ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ՝ ՏԱՐԿԵՏՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ՝ ՏԱՐԿԵՏՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է

1727

«Տարկետում լինելու է» սկզբունքն իրականություն է դառնում»,- ՀՀ ԱԺ-ում կայացած ուսանողների և պետական պաշտոնյաների հանդիպումից հետո հայտարարեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը: Նա մանրամասնեց. «Ուղիղ եթերի ժամանակ մենք փորձեցինք հնարավորինս ցույց տալ մեր առաջին առաջարկը, որը հենց ենթադրում էր, որ առաջնահերթությունները որոշելով՝ Կրթության և գիտության նախարարությունը Պաշտպանության նախարարության հետ հաստատելու են տարկետման տեղեր։ Եթե այն ժամանակ այդ տարկետումները վերացվելու էին՝ հին օրենքով, այժմ, կառավարության որոշմամբ, պետք է որոշվեն ինչ տեղերի համար, ինչ քանակով պետք է տարկետումներ լինեն։ Դրա համար մենք ասում ենք՝ «տարկետում լինելու է»։

Մեկ շաբաթ առաջ ծրագրված հանդիպմանը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ներկայացել էին հստակ առաջարկներով: Ուսանողները կառավարությանն առաջարկեցին մշակել տարկետման իրավունքի տրամադրման այնպիսի ճկուն քաղաքականություն, որը հնարավորություն կտա ուսանողներին տարկետման իրավունք ստանալով՝ ապահովել ուսումնառության անընդհատությունը, գիտության և կրթության զարգացումը և բացառել կոռուպցիոն երևույթները: Հետո «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերին զուգահեռ ծառայության մի նոր տեսակ ներկայացրին, որը հնարավորություն կտա բակալավրիատում ուսումնառության չորս տարիների ընթացքում ընդհատումներով ծառայել մեկուկես տարի, իսկ մյուս կես տարին ծառայել մագիստրատուրայի ընթացքում։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողների խոսքով՝ այս երկու փոփոխությունները կբացառեն ոլորտի կոռուպցիան և բանակ զորակոչված ուսանողներին գիտությունից չկտրվելու հնարավորություն կտան:

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ուսանողներին հայտնեց, որ գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ուսանողին գիտական աշխատանքից չկտրելու հարցն այսօր քննարկման փուլում է և ինքնախաբեությամբ չզբաղվելու կոչ արեց. «Մեր նպատակը չէ տեսնել, թե ով ցանկություն ունի փիլիսոփայությամբ զբաղվել, սենյակ տանք, ասենք՝ նստի, դու վաղվանից փիլիսոփայությամբ կզբաղվես, բայց պետք է առանձին մտածել, թե ինչպես ներգրավել փիլիսոփաներին, որ փիլիսոփայությունը՝ որպես գիտության ուղղություն, չտուժի այն մարդկանց մոտ, ովքեր այդ ճանապարհին մեծ արդյունքների կարող են հասնել: Դուք երևի ծառայության նկատմամբ ուրիշ պատկերացում ունեք։ Խրամատում, բլինդաժում, զորանոցում հնարավոր չէ գիտությամբ զբաղվել, բայց մենք քիչ թվով երիտասարդների մասին ենք խոսում և պատրաստ ենք նրանց համար ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք ոչ թե ջերմոցային պայմաններում անցնեն իրենց ծառայությունը, այլ գիտությամբ կարողանան զբաղվել»:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև ՊՆ-ի առաջարկած «Պատիվ ունեմ» ծրագիրը, որով պայմանագրային զինծառայության գնացող սպաներին պետությունն առաջարկում է 260 000 աշխատավարձ, մինչդեռ գիտության մեջ մնալով՝ նրանք առավելագույնը 80 000 դրամ աշխատավարձ են ստանալու` որպես գիտաշխատող։ Դավիթ Պետրոսյանն այս հարցում իշխանությունների խոսքի և գործի մեջ հակասություն է տեսնում. «Անընդհատ ասվում է, որ պաշպանության ու կրթության ոլորտները փորձում են իրար չհակադրել, բայց փաստացի առաջնահերթություն է տրվում պաշտպանական ոլորտին»:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հակադարձեց, որ ծառայության և գիտության մեջ հակասություն չկա և խնդիրն այդտեղ արհեստական է. «Դժվար է միանշանակ կանխատեսել` 18 տարեկան երիտասարդը կդառնա՞ գիտնական, թե՞ ոչ, ուստի յուրաքանչյուրը պետք է կատարի հայրենիքի նկատմամբ իր պարտքը»:

Քննարկման ավարտին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախաձեռնության անդամներին հորդորեց իրենց առաջարկությունները 2 շաբաթվա ընթացքում գրավոր ներկայացնել ՊՆ և ԿԳՆ` ԱԺ-ի անունից խոստանալով աջակցել ուսանողների բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կոչված են նպաստելու իշխանությունների նախաձեռնած բարեփոխումներին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ-ն 86 «կողմ», 6 «դեմ» հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:

 

Նորայր Շողիկյան

2-րդ կուրս

Կիսվել