ԲԱԿՈՒՆՑ ՀԱՆՃԱՐԸ

ԲԱԿՈՒՆՑ ՀԱՆՃԱՐԸ

2937

Ս.Աղաբաբյանի այս խոստովանությունն անզուգական հանճար Ակսել Բակունցի և նրա մեծ վաստակի մասին, խոր հավատով կիսում եմ ես, կիսում է թերևս ամեն մի հայ, ով սրտի տրոփյունով է ընթերցել Բակունց, ով ապրել է  նրա բառ ու բանով, նրա գոհար ստեղծագործությունների շնչով, գողտրիկ հերոսներով, նրա նկարած անաղարտ բնությամբ:

«Ակսել Բակունցը հայ մշակույթի հավիտենական շարժումը մտած սիրելի ու  թանկագին անուններից է,  որի վաստակն ընդմիշտ կապրի սերունդների  հիշողության մեջ, նրանց հոգում առաջ բերելով երախտագիտության նույնպիսի  զգացմունքներ, որոնք ունեն նրա հանդեպ այսօրվա ընթերցողները:

«Միշտ, ինչպես առաջին ալպիական ծաղիկը, թարմ ու բուրավետ կմնա Բակունցի  վաստակը՝ ժամանակի ընթացքի մեջ իմաստնացած միշտ կհիշվի ազնիվ  ճշմարտությամբ ծանրացած նրա հայացքը, որի մեջ երևում են ժողովրդի ապագայի  հրացոլքը, նրա ճակատագիրն ու շռայլ ավանդները»:

Ուրույն շռայլ ավանդ էլ  ինքը՝ Բակունցն էր, որ իբրև պարգև ի վերուստ  շնորհվեց մեզ: Բնությունը քաղցրացել էր հայ ժողովրդի նկատմամբ, երևի մի պահ զղջացել էր հայության խելոք գլուխների պարբերաբար կատարված ծաղկաքաղի  համար, և ի դեմս Բակունց հանճարի, ժողովրդի արնածոր վերքի վրա մի սպի դրել: Ավա՜ղ, սակայն, առավել դաժանորեն խլեց մեզանից նրան:

30-ական  թվականներին  մոլեգնած սպանդն իր ժանիքների տակ առավ  իր հող – հայրենիի ցավերով ապրով, ողջ ուժով նրա գոյությունը սատարող մտավորականներին: Նրանք սպանվում էին   խորհրդային պետությունում, այդ պետության գլխավոր դահճի հրամանով, այնինչ  իրենց  մի մասի հայրենիքի լուսավոր  այգաբացը  միամիտ  մտածողները տեսնում  էին  այդ  պետությունում: Այդ միամիտներից էր  և Բակունցը: Նա, ասես, հունական  թևավոր պեգասին  հեծած մտավ հայոց գրականության երկնակամար:

Իր յուրօրինակ լեզվամտածողությամբ, բառաշխարհի գործածման ինքնատիպությամբ փայլում էր Բակունցը: Բնության խորհրդանշական  նկարագրությունները, հիշողությունները նման են քչքչան առվակի, որի ձայնին  ունկնդիր անէացած առաջ ես մղվում: Կարդում  ես և քեզ թվում է, թե այդ տողերում  ձուլվել, միախառնվել  են թրթիռներ «Միրհավ», «Այու  սարի  լանջին», «Ալպիական  մանուշակ» չնաշխարհիկ պատմվածքներից: Նրա ստեղծագործությունների գողտրիկ  շղթայի օղակների միջով ձգվում, անցնում է նույն  աղերսը՝ ընթերցողի մեջ  արթնացնելով նույն հոգեթով զգացողությունը: Անէանում ես.անբռնազբոսիկ, սրտի  զուլալ ու վճիտ աղբյուրներ են բխում բառային երթի մեջ: Դ. Դեմիրճյանն այսպես է  ասել. «Ձգտում է  ստեղծել կենդանի լեզու, նրան չի զբաղեցնում նորանոր բառերի  կապակցությունը, երբ իր սեփական երկն է գրում…»:

Մտածում եմ ափսոսանքով, որ եթե 40-ին՝ այդ ավելի հասուն տարիքին չհասած մեծությունը չոչնչացվեր, ինչպիսի նորանոր արժեքներ կթողներ սերունդներին:

Արաքսյա Սահակյան

3-րդ  կուրս

Կիսվել