումների պատմությունը՝ սկիզբը, զարգացումն ու ավարտը:

«Անդրադառնալու եմ վերջերս տեղի ունեցած ուսանողական շարժումներին, դրանց դրական և բացասական կողմերին: Առհասարակ, լավ ուսանողը ոչ թե լավ սովորող ուսանողն է, այլ՝ ակտիվ ուսանողը՝ մարդ, ով պատկերացնում է՝ ինչ է ուզում: Մեզնից յուրաքանչյուրը ինչ որ պահի անելիք է ունենում երկրի համար: Շատերն ասում են երկրի համար, պատկերացնում՝ ինչ որ կուսակցության համար: Բարեբախտաբար, մեր կազմակերպությունում այս հարցը ի սկզբանե հստակեցվել է:

Ըստ էության, մինչ 2012 թ.-ը որևէ լուրջ ուսանողական շարժում տեղի չի ունեցել, սակայն փորձենք հասկանալ՝ ինչ էր կատարվել մինչ այդ: Իշխանությունները մտածում էին այնպիսի մեխանիզմների ձևավորման մասին, որոնց շնորհիվ ուսանողական համակարգը կլիներ նույնքան հնազանդ, որքան՝ կառավարման համակարգը, ի վերջո մտածեցին, որ կարելի է ուսանողական խորհուրդներն էլ դարձնել կուսակցական: Ի հայտ եկավ բուհական ինքնավարությունը պահպանելու խնդիրը: ԵՊԼՀ-ում ձևավորվեց շարժում: Հարկ է նշել, որ չկա մի ակցիա, որտեղ արտաքին միջամտության փորձ չլինի: Նման փորձեր կատարում են իշխանությունները, ընդդիմադիրները, կարևորը ՝ձախողել դրանք և շարունակել նպատակային պայքարը:

Պետք է ստեղծել շարժում, որը կունենա իմունիտետ և ղեկավարման հստակ տրամաբանություն: Համախմբվածությունը շատ կարևոր է ,և այն կլինի, որովհետև պասիվության հարատևություն գոյություն չունի:

Իրերը կոչե՛նք իրենց անուններով: Ուսանողական մարմինները պետք է վերադարձնել ուսանողներին, ապաքաղաքականացնե՛լ դրանք, այլապես մեջքից հարված կլինի, ինչպես եղավ վերջերս: Շատ կարևոր է ունենալ վստահություն մարդկանց նկատմամբ, ովքեր ղեկավարում են շարժումը, վատի փոխարեն ստեղծել լավը, եթե չի ստացվում, ուրեմն չբողոքե՛լ: Ի վերջո, կենտրոնանալ խորքային խնդիրների վրա, ոչ թե՝ մանրուքների, այլապես կհանդիպեն պատի», – ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Հանդիպման վերջում ելույթներով հանդես եկան «Ազատ ուսանողների ֆորում» միության ԵՊՀ, ԵՊՏՀ, ՀՖՀ, ՀՌՀ ակումբների պատասխանատուները, ևս մեկ անգամ հաստատելով այն գաղափարը, որ իրավական պետություն ունենալու համար պետք է իրավագիտակից հասարակություն, ինչին էլ միտված է ակումբի գործունեությունը:

Սոֆի Թովմասյան

2-րդ կուրս

Կիսվել